Թուրքիայի Պետական Հեռուստառատիոընկերութեան (TRT)` Պոլսում Գտնուող Ռատիոտան Տարածքն Անցեալում Հայկական Գերեզմ - Հայերէն
27 Aralık 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Քաղոց / Օր : Վահագն / Ժամ : Լուսակն

Հայերէն :

12 Ağustos 2015  

Թուրքիայի Պետական Հեռուստառատիոընկերութեան (TRT)` Պոլսում Գտնուող Ռատիոտան Տարածքն Անցեալում Հայկական Գերեզմ -

Թուրքիայի Պետական Հեռուստառատիոընկերութեան (TRT)` Պոլսում Գտնուող Ռատիոտան Տարածքն Անցեալում Հայկական Գերեզմ Թուրքիայի Պետական Հեռուստառատիոընկերութեան (TRT)` Պոլսում Գտնուող Ռատիոտան Տարածքն Անցեալում Հայկական Գերեզմանոց Էր

Թուրքիայի Պետական Հեռուստառատիոընկերութեան (TRT)` Պոլսում Գտնուող Ռատիոտան Տարածքն Անցեալում Հայկական Գերեզմանոց Էր

Թուրքիայի պետական հեռուստառատիոընկերութեան` Պոլսում գտնուող ռատիոտունը, որը քանդուել է 2005 թ., եւ որի տեղում հիւրանոց է կառուցուել, այս անգամ էլ օրակարգում է` ՄԱԿ-ի միջինարեւելեան կենտրոնը դառնալու կապակցութեամբ: Տեղեա՞կ էիք արդեօք, որ այդ ընդարձակ տարածքը, որի վրայ է գտնւում Թուրքիայի պետական հեռուստառատիոընկերութեան շէնքը, եւ որն անցեալում հայերի կողմից օգտագործուել է որպէս գերեզմանատուն, անօրինական կերպով բռնագրաւուել է հանրապետական շրջանում:

Սուլթան Սուլէյման Սքանչելի, ի նշան երախտագիտութեան իրեն մահից փրկած խոհարար Մանուկ Քարասեֆերեանի նկատմամբ, հայերին է յատկացրել այդ գերեզմանոցը: Մենք ուսումնասիրեցինք այն հարցը, թէ ինչպէս է այդ գերեզմանատունը բռնագրաւուել հանրապետական շրջանում, ինչպէս նաեւ` սոյն խնդրով յարուցուած ու տարիներ տեւած դատական գործերը, թէ ովքեր են եղել այդ գործընթացում աշխուժ դերակատարում ունեցած դիւանակալներն ու գիտնականները: Սուրբ Յակոբ գերեզմանատունը, որի վրայ այսօր կառուցուած է Թուրքիայի պետական հեռուստառատիոընկերութեան` Պոլսում գտնուող ռատիոտունը, ինչպէս նաեւ` «Հայաթ Ռիճընսի» ու «Տիւան» հիւրանոցները, դարձեալ օրակարգում է` անցեալ տարի վերանորոգուած «Տիւան» հիւրանոցի վերաբացման կապակցութեամբ:

Պատմութեան մէջ որեւէ ազգային պետութեան` նոր սկիզբ դնելու ամենայաճախ հանդիպած ձեւը պաշտօնական պատմագրութիւնը մէջտեղ հանելու եւ նախկինը հաւաքական յիշողութիւնից ջնջելու նախաձեռնութիւնն է: Նոր սահմաններ գծելուն եւ հինը չէզոքացնելուն ուղղուած այդ նախաձեռնութիւնների մէջ կիրառուող միջոցներից մէկն էլ քաղաքներն են, ինչպէս նաեւ` քաղաքային ճարտարապետութիւնը: Պատմութեան` շարունակականութեան զգացումը յարուցող վայրերը եղող «յիշատակային» տեղերն ապահովում են, որ հանրութիւնը կապ հաստատի անցեալի հետ: «Հնին» պատկանած ճարտարապետական դիմագծի ջնջումը` քաղաքի վրայից, ուղի է հարթում նաեւ դրա վերացմանը հասարակական յիշողութիւնից, անցեալի հետ հանրութեան միջեւ շարունակականութիւնը խոչընդոտելով` պատճառ դառնում, որ հասարակութիւնը «չիջնի խորքերը», չկարողանայ յիշել եւ հետեւաբար` հնարաւորութիւն չունենայ առերեսուել անցեալի հետ:

Ի նկատի ունենալով, որ Թուրքիայի` ազգային պետականացման փորձում հանրութիւնը էական դեր է խաղացել` անցեալի հետ ունեցած կապը խզելու գործում, ապա պատմութիւնը նորից վերանայելով` կարող ենք ստեղծել այլընտրանքային յիշողութեան ոլորտներ: Սոյն յօդուածը եւս գրուել է` մոռացուածը «վերակոչելով»` այլընտրանքային յիշողութեան ոլորտ հիմնելու գործում նպաստ ունենալու նպատակով:

«Տիւան» հիւրանոցը հասարակութեան` անցեալի հետ ունեցած կապը կտրելու գործառոյթ կատարած կառոյցներից մէկն է: Ընդամէնը մի քանի տարի առաջ Թաքսիմի (Պոլսի գլխաւոր հրապարակը- «Ակունք» խմբ.) զբօսայգում մեր առաջ գերեզմանաքարեր էին յայտնւում: Զբօսայգու այն հատուածը, որտեղ այսօր տեղակայուած են Զինուորական թանգարանը, Թուրքիայի պետական հեռուստառատիոընկերութեան` Պոլսում գտնուող ռատիոտունը, «Հիլթըն» եւ «Տիւան» հիւրանոցները, նախկինում հայկական գերեզմանոց էր: Սուրբ Յակոբ գերեզմանատան պատմութեանը եւ ներկայում վերաբացուած «Տիւան» հիւրանոցին անդրադառնալով` պէտք է վերյիշել, թէ ինչպէս է խորը արմատներ ունեցող անցեալն անարդարութեան զոհ դարձել: Քանզի, ինչպէս ասում է Միթհաթ Սանճարը, «Մեր կողմից մոռացութեան մատնուած շատ բաներ չեն անհետանում ընդմիշտ. դրանք մեզ սպասում են մի տեղ, որին ժամանակաւորապէս չենք կարող հասնել»:

Գրականութեան վկայութիւնը

Անհետ կորչելուն արգելք լինելու համար ամենաամուր ճիւղը, որից կարելի է բռնուել, գրականութեան վկայութիւնն է: Օրհան Փամուքը «Ճեւտեթ պէյը եւ որդիները» վէպում բերուած իր վկայութեամբ եւ քաղաքի մէջից թէեւ ջնջուած, սակայն անհետ չկորած մի դէպքի միջոցով ջանում է մեզ յիշեցնել Սուրբ Յակոբ գերեզմանատունը.

«(…) Նոր նահանգապետն ուզում էր ակումբի շէնքը քանդել տալ, ասում, թէ նրանց` դիմացը գտնուող Սուրբ Յակոբ գերեզմանոցից մի փոքրիկ հողատարածք է յատկացնելու: Թերեւս կասկածելի էր, որ կը տայ (…): Երբ խանումներից մէկն ասաց, թէ անյարմար է թենիս խաղալ նախկին գերեզմանատան վրայ, մթնոլորտը մեղմացաւ, եւ միանգամից լռութիւն տիրեց: (…) Այն խանումը, ով ասել էր, թէ նախկին գերեզմանոցի վրայ անհնար է թենիս խաղալ, խաղաղուեց, երբ իրեն յայտնեցին, որ այդ անկիւնում գտնուող հողատարածքը ոչ թէ գերեզմաններով, այլ` մի հին եկեղեցու աւերակներով է ծածկուած»:

Նոյն ձգտումը նկատելի է նաեւ Ահմեթ Ազիզի «Թող Աշքալէի ճամբորդ չմնայ» վէպում. «Իսկ նրանց հարստութիւններն սկսում են աչքի զարնել յատկապէս Ունեցուածքի հարկի տարում: Այն դէպքում, երբ շուրջը մարդկային ողբերգութիւններ էին գրանցւում, նրանք այդ տարի ուռեցին-փքուեցին: (…) Անցեալ տարի պետութեան կողմից ապասեփականացուած Սուրբ Յակոբ գերեզմանատունը եւ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին անհամապատասխան արժէքով գնելու համար այնպիսի ազդեցիկ մարդկանց են գործին խառնում, որ կ՛ապշես-կը մնաս: Փսփսոցով ասուած անունները լսելիս ապշահար եմ մնում: Մտածում եմ, որ գերեզմանոցն ու եկեղեցին շատ էժան գնով են ընկնելու»:

Յիշողութեան մէկ այլ ճիւղ էլ, որից կարելի է բռնուել, շրջանի մամլոյ օրկաններն են: Սակայն սոյն յօդուածի համար մեր ուսումնասիրած աղբիւրներում նկատեցինք, որ այն դէպքում, երբ Թուրքիայում եւ նրա սահմաններից դուրս հրատարակուած հայերէն պարբերականները լայնօրէն անդրադարձել են այս թեմային, ապա թուրքական մամուլը լուռ է մնացել: Հարկ է նաեւ նշել, որ դատական գործընթացին ամբողջութեամբ հետեւած միակ աղբիւրը Արմաւենի Միրօղլուի հեղինակած «ՓանգալթըԻ հայկական գերեզմանոցը (Սուրբ Յակոբ գերեզմանատունը)» վերնագրով յօդուածն է (հրատարակուած «Թոփլումսալ թարիհ» գիտական հանդէսի 187-րդ համարում), որը նա գրել է` հիմնուելով հայկական մամուլում տեղ գտած նիւթերի վրայ, եւ որը մենք յաճախ ենք վկայակոչել սոյն յօդուածը գրի առնելիս:

Գերեզմանատան պատմութիւնը

Սուրբ Յակոբ գերեզմանատան պատմութիւնը սկզբնաւորւում է 1560 թ. Պոլիսը համակած ժանտախտի մեծ համաճարակով: Պոլսոյ հայկական համայնքը սկսում է համաճարակի զոհերին թաղել այն ժամանակ քաղաքից դուրս համարուող Էլմատաղում, ներկայիս Սուրբ Յակոբ հիւանդանոցի գտնուած տարածքի դիմացը տեղակայուած Սուրբ Յակոբ գերեզմանատանը:

Վանեցի Մարկոս Նաթանեանի` 1929 թ. գրած նամակի համաձայն, այն հողատարածքը, որի վրայ էր գտնւում գերեզմանոցը, հայերին էր անցել օսմանեան սուլթան Սուլէյման Սքանչելիի խոհարար Մանուկ Քարասեֆերեանի շնորհիւ: Այն բանից յետոյ, երբ սուլթանը գրաւել էր Պուտան, նրան թունաւորելու համար դաւադրութիւն կազմակերպած գերմանացիները Մանուկին առաջարկում են մասնակցել դրան, որովհետեւ սուլթանը ոչ մի բան չէր ուտում` առանց նրա գիտութեան: Մանուկը մերժում է այդ պահանջը եւ հրապարակաւ յայտնում դաւադրութեան մասին: Սուլթանը ցանկանում է վարձատրել Մանուկին: Վերջինս սուլթանից գերեզմանոց է պահանջում պոլսահայերի համար: Սուլթանն էլ հայերին է տալիս Փանգալթըում (թաղամաս` Պոլսում, «Ակունք»-ի խմբ.) գտնուող մի ընդարձակ տարածք: Ըստ Նաթանեանի, այդ հողատարածքը ձգւում է Թաքսիմից մինչեւ Հարպիյէ: Վանեցի Քարասեֆերեան գերդաստանից 1808 թ. վախճանուած Յարութիւն Քարասեֆերեանը եւս, Մանուկ էֆենտու նման, թաղւում է Փանգալթըի հայկական գերեզմանոցում: Նրա գերեզմանաքարի վրայ գրւում է, որ այդ գերեզմանատունը սուլթանի ֆերմանով (կայսերական հրովարտակ-«Ակունք»-ի խմբ.) տրուել է իր նախահօրը:

1865 թ. քոլերայի համաճարակից յետոյ արդէն քաղաքի նշանաւոր կենտրոնը դարձած Բերային (թաղամաս Պոլսում-«Ակունք»-ի խմբ.) շատ մօտ գտնուող Սուրբ Յակոբ գերեզմանատանը մեռեալներին թաղելն արգելւում է: Դրա դիմաց համայնքին է յատկացւում Շիշլիի հայկական գերեզմանոցը: Սուրբ Յակոբ գերեզմանատան այն հատուածում, որը դատարկ էր մնացել, քանի որ մեռեալ չէր թաղուել այնտեղ, Ստեփան փաշա Ասլանեանի ջանքերով կառուցւում է Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին:

Սուլթան Ապտիւլ Ազիզը պահպանել է

1872 թ. Պոլսի քաղաքապետարանը փորձում է բռնագրաւել Սուրբ Յակոբ հայկական գերեզմանատունը եւ այն կցել Հարպիյէի տարածքին, սակայն սուլթան Ապտիւլ Ազիզը հաստատում է, որ գերեզմանոցի տարածքը փադիշահի ֆերմանով է տրուել հայկական համայնքին, եւ որ այն պատկանում է հայերին: 1912 թ. քաղաքապետարանը Հարպիյէ պողոտան ընդարձակելու համար ուզում է վերցնել գերեզմանոցի մի մասը: Համայնքին, ոչ թէ որպէս տարածքի գնի հատուցում, այլ միայն այնպիսի ծախսերի դիմաց, ինչպիսիք են` պատերի կառուցումը, ոսկորների եւ գերեզմանաքարերի տեղափոխումը, 15 հազար ոսկի է տրւում:

Գերեզմանատանը գտնուող «յուշարձանները»

Մարտի 31–ի դէպքից յետոյ գերեզմանոցում թաղուածները տեղեկութիւնների առանձին խառնաշփոթութեան տեղիք են տուել: 1909 թ. երբ Գործողութիւնների բանակը մօտենում էր Պոլսին, Թաշքըշլա եւ Սելիմիյէ զօրանոցներում պատնէշներ ստեղծած Աւճը գումարտակների զինուորները ուժգին դիմադրութիւն են ցուցաբերում եւ զոհւում: Նրանց դիակները թաղւում են Սուրբ Յակոբ գերեզմանոցում: «Մի զօրավարի` մարտի 31-ի յուշերը» վերնագրով գրքի հեղինակ Մուսթաֆա Թուրանը հետեւեալ կերպ է բնորոշում այդ դէպքը. «Մարտի 31-ի դէպքերի այդ խեղճ զոհերը նոյնիսկ չեն թաղուել մահմետական գերեզմանոցում, այլ ամփոփուել են հայկական գերեզմանատուն հանդիսացող Սուրբ Յակոբում»: Միւս կողմից, այդ իրադարձութեան ժամանակ մահացած Գործողութեան բանակի զինուորները եւ քրիստոնեայ կամաւորները թաղւում են մեծ շուքով: Էնվեր փաշան գերեզմանոցի մօտ ելոյթ ունենալով` ասում է. «մուսուլմաններն ու քրիստոնեաները թէ՛ կեանքում եւ թէ՛ մահից յետոյ այսուհետեւ ոչ մի ազգի եւ դաւանանքի խտրականութեան չեն ենթարկուելու եւ ի նշան հայրենասէր ընկերներ լինելու` կողք կողքի են պառկելուէ:

Մէկ այլ ենթադրութիւնն էլ վերաբերում է նրան, թէ Սուրբ Յակոբ գերեզմանոցում 1919 թ. Ցեղասպանութեան յուշարձան է կառուցուել: Ճիշդ է, որ նշեալ տարի Պոլսում այդ նպատակով մի կոմիտէ է հիմնուել, եւ ոգեկոչման մի շարք արարողութիւններ ծրագրուել: Ականաւոր հայ մտաւորական Թէոդիկը եւս ընդգրկուած է եղել այդ կոմիտէում. այդ պատճառով է նա սկսում ժողովել ու գրի առնել 1915 թ. տարուած կամ սպաննուած հայերի կենսագրութիւնները: Դժբախտաբար յայտնի չէ, թէ Թէոդիկի «Ապրիլտասնմէկեան յուշարձան» վերնագրով գրքի շապիկին ներկայացուած լուսանկարի յուշարձանը Սուրբ Յակոբ գերեզմանատան յուշարձա՞նն է, թէ՞ ոչ: Քանի որ Ռիթա Գույումճեանի գրքում, որտեղ ներկայացւում են Թէոդիկը եւ նրա հիմնած յիշեալ կոմիտէն, խօսք անգամ չկայ այդ յուշարձանի մասին, եւ քանի որ մենք այդ յուշարձանն արտացոլող ոչ մի լուսանկար չունենք, այդ տեղեկութիւնն առայժմ ընդամէնը ենթադրութեան բնոյթ է կրում:

Դատական գործն սկսում է

Պէյօղլու թաղամասի ամենաբանուկ եւ ընդարձակ պողոտայի վրայ գտնուող Սուրբ Յակոբ գերեզմանատունն ունի լայն եւ բաւականին արժէքաւոր հողատարածք: Այդ պատճառով 19-րդ դարի վերջին մեկնարկած հողատարածքի բռնագրաւման ջանքերը շարունակւում են նաեւ հնի հետ բոլոր առնչութիւնները կտրած մի նոր Պոլիս ստեղծել նպատակադրուած հանրապետութեան շրջանում:

Այդ նպատակի ուղղութեամբ 1931 թ. Պոլսի քաղաքապետարանը պնդելով, թէ տարածքը պատկանում է Սուլթան Պայազետ Վելի անուամբ մի վագըֆի, այն, միւս լքեալ գերեզմանոցների պէս, քաղաքապետարանին փոխանցելու պահանջով դիմում է Քատասթրի վարչութիւն եւ դատական գործ յարուցելով` դատական գործընթաց սկսում:

Ինչպէս նշւում է Արմաւենի Միրօղլուի յօդուածում, դրան ի պատասխան` համայնքը, Նիւթական խորհրդի միջոցով անհրաժեշտ փաստաթղթերը հաւաքելով, Անգարայի Քատասթրի գլխաւոր կենտրոն է ուղարկում երկու ներկայացուցիչների, ովքեր բացատրում են, որ Փանգալթըի հայկական գերեզմանատունը լքուած չէ, ընդամէնը ժամանակի ընթացքում, առողջապահական նկատառումներից ելնելով` այնտեղ արգելուել է մեռեալներին թաղել: Թէեւ այդ տարեթուից յետոյ բազմիցս յայտնում են, թէ արձանագրուել է, որ այդ հողատարածքը հայկական համայնքի սեփականութիւնն է, եւ այդ պատճառով այն չեն բռնագրաւի, սակայն Քատասթրի կենտրոնը Պոլսի Քատասթրի վարչութեանը հրամայում է տարածքը գրանցել քաղաքապետարանի անունով:

Տուեալ ժամանակաշրջանի պատրիարք Մեսրոպ Նարոյեանը հետեւում է դատական գործընթացին` որպէս հայկական համայնքի ներկայացուցիչ, եւ` ներգրաւում գործում: Երբ քաղաքապետարանը, Սուրբ Յակոբ գերեզմանատունը բռնագրաւելուց բացի, կալանք է դնում նաեւ գերեզմանոցին պատկանող անշարժ գոյքերի եկամուտների վրայ, պատրիարք Նարոյեանը եւ փոխանորդ Գէորգ Թորգոմեանը, գերեզմանոցի լքեալ չլինելու հիմքով, պատրիարքարանի անունից դատական գործ են յարուցում քաղաքապետարանի դէմ: Պատրիարքարանի փաստաբաններ Մաքսութ Նարլըեանը եւ Նեճաթի պէյը պահանջում են, որպէսզի թոյլ չտրուի, որ գերեզմանատունը պաշտօնապէս անցնի քաղաքապետարանին, քանի դեռ դատարանը դատավճիռ չի կայացրել: Քանի որ դատական գործն ընթացքի մէջ էր, դատարանն ընդունում է այդ պահանջը` քաղաքապետարանի` տարածքը ուշ ձեռք բերելու պատճառով ի յայտ գալիք միւս կորուստների դիմաց 20 հազար լիրայի չափով երաշխաւորագիր ցոյց տալու պահանջով:

Այդ որոշումից անմիջապէս յետոյ քաղաքապետարանի դատապաշտպանները պնդում են, թէ Թուրքիայում հայկական համայնք եւ որեւէ հայկական պատրիարքարան գոյութիւն չունի, քանի որ նախարարների խորհրդի` 1915 թ. յուլիսի 19-ին ընդունած որոշման համաձայն` հայոց պատրիարքարանն աքսորուել եւ փոխադրուել է Երուսաղէմ: Նրանց նպատակն է լինում ապացուցել, թէ պատրիարք Նարոյեանը համայնքի անունից դատական գործ յարուցելու իրաւունք չունի: Պատրիարքարանի փաստաբանները, գերեզմանատան դատական գործը մի կողմ դնելով, ստիպուած են լինում դատարանին ներկայացնել հայկական համայնքի գոյութիւնը հաստատող ապացոյցներ: Պատրիարքութեան եւ պատրիարքարանի կանոնադրութիւնը հաստատելը ցոյց տուող մի որոշմնագիր, որը թուագրուած է լինում 1915 թ. հոկտեմբերի 18-ով, հերքում է քաղաքապետարանի դատապաշտպանների առարկութիւնները, եւ դատարանը, քաղաքապետարանի պահանջները մերժելով` ընդունում է, որ պատրիարքարանն իրաւունք ունի դատական գործ յարուցել: Այդպիսով, հաստատուած է լինում, որ Թուրքիայում առկայ է իրաւաբանական անձանց բոլոր իրաւունքներն ունեցող հայկական համայնք, եւ գոյութիւն ունի կրօնական հաստատութիւնների անունից իրաւունքի տէր, հոգեւոր առաջնորդ Նարոյեանը:

Ահմեթ Ռեֆիքի «դատողութիւնը»

Դատարանը պահանջում է, որ սահմանուեն սուլթան Պայազետ Վելի վագըֆի սահմանները, եւ նշանակում է չորս մասնագէտներից բաղկացած մի յանձնաժողով, որի կազմում են ընդգրկւում նաեւ պատմաբան Ահմեթ Ռեֆիք Ալթընայը (Ահմեթ Ռեֆիքը հայ հանրութեանը յայտնի է առաւելապէս «Երկու կոմիտէ, երկու ոճիր» գրքով-«Ակունք»-ի խմբ.) եւ Պոլսի հնագիտական յուշարձաններ թանգարանների տնօրէն Ազիզ Օկանը: Ալթընայը պնդելով, թէ գերեզմանատան` հայերին պատկանած լինելը ցոյց տուող փաստաթղթերը կեղծ են, «գիտական» ճանապարհներով նշում է, թէ հողատարածքը հանդիսանում է սուլթան Պայազետ Վելի վագըֆի սեփականութիւնը:

Այդ գործընթացում Թուրքիայի մամուլում մեծանում է ուշադրութիւնը` Սուրբ Յակոբ գերեզմանատան դատական գործի հանդէպ: Հրապարակուած լուրերում, ընդհանուր առմամբ, դրուատանքով է խօսւում, որպէս պատմաբան, դատական գործում ներգրաւուած Ալթընայի մասին: Վերջինս «Աքշամ» պարբերականին մի հարցազրոյց է տալիս` Սուրբ Յակոբ գերեզմանոցի դատական գործընթացի վերաբերեալ: Նա սոյն հարցազրոյցում, որում ներկայացնում է դատական գործի համար իր պատրաստած զեկոյցի պատմական հենքը, հետեւեալ խօսքերով է յայտնում պատրիարքարանի փաստաբան Նեճաթի պէյի կողմից դատավարութեան ժամանակ յիշատակուած ամրոցի մասին տեղեկութիւնների թերի լինելու փաստը. «Թուրքն ամէն ինչ կ՛աւերի, բայց իր իսկ կառուցած ամրոցը` երբեք»:

«Յայտնի» վերջը

Մասնագէտների պատուիրակութիւնը կատարած ուսումնասիրութիւնների հիման վրայ կազմուած զեկոյցում նշում է, թէ գերեզմանոցի հողատարածքը պատկանում է սուլթան Պայազետ Վելի վագըֆին: Վագըֆների վարչութիւնում կայացած ժողովում Ահմեթ Ռեֆիք պէյը օրինակներ է բերում այն փաստաթղթերից, որոնցում առաջ է քաշւում այն «փաստը», թէ տարածքը պատկանում է սուլթան Պայազետ Վելի վագըֆին եւ տեղեկութիւններ հաղորդում վագըֆի սահմանների մասին:

1933 թ. Պոլսի դատարանը, այդ զեկոյցի վրայ հիմնուելով, Սուրբ Յակոբ հայկական գերեզմանատունն ընդունում է որպէս լքեալ գերեզմանոց եւ որոշում տարածքը յանձնել քաղաքապետարանին: Ահմեթ Ռեֆիք Ալթընային մի տուն է յատկացւում` «միլիառների արժէք ունեցող նպաստի» համար:

Այդ ընթացքում Սուլթանահմեթ թաղամասում գտնուող Արդարադատութեան շէնքը, որտեղ եւ գտնւում էին դատական գործին առնչուող բոլոր փաստաթղթերը, մէջտեղից վերացւում է` 1933 թ. դեկտեմբերի 3-ին բռնկուած հրդեհի պատճառով: Դրա պատճառով Սուրբ Յակոբ գերեզմանատան դատական գործը յետաձգւում է, մինչեւ որ դատարանները վերստին գործեն: Մինչդեռ, ինչպէս յայտնում է Արմաւենի Միրօղլուն, այդ բոլոր վաւերագրերի մէկական օրինակները պահպանւում են նաեւ Քատասթրի վարչութիւնում եւ քաղաքապետարանում:

1931 թ. մարտի 1-ին վերսկսուած Սուրբ Յակոբ գերեզմանատան դատական գործն աւարտւում է 1934 թ. նոյեմբերի 26-ին: Դատարանը, որպէս յաւելում միւս վճիռների, որոշում է, որ պատրիարքարանը պէտք է վճարի դատարանի ծախսերը եւ քաղաքապետարանի դատապաշտպանի 150 լիրայ աշխատավարձը:

Մի երկրորդ դատական գործ

Որոշ ժամանակ անց Պէյօղլուի Երեք խորան եկեղեցու ղեկավար խորհրդի նախագահ, փրոֆ. Յովսէփ Ճելալը թոյլ տրուած անօրինութիւնը վերացնելու նպատակով մի նոր դատական գործ է յարուցում` պահանջելով «նախազգուշական միջոցներ» ձեռնարկել: Դատարանն այն ընդունում է` պահանջելով, որ երաշխաւորուեն գերեզմանոցի վրայի կառոյցները եւ 10 հազար լիրայ, եւ որոշում, որ կառոյցների գտնուած այդ հատուածները մինչեւ դատական գործի հանգուցալուծումը մնան համայնքին: Սակայն քաղաքապետարանը, դատական գործընթացի աւարտին չսպասելով, կառոյցների համար սեփականութեան վկայագրեր հանել տալով` ծրագրում է վաճառել այդ տարածքները, որոնց քարտեսները պատրաստել էր տուել: Այդ ընթացքում դատարանը, որին դիմել էին հողատարածքի համար գին սահմանելու հարցով, մի յանձնաժողով է հիմնում` տարածքի 3 տարի առաջուայ եւ տուեալ պահի գնի մէջ եղած փոփոխութիւնը սահմանելու նպատակով: Երբ որոշւում է, թէ հողատարածքը գնի կորուստ է կրել, քաղաքապետարանը պահանջում է փոխհատուցում եւ 3 տարուայ վարձերի ընդհանուր վճարը:

Դրանից անմիջապէս յետոյ Քատասթրի կենտրոնական խորհուրդը վճռում է տարածքի սեփականութեան վկայականը տալ քաղաքապետարանին: Դատարանի ստեղծած վերոյիշեալ յանձնաժողովի զեկոյցում նշւում է, թէ տարածքը 3 տարուայ մէջ 124 հազար լիրայի չափով կորուստ է կրել: Քաղաքապետարանը, այդ արժէքին յաւելելով նաեւ վաճառքի ուշացումից առաջացած կորուստը, պատրիարքարանի եւ փոխանորդների դէմ յարուցում է 180 հազար լիրայի չափով փոխհատուցման դատական գործ: Ըստ լրագրող Ասըմ Ուսի ենթադրութեան, պատրիարքարանը այդ գինը վճարելու հնարաւորութիւն չունենալու պատճառով գործի մէջ է ընդգրկում Սապուր Ամի պէյին, որը ստիպում է քաղաքապետարանին հրաժարուել դատական հայցից: Սապուր Սամի պէյը դրա դիմաց ստանում է գերեզմանոցի տարածքի` պատրիարքարանի ձեռքը մնալիք մօտ 6 հազար քառ. մեթր: Նա այդ տարածքը վաճառքի է հանում Ազգային վերաապահովագրութեան վարչութեան անունից եւ այն ծախում 60 հազար լիրայով: Այդ ժամանակ գերեզմանոցի առջեւի խաչն ու ցուցատախտակն արդէն իսկ վաղուց էին վերացուել, եւ վերջինս ներկայում գտնւում է Շիշլիի հայկական գերեզմանոցում:

Գերեզմանոցը ոչնչանում է

Թէեւ վագըֆը հետագայում մի նոր դատական գործ է յարուցում` տարածքն իրեն պատկանած լինելու պնդմամբ, սակայն` ապարդիւն: Այդպիսով, քաղաքապետարանի եւ հայկական համայնքի միջեւ երկար տարիներ ձգուած սոյն խնդիրը, ներքին գործերի նախարարութեան հրամանով, վերջ է գտնւում Պոլսի նահանգապետ Մուհիթին Ուսթիւնտաղի եւ Պէյօղլուի Ուչ Հորան վագըֆի ղեկավար խորհրդից Արշակ (Ատիլ) Սուրէնեանի միջեւ կնքուած պայմանագրով (մի ժամանակ Աթաթուրքի ատամնաբոյժը եղած Արշակ Սուրէնեանը Կալաթասարայի նախկին նախագահ Ֆարուք Սիւրենի պապն է): 850 հազար քառ. մեթր տարածքն անցնում է քաղաքապետարանին, իսկ պատրիարքարանին են մնում 6 հազար քառ. մեթր հողատարածքը եւ 3200 լիրայ արժեցած դատական ծախսերը հոգալը:

Նոր Պոլսի հիմքը

Սուրբ Յակոբ հայկական գերեզմանատունը, չնայած այդ բոլոր ջանքերին եւ արդար պայքարին, 1939 թ. ամբողջութեամբ բռնագրաւում է: Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին քանդւում է, գերեզմանների տէրերին ժամկէտ է սահմանւում` գերեզմանները տեղափոխելու համար: Այնուհետեւ գերեզմանոցի վրայ սկսում են մեծ շինութիւններ տնկուել, Էլմատաղն էլ (թաղամաս Պոլսում-«Ակունք»-ի խմբ.) ստանում է իր ներկայիս տեսքը: Գերեզմանաքարերի մեծ մասն օգտագործւում է քաղաքի նախագծող Հենրի Պրոստի հեղինակած նոր Էմինոնիւի (թաղամաս Պոլսում-«Ակունք»-ի խմբ.) հրապարակի վերակառուցման եւ զբօսայգու աստիճանների կառուցման մէջ:

1939 թ. Սուրբ Յակոբ գերեզմանատան դատական գործը վերաբացւում է` որպէս իշխանութիւնների կողմից հաշիւ մաքրելու միջոց: Այդ գործընթացում հանրապետութեան նախագահ Իսմեթ Ինոնիւի կողմից գրեթէ պաշտօնազրկուած Մուհիթին Ուսթիւնտաղի դէմ «պաշտօնի չարաշահման» մեղադրանքով դատական գործի յարուցման պատճառ դարձած գերեզմանոցի ճակատագիրը փոխելու ուղղութեամբ ոչ մի արդիւնք չի գրանցւում: Գործը հանգուցալուծւում է Ուսթիւնտաղին 50 լիրայ տուգանք վճարելու որոշմամբ` առանց նախարարութեանը տեղեակ պահելու գործ տեսած լինելու հիմքով:

Լիւթֆի Քըրտարից յետոյ պաշտօնն ստանձնած քաղաքապետ, փրոֆ. Ֆահրեթին Քերիմ Կեոքայը սկսում է տարածքը վաճառել: Սկզբնապէս հիւրանոց կառուցելու նպատակով «Քոչին» (ամենամեծ ընկերութիւներից մէկը հանրապետական Թուրքիայում-ակունքի խմբ.) վաճառուած տարածքի վրայ այսօր գտնւում են «Տիւան», «Հիլթըն» եւ «Հըյաթ ռեճընսի» հիւրանոցները, Գեզի զբօսայգին, Թուրքիայի պետական հեռուստառատիոընկերութեան` Պոլսում գտնուող ռատիոտունը եւ Հարպիյէի զինուորական թանգարանի մի մասը:

Վարչակարգին շինարարական քարերը

Սուրբ Յակոբ հայկական գերեզմանատան դատական գործը, որպէս անարդարութեան դէպք, կանգնած է մեր առաջ: Գերեզմանոցը յետ վերցնելը, գերեզմանատուն, որի վրայ դրուած են պաշտօնական գաղափարախօսութեան այնպիսի շինարարական քարեր, ինչպիսիք են` պետական ռատիոտունը եւ զինուորական հաստատութիւնը, այսօր գրեթէ անհարին է «իրաւական» տեսանկիւնից: Սակայն ակներեւ է նաեւ, որ նմանատիպ անարդարութիւնների հանդէպ լուռ մնալով, բռնազաւթումները կոծկելով` չենք կարող հանգիստ գտնել: Սուրբ Յակոբի օրինակը ընդամէնը մէկն է այն դէպքերից, երբ Թուրքիան հանգիստ չի թողնում անգամ իր ոչ մուսուլմանների հանգուցեալներին, որոնց գերեզմանաքարերն օգտագործում է` մի նոր Պոլիս եւ մի նոր Թուրքիա կառուցելու համար: Այն թափանցիկութիւնը, որի կարիքն ունենք այսօր, առերեսումը եւ պաշտօնական շուրթերից դուրս գալիք ներողութիւնը թերեւս կ՛ապահովուեն, որ Սուրբ Յակոբ գերեզմանոցում ամփոփուած հոգիները հանգիստ գտնեն… Գուցէ միայն այն ժամանակ իրօք կը կարողանանք թաղել մեր «հանգուցեալներին»:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+