02 Kasım 2016
Համշէնցիների պատմութեան մասին առաջին յայտնի յիշատակութիւնները պատկանում են հայ հոգեւորականներ Ղեւոնդին եւ Յովհան Մամիկոնեանին: Այդ երկու հեղինակների կողմից յիշատակւում է Համամի առաջնորդութեամբ կատարուած մի գաղթի մասին: Սակայն այդ գաղթի ճանապարհի եւ թուականի վերաբերեալ խառնաշփոթ կայ: Ղեւոնդի համաձայն, գաղթը կատարուել է 789-790 թուականների ընթացքում: Այդ տարիներին ապրած Եսայի կաթողիկոսի, արաբ ոստիկան Օպայտուլլահի եւ բիւզանդական կայսր Կոստանդին 4-րդի անունների յիշատակումը հաստատում է այդ տարեթիւը: Իսկ Յովհան Մամիկոնեանը յայտնում է, որ այդ գաղթը կատարուել է վերոնշեալ տարեթուից 160 տարի առաջ, այսինքն` 626 թուականին:
Համշէնի պատմութեանն անդրադարձած թուրք, հայ կամ արտասահմանցի գրեթէ բոլոր պատմաբանները վկայակոչում են այդ գաղթի մասին: Բոլորի կողմից ընդունուած տեսակէտ է նաեւ, որ այդ գաղթն իրականացրած հանրութիւնը Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ է եղել: Սակայն բանավէճի առարկայ է Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ եղած այդ խմբի էթնիկական կազմի հարցը: Թուրք պատմաբանները համշենցիների նախահայրը եղած Ամատունիներին համարում են տուեալ ժամանակաշրջանում քրիստոնէութիւն ընդունած թուրքեր: Համշէնի պատմութեան այդ դարաշրջանը փաստագրելը բաւականին բարդ է եւ դուրս է սոյն յօդուածի թեմայի շրջանակներից:
Համշէնցիները Օսմանեան Դարաշրջանում
Մինչեւ Օսմանեան կայսրութեան կողմից 1461 թ. Տրապիզոնի եւ շրջակայ տարածքների գրաւումը` Համշէնում բնակուող մարդիկ Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ, հայերէն խօսող եւ իրենց հայ համարող անձինք էին: Սպերի պէյերի հետ նրանց առնչութիւններից ելնելով` կարելի է ենթադրել, որ նախքան օսմանեան ժամանակաշրջանը եւս այստեղ գրանցուել է սահմանափակ իսլամացում: Սակայն աղբիւրները ցոյց են տալիս, որ այդ իսլամացումը զանգուածային բնոյթ չի կրել: Օսմանեան փաստաթղթերի շնորհիւ հնարաւոր է հետեւել սոյն շրջանի ժողովրդագրական պատկերի փոփոխմանը: Օրինակ` 1530 թ. Բալա եւ Զիր (Զիլ, «Ակունք»-ի խմբ.) ամրոցներում աշխատող 70 մահմետականների բացի, մնացած բնակչութեան 68 տոկոսը քրիստոնեայ էր, իսկ 32 տոկոսը` մուսուլման:
1681 թ. Համշէնում հայերի տների թիւը 870 էր, իսկ մուսուլմաններինը` 209: Հայ բնակչութեան յարաբերակցութիւնը 80 տոկոս էր:
1842 թ. Համշէնում հայ տղամարդկանց թիւը 99 հոգի են կազմել:
Իսկ 1914 թ. Աթինայում (Փազարն ու Համշէնը` ներառեալ) ընդամէնը 28 հայ տղամարդ էր ապրում:
Բնակչութեան մասին տուեալները ցոյց են տալիս, որ Համշէնի բնակիչները 18-րդ եւ 19-րդ դարերում զանգուածաբար իսլամացուել են: Լա՛ւ, իսկ ինչպէ՞ս է կատարուել այդ իսլամացումը: Կարելի է ասել, որ քրիստոնեայ համշենահայերը մի մասը գաղթել է դէպի արեւմուտք, իսկ միւս մասը կրօնափոխուելով` մահմետականացուել: Հարկ է նշել, որ եղել են նաեւ մուսուլման լինելուց յետոյ տուեալ շրջանից արտագաղթած համշէնցիներ: Սխալ չի լինի նաեւ արձանագրել, որ Համշէնում մնացած բնակչութեան մեծ մասը կրօնափոխ համշէնցիներ են: Քանզի չկայ որեւէ արձանագրութիւն, որը ցոյց կը տայ, թէ Համշէնի բնակչութիւնն արմատապէս փոխուել է: Բացի այդ, չնայած որ իրենց ծագումը Համշէնին վերագրող Խոփայի եւ Բորչկայի համշէնցիները խօսում են հայոց լեզուի` Համշէնի բարբառով, սակայն ներկայում նրանց ապրած շրջաններում չկան քրիստոնեայ անցեալը յիշեցնող եկեղեցիներ կամ սրբատեղիներ: Բայց եւ այնպէս, տուեալ շրջաններում կիրառւում են հարիւրաւոր բառեր, արտայայտութիւններ եւ տեղանուններ, որոնք թէ՛ քրիստոնէութեան հետքերն են եւ թէ՛ համշէնահայերէնի ազդեցութիւնը: Այդ հանգամանքն էլ ենթադրել է տալիս, որ տուեալ խումբն իսլամաց(ու)ել է նախքան վերոյիշեալ բնակավայր գաղթելը: Հայերէնի վերաբերեալ ուսումնասիրութիւններ կատարած լեզուաբանները բացայայտում են, որ Համշէնի բարբառը հայոց լեզուի տասնեակ բարբառներից մէկն է:
Բժշկեանից տեղեկանում ենք, որ մուսուլման համշէնցիների նման` Տրապիզոն գաղթած քրիստոնեայ համշէնցիները նոյնպէս խօսել են այդ բարբառով: 1817-1819 թթ. տուեալ բնակավայրում շրջած Մինաս Բժշկեանը յայտնում է. «(Տրապիզոնի) գիւղերում եւս Հաչդուր կոչուող մանր մզկիթներ կան: Քանի որ գիւղական բնակչութիւնը Համշէնից է, իսկ քաղաքայինը` Անիից, մեծ տարբերութիւն է առկայ նրանց բարբառների միջեւ»:
Բժշկեանից բացի` Կոխը, Մառը, Ֆերուհան պէյը եւս նշում են, որ մուսուլման համշէնցիները խօսում են հայերենի մի բարբառով:
Քանի որ օսմանեան գրանցումներում միլլեթների համակարգը հիմնուած է կրօնի վրայ, չի նշւում մուսուլմանների ծագման մասին: Հետեւաբար բնակչութեան մէջ մահմետականների թուի աճը որպէս թուրքերի թուի աճ համարելը չափազանց սխալ կը լինի: Տուեալ շրջանների բնակչութեան մեծ մասի լազ, վրացի, յոյն կամ հայ բնակչութեան մահմետականացուած թոռները լինելու փաստը հաստատւում է այսօր անգամ այդ ժողովուրդների մի որոշակի հատուածի կողմից լեզուի պահպանման շնորհիւ:
Համշէնահայերի առումով բարեբախտաբար առկայ է վերոնշեալ հանգամանքը բացայայտող մի քանի փաստաթուղթ:
Օսմանեան Փաստաթղթերը
Օսմանեան կայսրութեան վերջին ժամանակաշրջանին պատկանող ներքոյիշեալ փաստաթղթերն ապացուցում են վերոնշեալը: Երկու փաստաթղթերը կապուած են իրար հետ: Առաջին փաստաթուղթը Գլխաւոր սպայակոյտի նախագահութեան չորրորդ մասնաճիւղի կողմից ներքին գործերի նախարարութեանն ուղղուած մի գրութիւն է: 1913 թ. յունիսի 1-ով թուագրուած սոյն գրութեան մէջ նշուած է.
«Տրապիզոնի վիլայեթին ենթակայ Խոփա գաւառում գտնուող Խոփայի սահմանային գումարտակի շրջանի Զուրփիճի /Եոլտերէ/, Արվալա /էշմեքայա, Չիմենլի/, Չաւուշլու, Հայկի, Զարկինա /Կիւնեշլի/, Կարճի /Հենտեք/ գիւղերի բնակչութիւնը յայտնի է Համշէն անունով եւ բաղկացած է հայ կրօնափոխ մուսուլմաններից. մնացած բնակչութիւնը կազմուած է մահմետական լազերից: Քանի որ համշենցիները միամիտ եւ անգրագէտ են, ոեւէ միսիոնար կարող է յաջող կերպով գործունէութիւն ծաւալել այնտեղ: Այդ պատճառով մեր տեղական իշխանութիւնների կողմից բնակչութեան նախազգուշացման եւ ուղեցոյց լինելու անհրաժեշտութիւնը վերին աստիճանի կարեւոր է: Այդ կարեւորութիւնը շեշտուել է Ռուսաստանի հետ սահմանային կոմիսարութեան Խոպայի գումարտակին պատկանող զեկոյցի մի պարբերութեան մէջ: Եւ մենք սոյն հարցն ուշագրաւ համարելով` ցանկանում ենք, որ անհրաժեշտն արուի այդ ուղղութեամբ»:
Այս փաստաթղթի հետ կապուած` ներքին գործերի նախարարութիւնը 1913 թ. յունիսի 3-ին 388 համարի ներքոյ մի գրութիւն է ուղարկում Տրապիզոնի նահանգապետարան.
«Ծագումով հայ, սակայն կրօնափոխ եղած եւ Համշէն անուամբ յայտնի Խոպայի սահմանային գումարտակի կողմերում գտնուող Զուրփիճի (Եոլտերէ), Արվալա (Էշմեքայա, Չիմենլի), Հայկի, Զարկինա (Կիւնեշլի), Կարճի (Հենտեք) գիւղերը միամտութեան եւ անգրագիտութեան պատճառով կարող են տրուել միսիոնարների խաբէութիւններին: Տեղական իշխանութիւնները պէտք է լուսաբանեն համշէնցիներին եւ նրանց ճիշդ ուղին ցոյց տան: Այդ անհրաժեշտութեան մասին մեզ է յայտնել մեր պաշտպանութեան նախարարութիւնը` Ռուսաստանի հետ սահմանին գտնուող մեր կոմիսարութեան գրութեան վրայ հիմնուելով եւ ուշագրաւ համարելով իրավիճակը մեկնաբանող այդ գրութիւնը: Պէտք է այդ ուղղութեամբ անել այն, ինչ անհրաժեշտ է»:
Ի՞նչ Են Նշանակում Այս Փաստաթղթերը
Սոյն փաստաթղթերը նախկինում հրապարակուել են նաեւ ընկերային ցանցերում, «Ակօս» շաբաթաթերթում եւ Ուղուր Պիրեոլի «Սեւծովեան շրջանի անհետացող ինքնութիւնը» գրքում, որը տպագրուել է «Իլեթիշիմ» հրատարակչութեան կողմից: Սոյն հրապարակումները զանազան քննարկումների տեղիք են տուել: Սակայն, մեր կարծիքով, դրանք բաւարար չափով չեն արժեւորուել: Դժբախտաբար առաւելապէս տիրապետող է եղել ոչ թէ փաստաթղթերի բացայայտած փաստերը քննարկելու, այլ դրանց արժէքը նուազեցնելու միտումը:
Սոյն փաստաթղթերն արհամարհողները հիմնւում էին այն հանգամանքի վրայ, որ դրանք մի «անգրագէտ տեսչի գործն են եղել»: Այդ ենթադրութիւնը անհիմն է, քանի որ այն տարիներին, երբ պատերազմը մօտենում էր, խելքին մօտ չէ ենթադրել, թէ այնպիսի չափազանց կարեւոր պարտականութիւն, ինչպիսին էր սահմանային անվտանգութեան հսկողութիւնը, կարող էր վստահուել մի «անգրագէտ տեսչի»: Եթէ անգամ ենթադրենք` տեսուչն անգրագէտ է եղել, ամբողջովին անհեթեթ է ասելը, թէ «այդ անգրագէտը» սուտ եւ սխալ տեղեկութիւններ է հաղորդել Գլխաւոր սպայակոյտի համապատասխան մարմնին, ներքին գործերի նախարարութեանը եւ Տրապիզոնի նահանգապետարանին:
Եթէ, որպէս առանձին քննարկման առարկայ, մի կողմ թողնենք սոյն փաստաթղթերում արտայայտուած այն մտահոգութիւնը, թէ համշէնցիները կարող են խնդիր յարուցել անվտանգութեան տեսանկիւնից, ապա դրանցում արձանագրուած ամենաէական կէտը կը մնայ համշէնական ինքնութեան բնութագրումը, ըստ որի, համշէնցիները «մահմետական դարձած հայեր են, ովքեր յայտնի են Համշէն անուամբ»: Ըստ էութեան, այդ բնութագրումը մեզ բացատրում է նաեւ, թէ ինչպէս է ի յայտ եկել Համշէն անունը` որպէս էթնիկ պատկանելիութեան անուանում:
Համշէնի` քրիստոնեայ մնացած հայերի համար Համշէն անունն առաւելապէս տեղանուն է: Նրանց համաձայն, ինչպէս որ կարելի է վանեցի, ճանիկցի կամ արդուինցի լինել, նմանապէս հնարաւոր է լինել համշենցի: Այսինքն առաւելապէս արտայայտում է համերկրացի լինելը: Այն, որ իրենց խօսած լեզուն մի առանձնայատուկ հայկական բարբառ է, ամրապնդում է քրիստոնեայ եւ մուսուլման համշէնցիների միջեւ առկայ կապը: Սակայն այդ հանգամանքը չի պարտադրում, որ քրիստոնեայ համշէնցիներն իրենց բնութագրեն որպէս հայերից առանձին ինքնութիւն ունեցող ժողովուրդ: Ծայրայեղ դէպքում նրանք իրենց անուանում են համշէնահայեր:
Սակայն մահմետական համշէնցիների դէպքում պատկերն այլ է: Մուսուլման համշէնցիների համար Համշէնը էթնիկական պատկանելիութիւն է արտայայտում: Սխալ չի լինի ենթադրել, թէ Համշէն անունն սկսել է այդ իմաստը կրել համշէնցիների մահմետականացումից յետոյ: Մուսուլման դարձած համշէնցիներն այդ ժամանակաշրջանում խուսափել են իրենց բնորոշել քրիստոնէութեան հետ նոյնացուող ինքնութիւն ունեցող հայութեամբ: Դա չափազանց հասկանալի իրավիճակ է: Սակայն մահմետական համշէնցիները միեւնոյն ժամանակ ցանկացել են շեշտել, որ իրենք իրենց լեզուով եւ մշակոյթով տարբերւում են միւս մուսուլման ժողովուրդներից` թուրքերից, լազերից, քրտերից, իսլամացած յոյներից եւ այլն: Ինչպէս երեւում է, նրանց այդ դիրքորոշումն էլ տեղիք է տուել, որ իրենց բնակավայրի անուանումն սկսեն օգտագործել իրենց ինքնութիւնն արտայայտելու նպատակով:
Յօդուածը հրատարակուել է Պոլսում տպագրուող «Գոր» ամսագրի չորրորդ համարում:
Թուրքերէնից թարգմանեց
ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆԸ