Պապի Դասերը - Հայերէն
25 Kasım 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Տրե / Օր : Ցրօն / Ժամ : Ծայգն

Հայերէն :

28 Haziran 2016  

Պապի Դասերը -

Պապի Դասերը Պապի Դասերը

Հայաստանում հոգեւոր առաջնորդի պահանջարկ կայ: Այնպիսի առաջնորդի, որը երթեւեկում է միջին կարգի «Ռենօ»-ով (որը Երեւանում օգտագործւում է «տաքսի սերվիսի» տակ): Որը խստօրէն արգելում է թիկնապահներին «հեռու քշել» ժողովրդին իր մեքենայից: Որը այլ երկիր է գալիս ինքնաթիռի «էքոնոմ քլասի» սրահով: Որը խօսում է հանգիստ, ցածր ձայնով, առանց պաթոսի: Մի խօսքով, մեզ պէտք է հոգեւոր առաջնորդ Ֆրանչիսկոս պապի նման, բայց, ի հարկէ, մեր հարազատ եկեղեցու սպասաւոր: Մարդիկ հեշտութեամբ են տարբերում` երբ է հանրային դէմքն անկեղծ, երբ է` կեղծաւոր, երբ է նա իսկապէս հաւատում բարձր հոգեւոր արժէքներին, իսկ երբ է ձեւեր թափում: Ի վերջոյ, մարդու դէմքի արտայայտութիւնից ու յատկապէս նրա աչքերից կարելի է հասկանալ` ինչի մասին է նա երազում:

Աւելի շուտ` ինչ տեսակի, ինչ բնոյթի են նրա երազանքները` մի տեղ «փող կպցնելու» եւ աւելի ճոխ կեանք վարելո՞ւ, թէ՞ իսկապէս մարդկանց հոգեւոր ու ֆիզիքական տանջանքները թեթեւացնելու մասին: Քիչ թէ շատ փորձառու ականջը կարող է տարբերակել նաեւ` արդեօ՞ք մարդը կարդացել է անցեալի իմաստուն մարդկանց մտքերը եւ ամենակարեւորը` կարողացե՞լ է արդեօք այդ մտքերը մարսել, դարձնել իրենը, թէ՞ պարզապէս ցանկանում է իր խօսքում մի երկու «մէջբերում» անել` տպաւորութիւն թողնելու համար:

Հռոմի պապի երէկուայ խօսքում կային հայ մշակոյթին ուղղակի եւ անուղղակի յղումներ: Օրինակ` «Քրիստոսի հաւատը Հայաստանի համար չի եղել որպէս զգեստ, որ կարելի է հագնել կամ հանել, պարագաների կամ առիթների համաձայն՝ այլ սեփական ինքնութեան բաղկացուցիչ իրականութիւն, գերազանց պարգեւ` ուրախութեամբ ընդունելի եւ ժրաջանութեամբ եւ ուժով պահպանելի» (ենթադրաբար` անուղղակի յղում Եղիշէին): Բայց դա արւում է ոչ թէ մեզ հաճոյանալու համար, այլ` որովհետեւ մեր մշակոյթը, մեր հաւատը իսկապէս մի աղբիւր է, որից Ֆրանչիսկոսն օգտւում է եւ ուժ է ստանում: Եւ երբ մարդն ասում է, որ եկել է ուխտագնացութեան, առաջին քրիստոնէական երկրի մթնոլորտի մէջ թաթախուելու, նա դարձեալ անկեղծ է:

Այդ մենք ենք, որ ինչ-ինչ կենցաղային խնդիրների պատճառով չենք հասկանում, թէ ինչպիսի երկրում ենք ապրում: Իսկ ուշիմ, խելացի, լայնախոհ օտարները դա հրաշալիօրէն հասկանում են եւ գալիս են այստեղ® սովորելու: Այդ տգէտներն են, որ կարծում են, թէ հասել են ինչ-որ բարձունքների եւ այլեւս սովորելու բան չունեն: Հռոմի պապի նման մարդիկ մշտապէս ձգտում են հոգեւոր զարգացման եւ ինքնակատարելագործման: Մենք էլ, եթէ խելք ունենք, պէտք է նրանից սովորենք` համեստութիւն, ժուժկալութիւն, բարութիւն, ներողամտութիւն` այդ բոլոր առաքինութիւնները, որոնց մասին մենք (յուսով եմ) կարդացել ենք Աստուածաշնչում: Եւ մի՛ ասէք, որ դա մեր պարագայում անհնարին է: Ինչպէս ասում էր նրանց կաթոլիկների սուրբը` Ֆրանչիսկոս Ասիզցին, «Սկզբում արէք ամենաանհրաժեշտը, յետոյ արէք այն, ինչ կարող էք, եւ արդիւնքում դուք կը տեսնէք, որ անում էք անհնարինը»:

«Առաւօտ»





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+