Ազրպէյճանն Ընտրել Է Իրավիճակը Պատերազմականին Մօտեցնելու Ճանապարհը - Հայերէն
23 Aralık 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Քաղոց / Օր : Ծմակ / Ժամ : Թաղանթեալ

Հայերէն :

05 Ocak 2016  

Ազրպէյճանն Ընտրել Է Իրավիճակը Պատերազմականին Մօտեցնելու Ճանապարհը -

Ազրպէյճանն Ընտրել Է Իրավիճակը Պատերազմականին Մօտեցնելու Ճանապարհը Ազրպէյճանն Ընտրել Է Իրավիճակը Պատերազմականին Մօտեցնելու Ճանապարհը

Այսպիսի գնահատական տուեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Պաշտպանութեան նախարար, պաշտպանութեան բանակի հրամանատար, զօրավար Լեւոն Մնացականեանը «Արմէնփրես»-ի հետ զրոյցում: Նա խօսել է սահմանային անվտանգութեան ու բանակի առջեւ ծառացած մարտահրաւէրների մասին:

«ԱՐՄԷՆՓՐԵՍ».- Պարո՛ն Մնացականեան, եթէ ամփոփելու լինենք 2015 թուականը, ինչպիսի՞ն էր այն Արցախի բանակի համար:

ԼԵՒՈՆ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Բանակաշինութեան տեսանկիւնից 2015 թուականն Արցախի զինուած ուժերի համար կարելի է համարել արդիւնաւէտ տարի, քանի որ դրանում տեղ գտած բոլոր գործընթացները կեանքի են կոչուել համապատասխան նախատեսուած ծրագրերի եւ նպատակաուղղուած են եղել բանակի մարտունակութեան աստիճանական զարգացմանը: Որպէս առաջնահերթութիւն` տարուան ընթացքում յատուկ ուշադրութիւն է դարձուել բոլոր աստիճանի հրամանատարների եւ շարքային անձնակազմի մարտական պատրաստութեան ու պատրաստականութեան բարձրացմանը, տեսական եւ գործնական պարապմունքների միջոցով կատարելագործուել են նրանց մարտական ու մարտավարամասնագիտական ունակութիւնները, բաւականին մեծ աշխատանք է իրականացուել առաջնային գծի ամրապնդման եւ այն մարտական հերթապահութեան պահանջներին հնարաւորինս համապատասխանեցնելու ուղղութեամբ: Բացի վերոնշեալից, բանակի հրամանատարութեան ուշադրութեան կենտրոնում են եղել սպառազինութեան եւ ռազմական սարքերի համալրման եւ դրանց սպասարկման ու նպատակային շահագործելու գործընթացները, թիկունքային ապահովման խնդիրները, զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների ընկերային պայմանների բարելաւմանն ուղղուած միջոցառումները եւ այլն: Կատարուած այս եւ միւս աշխատանքների շնորհիւ բանակը ոչ միայն կարողացել է ապահովել նախորդ տարիների ունեցած իր ձեռքբերումների շարունակականութիւնը, այլեւ լաւագոյնս իրականացրել է իր վրայ դրուած գլխաւոր առաքելութիւնը, այն է` պաշտպանել երկրի սահմաններն ու հարազատ ժողովրդի անվտանգութիւնը:

«ԱՐՄԷՆՓՐԵՍ».- Վերջերս փորձագէտներից մէկը վերջին երկու տարուայ իրավիճակը բնորոշեց «դանդաղ պատերազմ»: Դուք համամի՞տ էք այդ բնորոշմանը:

ԼԵՒՈՆ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Իրականում 2014թ. օգոստոսից հակամարտ զօրքերի շփման գծում տեղ գտնող զարգացումները, որոնք բացառապէս պայմանաւորուած են ազրպէյճանական կողմի սադրիչ քայլերով, չեն տեղաւորւում դեռեւս 1994թ. մայիսին կողմերի միջեւ հրադադարի հաստատման մասին ձեռք բերուած համաձայնութեան տրամաբանութեան շրջանակում: Ակնյայտ է, որ Ազրպէյճանն աստիճանաբար ոչ միայն փոխում է իր նախայարձակ գործողութիւնների մարտավարութիւնը, այլեւ` դրանցում կիրառուող ուժերն ու միջոցները: Այսպէս, եթէ սկզբնական շրջանում նա իր սադրանքներն իրականացնում էր դիպուկահարների եւ խափանարարական-հետախուզական խմբերի միջոցով, ապա 2015թ. մարտից գործողութեան մէջ դրեց տարբեր տրամաչափի ականանետային, իսկ ապա նաեւ հրթիռահրետանային եւ զրահահրասայլային միջոցներ, այդ թւում` 122 միլիմեթրնոց Դ-20 տիպի հրանօթներ, թուրքական արտադրութեան Թի.Առ.-107 տիպի հրթիռային հրետանային կայանքներ, հրասայլեր: Իսկ եթէ ասուածին յաւելենք նաեւ անցած տարուան նոյեմբերին հակառակորդի կողմից հայկական ուղղաթիռի խոցման դէպքը, ապա առաւել քան պարզ կը դառնայ, որ ազրպէյճանական կողմն ընտրել է հակամարտութիւնը ոչ թէ խաղաղ բանակցութիւնների միջոցով հանգուցալուծելու, այլեւ իրավիճակը պատերազմականին մօտեցնելու ճանապարհը:

«ԱՐՄԷՆՓՐԵՍ».- Վերջին մէկ տարուան ընթացքում Ազրպէյճանի զինուած ուժերը կիրառում են թուրքական արտադրութեան զինատեսակներ: Այդ հարցը ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ բարձրացւո՞ւմ է:

ԼԵՒՈՆ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- ԵԱՀԿ Մինսքի խմբի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումների ընթացքում, իմ իրաւասութիւնների շրջանակում, ես շօշափում եմ ոչ միայն այդ, այլ նաեւ շփման գծում տիրող իրավիճակի հետ կապուած այլ հարցեր եւս: Ինչ վերաբերում է նրանց արձագանգին, ապա աւելի ճիշդ կը լինէր, առիթ լինելու դէպքում այդ հարցն ուղղէիք ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահներին:

«ԱՐՄԷՆՓՐԵՍ».- Թուրքիան նաեւ ՕԹԱՆ-ի անդամ պետութիւն է: Ըստ ձեզ, այս առնչութեամբ ՕԹԱՆ-ի լռութիւնը որքանո՞վ է համընկնում այդ կառոյցի առաջադրած սկզբունքներին ու գաղափարներին:

ԼԵՒՈՆ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Այդ հարցի պատասխանը ստանալու համար աւելի ճիշդ կը լինէր դիմել համապատասխան հասցէատիրոջը:

«ԱՐՄԷՆՓՐԵՍ».- Եթէ մի քանի տարի առաջ միջազգային ռազմական փորձագէտները, Արցախում պատերազմ կանխատեսելով, շեշտում էին, որ Ազրպէյճանն անպայման կը դիմի «պլից-քրիկ»-ի (անակնկալ յարձակում, Խմբ.), ապա վերջին շրջանում նման վերլուծութեամբ չեն ներկայանում: Ըստ ձեզ, դա ինչի՞ արդիւնք է, եւ ինչի՞ շնորհիւ է միջազգային վերլուծաբանների տեսակէտը փոխուել:

ԼԵՒՈՆ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Ես կ՛ասէի, որ «պլից-քրիկ»-ի մասին հիմնականում ակնարկում էին նրանք, ովքեր անտեղեակ էին իրականութեանը կամ իրենց դատողութիւններն անում էին ազրպէյճանական քարոզչութեան ազդեցութեան տակ: Այնինչ, հաւանական պատերազմի ընթացքի ու ելքի մասին առաւել լուրջ հետեւութիւններ կարող են անել նրանք, ովքեր հակամարտ կողմերի հնարաւորութիւնների մասին ունեն իրական պատկերացումներ: Ինչ խօսք, երեւի թէ ձեր նշած վերլուծաբաններին արդէն հասու է այդ իրականութիւնը:

«ԱՐՄԷՆՓՐԵՍ».- Պարո՛ն նախարար, մի քանի տարի առաջ ներկայացուեց վերլուծութիւն, համաձայն որի, հակառակորդի դիպուկահարից զոհուած հայ զինուորների մեծ մասը մահացու վէրք էր ստանում հէնց գլխի շրջանում: Դա վերագրւում էր նաեւ զինուորի կողմից անուշադրութեանը: Այժմ իրավիճակն ինչպիսի՞ն է եւ այդ առնչութեամբ ինչպիսի՞ աշխատանքներ են տարւում:

ԼԵՒՈՆ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Եթէ առաջնային գծում տարբեր զինատեսակներից շարունակ խախտւում է հրադադարը, իսկ դիպուկահարային պատերազմը կրում է բացայայտ բնոյթ, բնականաբար կորուստներն անխուսափելի են: Սակայն դա չի նշանակում, որ մենք պէտք է յարմարուենք այդ իրողութեան հետ եւ փնտռենք արդարացուցիչ պատճառներ: Դա անընդունելի է, եւ մենք պարտադրուած ենք որոնելու եւ գտնելու այն բոլոր հնարաւոր ուղիները, որոնք կը տանեն նման դէպքերի, եթէ ոչ լրիւ բացառման, ապա գոնէ շօշափելի կրճատման: Իսկ դրան հասնելու համար անհրաժեշտ է նախ` զինուորների մէջ դաստիարակել մարտական ու բարոյահոգեբանական պատշաճ որակներ եւ երկրորդ` մարտական դիրքերի ճարտարապետական կառոյցները դարձնել անթերի: Սրանք այն երկու կարեւոր պահանջներն են, որոնց կատարման ուղղութեամբ այսօր մենք ձեռնարկում ենք քայլեր:

«ԱՐՄԷՆՓՐԵՍ».- Պարո՛ն Մնացականեան, ցաւօք, այս տարի շատ էին մարդկային կորուստները բանակում: Կա՞յ վիճակագրական տուեալ այդ առնչութեամբ, եւ որքա՞ն տոկոս են կազմում խաղաղ պայմաններում զոհուածները:

ԼԵՒՈՆ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Մեզ համար իւրաքանչիւր զինուորի մահ անդառնալի կորուստ է` լինի դա մարտական դիրքում, թէ խաղաղ ծառայութեան ընթացքում: Սա իրողութիւն է, որը չափւում է ոչ թէ վիճակագրութեամբ, այլ` մարդկային ճակատագրերով® Հաւատացէ՛ք, անգամ մէկ զինուորի կորուստը մեր բանակի հզօրութեանը շօշափելի հարուած է, եւ, ըստ այդմ, մենք պարտադրուած ենք անելու ամէն հնարաւորն ու անհնարինը` նման արտակարգ դէպքերից խուսափելու համար:

«ԱՐՄԷՆՓՐԵՍ».- Պարո՛ն Մնացականեան, որո՞նք են այն հարցերը, մարտահրաւէրները, որոնց լուծման ուղղութեամբ աշխատանքներ էք տանելու յաջորդ տարիներին:

ԼԵՒՈՆ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Ինչպէս միշտ, գալիք տարում եւս մեր գործունէութիւնը ուղղուած է լինելու բանակի հզօրութեան բարձրացմանն ու ամրապնդմանը: Իսկ դրա համար առկայ են բոլոր նախադրեալները: Համոզուած եմ, որ զինուած ուժերի ողջ անձնակազմը եւ նրա թիկունքում կանգնած ժողովուրդն անելու են իրենցից կախուած ամէն հնարաւորը` մեր երկրի անվտանգ ու խաղաղ կենսագործունէութիւնն ապահովելու համար:

«ԱՐՑԱԽՓՐԵՍ»





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+