Կոմիտասի Ծննդեան 150-ամեակին Առիթով - Հայերէն
23 Aralık 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Քաղոց / Օր : Ծմակ / Ժամ : Աղջամուղջ

Հայերէն :

19 Mart 2020  

Կոմիտասի Ծննդեան 150-ամեակին Առիթով -

Կոմիտասի Ծննդեան 150-ամեակին Առիթով Կոմիտասի Ծննդեան 150-ամեակին Առիթով

Երգահան, խազագէտ, Հայաստանի երգահաններու միութեան վարչութեան անդամ, սակայն այս պարագային, ամենակարեւորը, հմուտ կոմիտասագէտ եւ կոմիտասեան երաժշտութեան ընտիր մեկնաբան Արթուր Շահնազարեանի ծննդեան 60-ամեակը կը զուգադիպի Մեծն Կոմիտասի ծննդեան 150¬ամեակին: Այս երախտաշատ երաժշտագէտի բերած նպաստն ու վաստակը կոմիտասագիտութեան մէջ այն խորն է, ընդարձակածաւալ ու խիստ մասնագիտական, որ դուրս կու գայ մեր կարողութեան սահմաններէն: Յատուկ երաժշտագէտներ պէտք են գնահատելու եւ արժեւորելու Շահնազարեանի կոմիտասեան ուսումնասիրութիւնները: Այս տարի` թէ՛ սփիւռքի, թէ՛ հայրենիքի մէջ մեծ շուքով նշուեցաւ Կոմիտասի ծննդեան 150-ամեակը. իսկ բազմահմուտ, այս կոմիտասաբանը, ամէն տարի, նոյնիսկ ամէն օր, կրնանք ըսել, որ կ՛ապրի ու կը շնչէ կոմիտասեան ժողովրդական երաժշտութեամբ ու կը շարունակէ նորանոր ծալքեր բանալ անոր ստեղծագործական կեանքին մէջ:

Ստորեւ կու տանք երկու հատուած` իր «Կոմիտաս» հատորէն, որոնք թէ՛ նորութիւն են մեր ընթերցողներուն համար եւ թէ՛ ուսանելի միաժամանակ:

Մ. Ծ.



Խազերի Բանալին

Կոմիտասը շարունակում էր գրեթէ ամէն օր զբաղուել խազերի խնդրով: Իւրաքանչիւր աննշան թուացող տեղեկութիւն մի բան յուշում էր եւ մի բան աւելացնում կատարուած աշխատանքին: Այդ իսկ պատճառով նա համառօտօրէն ցանկանում էր ստանալ արդէն յիշատակուած ձեռագիրը Կեսարիայից, որը վերագրւում էր Գրիգոր Գապասաքալեանին: Դեռեւս 1885 թուականին այդ ձեռագրից հատուածներ էր տպագրել Տրդատ Պալեանը «Հանդէս Ամսօրեայ»¬ում, եւ այդ ժամանակից ի վեր հանգիստ չունէր Կոմիտասը, նա դեռեւս Պերլինում ուսանող եղած ժամանակ դիմել էր` ստանալու համար այդ ձեռագիրը:

Հիմա էլ` 1909 թուականի յունուարին, խնդրում է կաթողիկոսին` հարցին լուծում տալու համար. «Արդ, Ամենապատիւ Տէր իմ, Կեսարիոյ Սուրբ Դանիէլ վանքի ձեռագրերի մէջ Տրդատ սրբազան Պալեան գտել էր ուղիղ 14 տարի առաջ մի կանոնագիրք հայ խազաբանութեան մասին: Անմիջապէս դիմեցի եւ խնդրեցի, որ կա՛մ ուղարկէ, կա՛մ արտագրել տայ եւ կա՛մ լուսանկարել տայ իմ հաշուին: Սակայն ի զարմանս ստացայ մի գիր, որով առաջարկում էր ինձ վճարել 300 ռուբլի եւ ձեռք բերել այդ նորագիւտ ձեռագիրն` իբրեւ սեփականութիւն: Ես ի վիճակի չէի մի այդպիսի ապօրէն գործ կատարելու, ուստի մինչեւ օրս, ուղիղ 14 տարուան ընթացքում արածս բոլոր յուսադրող դիմումներն ապարդիւն անցան` այդ ձեռագիրը ձեռք բերելու եւ ուսումնասիրելու համար: Ոչ ոք չհասկացաւ այն դառը կսկիծը, որ ես զգացի: Դիմեցի նոյնիսկ հանգուցեալ հայրապետին, բայց անտարբերութեամբ վարձատրուեցայ:

Կատարելապէս վստահ Ձերդ Տիրութեան վրայ, խնդրում եմ, հրամանագրել տաք, որ այդ ձեռագիրն ուղարկուի ինձ` գոնէ արտագրելու համար:

Միակ ցանկութիւնս եւ բուռն փափաքս է` բանալ այն վարագոյրը, որով ծածկուած են մեր հին ու բնիկ եղանակները` մեր սրտի եւ հոգու առաջ: Երբ այդ ձեռագիրն անցնէ ձեռս, ունեցածս օրէնքների վրայ անշուշտ աւելանալու են նորերը, որոնք աւելի դիւրութիւն են ընձեռելու ինձ օր առաջ հրապարակ հանելու մեր երկնային¬մաքուր եղանակները:

Մեր եղանակների գիւտը համաշխարհային երաժշտութեան համար մեծ նշանակութիւն ունի: Յոյս է եռում, որ Ձերդ Ամենապատուութեան հզօր ձայնը վերջակէտ պիտի դնէ այս տխուր¬անլուր իրականութեանը»:

Կաթողիկոսը չմիջամտեց հարցին, եւ այդպէս էլ Կոմիտասը չտեսաւ այդ ձեռագիրը, բայց առանց դրա էլ հէնց այդ ժամանակ Կոմիտասը գտաւ խազերի բանալին եւ սկսեց կարդալ պարզ դարձուածքները: Խազերի բանալին գտնելը դեռ չէր նշանակում վերծանել շարականները: Շարականները խազաւորուած էին, կարելի է ասել, երեք աստիճանով` պարզ խազերով, միջին բարդութեան խազերով եւ բարդ ու ճոխ խազերով: Ճոխ խազերով էին գրանցուած յատկապէս տաղերն ու մեղեդիները, աւելի բարդ ելեւէջներից կազմուած երգերը:

Կոմիտասը սկսել էր վերծանել պարզ խազաւոր երգերի որոշ դարձուածքներ, բայց կարեւորն այն էր, որ գտել էր բանալին` սկզբունքը: Դրան օգնեցին նաեւ Գապասաքալեանի աշխատութեան հրապարակուած մասերը:

Կոմիտասը ամէն մի նշանի մասին ի մի էր բերել եղած տեղեկութիւնները, հասկացել էր, թէ տուեալ խազը ինչ ելեւէջ է ցոյց տալիս, քանի որ մէկ խազը կարող էր պարփակել մէկից աւելի ձայն, բայց հասկանալով հանդերձ առանձին խազերի նշանակութիւնը` Կոմիտասը չէր կարողանում ստանալ երաժշտական նախադասութիւն, կապակցուած մեղեդի, մինչեւ գտաւ այն բանալին, որի միջոցով խազերը «խօսեցին»:

Ի վերջոյ Կոմիտասը յայտնաբերեց, որ խազը կարող է ցոյց տալ չորս աստիճան վեր կամ չորս աստիճան վար ձայնը, այսինքն` խազի ձայնը կամ ելեւէջը նոյն ձեւով կարող է լինել նաեւ, օրինակ, չորս աստիճան ցած, եւ վերծանելիս նայելով ընթացքին` պէտք է ընտրել երկու տարբերակից մէկը: Ի հարկէ սա դժուար է երկու խօսքով բացատրել ոչ երաժշտին. խազաբանութիւնը բարդ գիտութիւն է:

1909 թուականի մարտին Յովհաննէս Արշարունուն գրում է. «… խոստացել էի ընդօրինակել մի¬մի օրինակ հայ եւ եւրոպացի նիշերով սուրբ պատարագի միաձայն այն երգեցողութիւնը, որ այդ գործածական է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Արդէն մաքուր պատրաստ էր հայ նիշերով ամբողջապէս եւ եւրոպացի [նիշերով] մասամբ, երբ 16 տարուան աշխատանքս պտուղ տուաւ: Գտայ մեր հին խազերի հիմնական բանալին եւ սկսայ կարդալ պարզ խազերով գրուածներ [հոգեւոր եղանակները: Քանի որ այսքան տարիներ համբերել ենք]: Արդ, պիտի խնդրեմ, որ միաժամանակ կրկին շարունակուի սովորական երգեցողութիւնը, եւ երբ բոլորովին հրապարակ ելնէ մեր հանճարեղ նախնեաց հոգեբուխ երաժշտութիւնը, այն ժամանակ աւելի յարմար է ընդհանուր պատուիրագիր յղել հայ եկեղեցիներին, որ մեր անձնուրաց նախնեաց հզօր արիւնով շաղախուած սուրբ տաճարների հաստահիմն կամարների տակ թող վերստին հնչեցնեն մեր պարզ ու վսեմ հոգեւոր ազգային եղանակները»:

Աւելի ուշ Արշակ Չոպանեանին գրած նամակից տեղեկանում ենք, որ խազերի բանալին Կոմիտասը յայտնագործել է 1909 թուականի ձմրանը. «Այս ձմեռուան աշխատանքներս խիստ արդիւնաւէտ եղան. գտայ հայոց հին խազերի բանալին եւ սկսայ կարդալ պարզ եղանակները: Այս ամառն ուզում եմ մի քանի շաբաթով նախքան հայրենիք գնալս անցնեմ Երուսաղէմ, մի քանի կարեւոր ձեռագիր եւս ուսումնասիրեմ, որ գործն շտապով առաջ տանեմ»:

Մրցոյթ Թիֆլիսում

Կոմիտասը հրաւիրուեց Թիֆլիս` Ներսիսեան դպրոցի երգչախմբով Միջազգային եկեղեցական երաժշտական փառատօն¬մրցոյթին մասնակցելու:

Այս մրցոյթին էին պատրաստւում ռուսական, վրացական եւ այլ ազգերի երգչախմբեր: Պատրաստուելու համար քիչ ժամանակ կար:

Կոմիտասը գրում է. «Կարո՞ղ ես երեւակայել, որ մեր հայ բաժինը պատրաստեցի մէկ օրուան մէջ` 14 ժամ զբաղուելով Ներսիսեան դպրոցի խմբի հետ, որոնք բերան բանալ անգամ չգիտէին: Վերջին րոպէին հեռագրով կանչեցին, իբր թէ խումբը պատրաստ է, եւ ես միակն կառավարելու եմ, զի վարժապետը հիւանդացել է: Գնացի, տեսայ, որ ոչինչ չեն արել, հոգիս բերանս հասաւ պատրաստելու համար: Նեարդերս խիստ լարուել են, աշխատանքներս մասամբ ընդհատել եմ, դեռ ցարդ հիւանդի պէս եմ, սպասում եմ Վեհի գալստեան, որ հայրենիքս գնամ, մի քանի ամիս ջերմուկներում հանգստանամ»:

Երգչախմբի սաներից շատերը չքաւոր ընտանիքի զաւակներ էին եւ առաջին անգամ էին տեսնում օփերայի թատրոնի զարդարուն փառահեղ շէնքը, թատրոնի ներսում կարգադրութիւններ անող իշխանուհիներին ու գեներալներին: Շքեղ հագնուած կանայք ու տղամարդիկ ճնշող տպաւորութիւն թողեցին երգչախմբի անդամների վրայ, եւ, ըստ երեւոյթին, նրանք էլ ճնշող տպաւորութիւն թողեցին շրջապատի վրայ իրենց խայտաբղէտ եւ հասարակ հագուստներով, մինչդեռ միւս երգչախմբերի հագուստները կարուած էին թանկարժէք կտորներից: Երեւի այս ամէնի հետեւանքն էր, որ միւս երգչախմբի անդամներին հիւրասիրեցին կաթով, թէյով, խմորեղէնով ու քաղցրաւենիքով, իսկ նրանց վրայ ուշադրութիւն չդարձրին, ծրագրում էլ հայերի ելոյթը զետեղեցին որպէս վերջին համար:

Մրցոյթն սկսուեց:

Հերթով երգեցին բոլոր երգչախմբերը, եւ վերջում հերթը հասաւ հայկական երգչախմբին: Սաները, ասես` հիփնոսացած, նայում էին իրենց ղեկավարին եւ զգացողութեամբ այնքան միասնական էին, որ կարծես միաժամանակ էին թարթում աչքերը:

Առաջին համարը երգուած է: Դահլիճի որոտընդոստ ծափերը նման էին ռումբի անսպասելի պայթիւնի:

Այսպէս շարունակուեցին յաջորդ համարները, եւ ունկնդրի հրճուանքն ու բացագանչութիւնները վերածուեցին օվացիայի:

Ելոյթից յետոյ բազմութիւնը դահլիճից խուժեց բեմ: Ոչ միայն մեծարում էին Կոմիտասին եւ շնորհաւորում, այլեւ ուշադրութեան արժանացրին խմբի բոլոր անդամներին, համբուրեցին երգիչներին եւ հիւրասիրեցին քաղցրաւէնիքով, իսկ յետոյ բոլորին հրաւիրեցին ճաշկերոյթի: Կոմիտասի կողմից երկու շաբթուայ ընթացքում պատրաստուած խումբը հոգեւոր երգերի մրցոյթում առաջին տեղը:

Համերգից յետոյ կոմս Վորոնցով¬Դաշկովը եւ կոմսուհին շնորհաւորում են Կոմիտասին եւ զրուցում հայ երաժշտութեան շուրջ: Կոմիտասը գրում է. «… կանչել էին Տփղիս` հայկական համերգները վարելու. մէկն ի ներկայութեան փոխարքայի, որ յատկապէս եկած էր իմ եւ խմբի հայ ժողովրդական երգերը լսելու իր ամբողջ շքախմբով` յօգուտ հայոց Կովկասի Բարեգործական ընկերութեան, եւ երկրորդը` արքունի թատրոնում` միջազգային եկեղեցական երաժշտութեան համերգի հայ բաժինը ղեկավարելու` յօգուտ ռուս վերջին պատերազմների ժամանակ ընկած զինուորների չքաւոր ընտանեաց. երկուսն էլ յաջող եւ գովական անցան. մանաւանդ երկրորդի մէջ մրցման հանդիսից նախապատիւ եղան հայ խումբը, որ բաղկացած էր Ներսիսեան հոգեւոր դպրանոցի սաներից` թուով մօտ 80 հոգի: Փոխարքան ինձ իր առանձին ուշադրութեան արժանացուց. կանչեց իր մօտ, ծանօթացուց իր կոմսուհու հետ եւ խօսակցեցանք. 20 րոպէ հայ երաժշտութեան եւ իմ կենսագրականի մասին հարց ու փորձ արաւ»:

Բացառիկ Երգեր

Կոմիտասն արդէն գրառել էր 2000-ից աւելի երգ: Գրառել էր իր ընտրութեամբ: Վաղուց փորձում էր այդ ամէնի միջից էլ առանձնացնել ընտրագոյնը: Իր մօտ եկող-գնացողի համար իրար յետեւից երգում էր զանազան երգեր եւ խնդրում նշել, թէ ամէնից շատ որ երգերն են հաւանել: Իր նման իմացութիւն, ճաշակ ու հանճար ունեցող մարդու համար նոյնիսկ դժուար էր ընտրելը, քանի որ բոլոր երգերն իր հարազատ զաւակներն էին: Հնարաւորութեան դէպքում կարելի է հատորներով տպագրել հարիւրաւոր երգեր, եւ ցանկացողը կ՛ընտրի իր համար, բայց, առաջին, հնարաւորութիւն չկայ դրա համար, երկրորդ` այդ դէպքում միայն մասնագէտները կարող են օգտուել, երրորդ` հարկաւոր է տարածել ընտրուած երգերը Հայաստանով մէկ, նաեւ աշխարհին է պէտք ներկայացնել օրինակներ, եւ որ ամենակարեւորն է` պէտք է ունենալ չափանիշներ, որոնք անշփոթելի կերպով կ՛արտայայտեն հայ երաժշտութեան բուն էութիւնը: Բոլոր երգերը գեղեցիկ էին ու անկրկնելի, իւրաքանչիւր երգ մի իւրայատուկ նկար էր, որ պարփակում էր աննման զգացում, բայց առանձնանում էին այն երգերը, որոնց մէջ կար նաեւ մի ուրիշ բան` անսահմանութիւն, եւ նոյնիսկ մի քանի անգամ կատարելուց կամ լսելուց յետոյ դժուար էր ասել, թէ այդ երգը ընկալուեց, ճանաչուեց. ամէն անգամ մի նոր բան էր բացայայտւում, եւ վերջ չունէր դա. որքան խորանում ես, տակը չի երեւում: Եւ կային հրաշալի երգեր, որոնք հէնց այն էին, ինչպէս լսւում ու ընկալւում էին: Կոմիտասը նկատեց, որ թէպէտ մարդկանց ճաշակները տարբեր են, սակայն կան երգեր, որ միշտ ամէնքի կողմից անխտիր առանձնացնում են: Այսպիսով, հայ երաժշտութեան լաւագոյն գիտակը կրկին ու կրկին ստուգում էր արդիւնքը: Առանձնացուած երգերից իւրաքանչիւրը կարծես լինէր մի մայր օրինակ, որ ծնունդ է տուել հարիւրաւոր երգերի, եւ որի ելեւէջները մնացել են որպէս մի նախաստեղծ նիւթ, որի մէջ խտացուած ու թաքուն ամփոփուած են իրենից ծնուած բոլոր երգերի էութիւնները: Այդպիսի երգերից է` «Չինար ես»-ը:

«Չինար Ես»

Սիրոյ երգ է «Չինար ես»-ը, խորհրդաւոր է այս երգը: Կարծես հերկած դաշտերի միջով մանրիկ-մանրիկ քայլերով անվերջ հեռանում է աղջիկը, գնում է, գնում ու հորիզոնից այն կողմ չի անցնում… Եւ միւս ծայրից կանչում է տղան, կանչում է լուռ ու խոր` չհնչած ելեւէջով, խաղաղ ու անսահման շնչով. վաղորդեան ցօղը վրան` դողում է վարդի թերթը, եւ կանչող ելեւէջը ծնւում է տիեզերքի այն ափից, որ հէնց սիրոյ տունն է, չէ, սիրոյ տաճարը չէ, ինչպէս ասում են, սիրոյ վեհապանծ ու ցոլարձակող տաճարը չէ, գետնափոր պարզ տուն է` հողին ու քարանձաւին ձուլուած, եւ չի էլ նկատւում, թէ այնտեղ հէնց սիրոյ բոյնն է, տիեզերքի մայր խորքերում թաքնուած… Եւ այնտեղից ալիք-ալիք, խաղաղ ու վախի հասնող խորհրդաւորութեամբ հասնում են հնչիւնները ու անդադար կանչում մանրիկ-մանրիկ քայլերով անվերջ հեռացող աղջկան: Ու այս ամէնը թօթովում է հողեղէն բարբառը.




Չինար ես, կեռանալ մի,
Եար, եար, եար.
Մեր դըռնէն հեռանալ մի.
Եար, եար, եար.
Եար, նա նայ, նայ, նայ, նայ, նայ…

Եար, քո աստուած կը սիրես,
Եար, եար, եար.
Հեռու ես, մոռանալ մի:
Եար, եար, եար:
Եար, նա նայ, նայ, նայ, նայ, նայ…

Ձեր բաղի դուռը բաց ա,
Ոտներըս շաղով թաց ա.
Ինձանից հեռացել ես`
Աչքերս լիքը լաց ա:

Էս գիշեր երազ տեսայ,
Հերկերըս վարած տեսայ,
Ամօթ քեզի, այ տըղայ,
Քո եարը տարած տեսայ:

Հայաստանում սովետական կարգեր հաստատուելուց յետոյ Պետերբուրգից հայրենիք վերադարձաւ մեծակտաւ սիմֆոնիք գործերի հեղինակ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարեանը: Երբ նա ծանօթացաւ կոմիտասեան երգերին, ապշեց, մի՞թէ հնարաւոր է, որ գիւղերում նման բաներ երգեն, եւ համոզուելու համար նա անձամբ շրջեց հայկական որոշ գիւղերով, բայց չլսեց «Չինար ես»-ի նման երգեր: Վերադարձաւ եւ ասաց ռուսերէն. «Կոմիտասը մեծ միստիֆիկատոր է»: Եւ ի հարկէ, Սպենդիարեանը չէր լսի նման երգ, դա նման է այն բանին, որ մարդը կարթը գցի ովկիանոս եւ որսայ գիտութեանն անյայտ մի հազուագիւտ ձուկ: Նման բացառութեան հանդիպելու համար առնուազն պիտի լինես բացառիկ ձկնորս կամ յոյսդ դնես պատահականութեան վրայ: Բացի այդ, «Չինար ես» երգողը չի էլ երգի, եթէ նրան կանչեն նշանաւոր կոմպոզիտորի մօտ երգելու յանձնարարականով:

Սպենդիարեանի նման կարող էք գիւղերով շրջել նաեւ մի հնագէտ, այստեղ-այնտեղ փորել տար, քան չգտնէր ու յայտարարէր, թէ Հայաստանում հողի տակ թաքնուած հնավայրեր չկայ: Բայց Սպենդիարեանին կարելի է հասկանալ, չէ՞ որ ողջ կեանքը գիւղերով շրջած, երգերին «դարանակալած» Կոմիտասին մէկ անգամ է միայն հանդիպել «Չինար ես»-ը` ի տարբերութիւն շատ ուրիշ երգերի, որ ամէնուրեք երգւում էին:

Հետագայում Կոմիտասը «Չինար ես»-ը գրեց ձայնի եւ դաշնամուրի համար, նա ստեղծեց մի նուագակցութիւն, որ երգի բնօրինակի գրանցման շարունակութիւնն էր, արտայայտում էր երգի ներքին ալիքները, որոնք գալիս են շատ հեռուից. դա այն է, ինչը չի երեւում միաձայն երգի նոթագրութեան մէջ, բայց Կոմիտասը տեսել է երգողին այդ ալիքների հետ, լսել է կենդանի ձայնի յուզական ալիքը եւ գիտի, թէ ինչ կայ թաքնուած մերկ նոթագրութեան յետեւում: Եւ երգն ու նուագակցութիւնը միասին միաձոյլ մէկ երգ են. չկայ այն մօտեցումը, թէ հնչում է երգը, եւ երգին նուագակցում են, այլ նուագակցութիւնը ճիշդ նոյն երգն է, բայց ոչ թէ մեղեդին է, այլ երգի այն խորախոր բոյնն է, որտեղից ծնւում է երգը:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+