Պետութեան Խելքը` Յատուկ Կազմակերպութիւնից Մինչեւ Էսետուլլահ Խմբաւորում. Հակափարթիզանական Պայքարը - Հայերէն
23 Aralık 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Քաղոց / Օր : Ծմակ / Ժամ : Երկրատես

Հայերէն :

23 Aralık 2015  

Պետութեան Խելքը` Յատուկ Կազմակերպութիւնից Մինչեւ Էսետուլլահ Խմբաւորում. Հակափարթիզանական Պայքարը -

Պետութեան Խելքը` Յատուկ Կազմակերպութիւնից Մինչեւ Էսետուլլահ Խմբաւորում. Հակափարթիզանական Պայքարը Պետութեան Խելքը` Յատուկ Կազմակերպութիւնից Մինչեւ Էսետուլլահ Խմբաւորում. Հակափարթիզանական Պայքարը

Իզմիր («Տիճլէ» լրատուական գործակալութիւն) – Այլախոհների դէմ ուղղուած պետական ոճրագործութիւններին զուգահեռ, վերջին շրջանում քրտաբնակ շրջաններում (Արեւմտեան Հայաստանում, «Ակունք»-ի խմբ.) պետութեան ձեռքով իրականացուած եւ դեռեւս 1990-ական թթ. անգամ ծայրայեղ բնոյթ ստացած ջարդերը կրկին այն հարցը բարձրացրեցին, թէ «Արդեօ՞ք հակափարթիզանական խմբաւորման ձեռքով քրտական ցեղասպանութիւն են փորձում իրականացնել»: ԱԲԿ-ի (Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութիւն) կառավարութիւնը, որն իշխանութեան գալուց սկսած առ այսօր իր հետ նաեւ «Նորօսմանականութեան» մասին քննարկումներ բերեց, անվտանգութեան ուժերի միջոցով փողոց դուրս չգալու արգելքներով ոճրագործութիւններ է իրականացնում, եւ Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութեան ժամանակաշրջանում Հայոց ցեղասպանութեան ընթացքում պաշտօնավարած` պալատին առընթեր Յատուկ կազմակերպութեան տեղն այսօր քրտաբնակ շրջաններում (Արեւմտեան Հայաստանում) ԱԲԿ-ի պալատին ենթակայ Էսետուլլահ խմբաւորումն է զբաղեցնում:

Երբ ԱԲԿ առաջնորդ եւ հանրապետութեան նախագահ Թայիփ Էրտողանը յունիսի 7-ի ընտրութիւններում պարտութիւն կրեց, նորից շրջանառութեան մէջ դրուեց պատերազմի հայեցակարգը, եւ քրտաբնակ շրջաններում (Արեւմտեան Հայաստանի) վարչական շրջաններում այնպիսի ոճրագործութիւններ կատարուեցին, որոնք յիշեցնում էին 1990-ական թթ. արիւնալի դէպքերը, իսկ 1990-ական թթ. քրտաբնակ շրջաններում պետութեան կողմից մշակուած ջարդերի քաղաքականութիւնը կեանքի կոչուեց Ժանտարմերիայի (ոստիկան զօրաց) հետախուզութեան եւ ահաբեկչութեան դէմ պայքարի վարչութեան միջոցով: Մինչդեռ մեր օրերում նման գործադրումների ու փաստարկների տեղիք տուող կազմակերպութիւնների` քրտական շրջաններում ծաւալուած գործունէութիւնը վերջին ժամանակաշրջանում ակնառու է դարձել:

Յատկապէս այն շրջաններում, որտեղ փողոց դուրս չգալու արգելք է սահմանուել, եւ ընդհարումները թէժացել են, անվտանգութեան ուժերի միաւորումների կողմից պատերին «Քրտի ատամին արիւն է դիպել, վախեցէք», «կանաչներն այստեղ են, որտե՞ղ է ՔԱԿ-ն» եւ նման բնոյթի գրութիւններ են արւում: Այս գրութիւնների ուշագրաւ կողմն այն է, որ հասարակութեան օրակարգ մտաւ «էսետուլլահ խմբաւորումը», որը քրտաբնակ շրջաններում պետութեան նոր «խորքային» կառոյցն է: Յայտնի չէ, թէ «Ալլահի առիւծներ» իմաստն արտայայտող այս կառոյցն ով կամ ովքեր են հիմնել, ովքեր են անդամագրուած եւ ում կողմից են ղեկավարւում: Իսկ պետութեան «գաղտնի կառոյցի» եւ ջարդերի մտայղացումը 1900-ական թթ. սկզբներին է եղել:

Ժխտւում Էր Նաեւ Յատուկ Կազմակերպութեան
Գործունէութեան Փաստը

Պետական աւանդոյթի եւ մտածողութեան գոյութեան իւրաքանչիւր ժամանակահատուածում ընդդիմադիր ուժերի ոչնչացման եւ այս գործառոյթն իր իսկ կողմից ստեղծուած գաղտնի կառոյցներին յանձնարարելու ջանքերն ազդեցիկ դարձան 1911 թ.-ից սկսած: Միջին Արեւելքի աշխարհագրութեան եւ օսմանեան պատմութեան մէջ 1911 թ. ի յայտ եկաւ Յատուկ կազմակերպութիւնը, որն ստեղծուեց որպէս Էնվէր փաշայի ղեկավարութեամբ` Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութեանն առընթեր կառոյց եւ գործունէութիւն ծաւալեց որպէս թուրք-իսլամական համադրութիւն: Յատուկ կազմակերպութեան վերաբերեալ պաշտօնական պատմագրութիւնն ու պատմաբանները եթէ անգամ որեւէ բան ասում են այն մասին, որ այն հետախուզական կառոյց է եղել եւ Թրիփոլիթանիայի ու պալքանեան պատերազմների անհրաժեշտութիւնից է ստեղծուել, որի պատճառով էլ գործողութիւններ կատարելու իրաւասութիւններով է օժտուած եղել, ապա ինչպէս ժխտւում է 1990-ական թթ. Ժանտարմերիայի (արտաքին գործոց) հետախուզութեան եւ ահաբեկչութեան դէմ պայքարի վարչութեան գործունէութիւնը, այնպէս էլ ամենեւին չի խօսւում եւ մերժւում է այն փաստը, որ սոյն կառոյցը գործունէութիւն է ծաւալել նաեւ երկրի ներսում:

Ուրիշներին Ոչնչացնելու Համար Աւազակներ
Ձեռք Բերուեցին

Կազմակերպութեան պաշտօնեաներից Կալիփ Վարտարի պատմածների համաձայն, այդ ընդարձակ կառոյցը աւազակախմբերին ու աւազակներին զինել է` որպէս «ներքին թշնամի» որակուած «օտարներին» եւ ոչ մուսուլմաններին ոչնչացնելու համար: Աւելի ուշ բանտերի ծանր յանցագործ ու լեռներում ապաստանած «պաշըպօզուք» (խուժան) աւազակներից հարիւրաւոր ծանր յանցագործներ Յատուկ կազմակերպութեան շարքերն են անցել` «հայրենիքին» ծառայելու համար: Յատկապէս Տրապիզոնում այս յանձնառութիւնը կեանքի կոչուեց Ռըզա պէյի, Նայիլ պէյի եւ Ճեմալ Ազմի պէյի որոշումներով: Դատապարտեալներին աւազակախմբերում ներառելու մասին որոշումները հետագայում էին կայացուելու:

Պետութեան Բարձրաստիճան Ղեկավարները
Կազմակերպութեան Պարագլուխներն Են

Յատուկ կազմակերպութիւնը, որ երկրի ներսում եւ արտերկրում հետախուզութեան, քարոզչութեան, կազմաւորումների ու մահափորձերի գործունէութիւն էր ծաւալում, 1914 թ. օգոստոսի 5-ին վերածուեց Ռազմական նախարարութեանը կից պաշտօնական կառոյցի, եւ այս հակընդդէմ կազմակերպութեան մէջ աշխուժ գործունէութիւն էին ծաւալում պետական այնպիսի բարձրաստիճան պաշտօնեաներ, ինչպիսիք են` Էնվեր փաշան, հազարապետ Սուլէյման Ասքերին, Էշրեֆ Սենճեր Ղուշճուպաշըն, Զէնճի Մուսան, Եաքուպ Ճեմիլը, դոկ. Պեհաէտտին Շաքիրը, Միթհաթ Շիւքրիւ Պլետան, Օհրիլի Էյուպ Սապրին, Ֆուատ Պալքան, Քել Ալի մականունով Ալի Չեթինքայան, չէրքեզ Ռեշիտ պէյը, Ահմեթ Ֆուատ Պուլճան, Նուրի Ճոնքերը եւ Ռաուֆ Օրպայը: Այս անունների մեծ մասը հետագայում դարձան կազմակերպութեան իրականացրած ջարդերն ու գործողութիւնները ղեկավարող անձիք:

Ցեղային Զտում «Բանակ-Կուսակցութիւն-Անվտանգութիւն»
Եռանկիւնու Մէջ

Յատուկ կազմակերպութիւնն այնպիսի անձնակազմ ունէր, որում միահիւսուած էին բանակ, կուսակցութիւն եւ անվտանգութիւն եռանկիւնին եւ ընդունելի էր զինուորականութեան ու քաղաքացիականների համար, եւ որոնք նաեւ մերօրեայ յատուկ գործողութիւնների խմբերն են, իսկ այդ ժամանակաշրջանում այն նման էր «Գործողութիւնների բանակի» անձնակազմին: Պալքանեան երկրորդ պատերազմի ընթացքում, իր ձեւաւորմանը զուգահեռ, այն նաեւ ազգային զտում իրականացրեց, որի փորձը ձեռք էր բերել դեռեւս պատերազմից առաջ Եգէական ծովի աւազանում եւ Թրակիայում:

Կառոյցը, որն անդամագրել էր Հայոց ցեղասպանութեան իրագործման, ինչպէս նաեւ Եգէական ծովի աւազանի եւ Թրակիայի գործողութիւնների ամենակարեւոր անձանց, Եգէական ծովի աւազանում յունական կազմաւորումների վրայ սարսափ սփռելով, վերջիններիս տեղահանեց իրենց բնօրրանից, բռնագրաւեց նրանց տները, հողերն ու շարժական գոյքը, իսկ մարդկանց կոտորեց: Տարբեր պատմաբանների տուեալների համաձայն` այդ ժամանակաշրջանում մէկ շաբաթուան ընթացքում 40 հազար յոյն լքեց իր բնօրրանը, իսկ սպաննուած ոչ թուրք տարրի թիւը տատանւում է 150 հազարից մինչեւ 1 միլիոն 500 հազարի սահմաններում:

Հայերի Դէմ Յարձակումներ

Եգէական ծովի աւազանում եւ Թրակիայում կեանքի կոչուած ազգային զտման այս ծրագիրն աչքի անցկացնելով` այն առաւել մեծ ծաւալներով իրականացուեց այդ ժամանակաշրջանի Հայաստանում: Աւազակախմբերի ձեւաւորումից անմիջապէս յետոյ, երբ օգոստոս ամսին ռուսական վիլայէթներում ռազմական գործողութիւններ սկսուեցին, միաժամանակ օրակարգային դարձան տարածաշրջանում հայերի դէմ ուղղուած յարձակումներն ու ջարդերը: Յատկապէս Կովկասի սահմաններին հայկական գիւղերի, մտաւորականութեան, քաղաքական եւ հոգեւոր գործիչների դէմ ուղղուած յարձակումների հետ մէկտեղ աւազակախմբերն իրենց հիմնական պարտականութիւնը համարեցին հայկական գիւղերն աւերելն ու թալանելը. այս գիւղերի տղամարդ բնակիչներին սպաննեցին, իսկ կանանց բռնաբարեցին, խլեցին փողն ու արժէքաւոր իրերը:

«Ցեղասպանութիւնը»` Անվտանգութեան Աշխատակիցների,
Զինուորների Եւ Աւազակախմբերի Հսկողութեան Տակ

Նախեւառաջ հայերին ճնշման տակ պահելու նպատակով խիստ «գաղտնի պարտաւորութիւններով» միաւորումներ ստեղծուեցին: Այս կառոյցի մէջ ընդգրկուած էին Ազգային անվտանգութեան ծառայութիւնը եւ Թալէաթի մտերիմ ընկեր Ճանփոլատը, ոստիկանապետը եւ Նազըր Պետրին, վերջինիս օգնական Մուսթաֆա Ռեշատ Միմարօղլուն եւ Ազգային անվտանգութեան ծառայութեան երկու առանձին ստորաբաժանումների տնօրէններ Ազիզ Աքիւրեքն ու Ահմեթ Էսաս Ուրասը: Այս տնօրէնները եւ յատկապէս 1915-1917 թթ. Անվտանգութեան ծառայութեան 3-րդ ստորաբաժանումը եւ ստորաբաժանման պետը, Պետրին ու իր օգնական Ռեշատը Հայոց ցեղասպանութեան կազմակերպման գործում վճռորոշ դեր են խաղացել: Մինչդեռ ջանալով կազմակերպութեան անունը չկապել 1915 թ. Ցեղասպանութեան գործընթացի հետ` պաշտօնական պատմագրութեան շրջանակներում հրատարակուող աշխատանքներն այս թեմայի առնչութեամբ լռում են: Սակայն Հայոց ցեղասպանութեան փաստը պաշտպանող պատմաբանները Յատուկ կազմակերպութեան անունն են առաջ քաշում, եւ շեշտում այն պնդումը, թէ Ցեղասպանութիւնն իրականացրել է Յատուկ կազմակերպութիւնը, ինչը յայտնի է դարձել Անտոնեանի (խօսքը Արամ Անտոնեանի մասին է, «Ակունք»-ի խմբ.) փաստաթղթերից: 1918 թ. հոկտեմբերի 8-ին, երբ Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութիւնը հեռացաւ պետութեան ղեկավարութիւնից, պաշտօնապէս լուծարուեց նաեւ Յատուկ կազմակերպութիւնը:

1911-1990-Ական թթ. Նոյն Գործադրումները

Ուշագրաւ է այն հանգամանքը, որ Թուրքիայում 1990-ական թթ. պետական մտայնութիւնը որոշակիօրէն «թուրքականացնելու» նպատակով Ժանտարմերիայի` (ոստիկան զօրաց) հետախուզութեան եւ ահաբեկչութեան դէմ պայքարի վարչութեան ձեռքով իրականացուած ջարդերի եւ Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութեան իշխանութեան ժամանակաշրջանում Յատուկ կազմակերպութեան միջոցով իրականացուած ոճրագործութիւնների միջեւ նմանութիւն է նկատւում: Մի ժամանակաշրջանում, երբ յանցաւոր գործողութիւնները, մահափորձերն ու գիւղերի դատարկումը համընդհանուր իրողութիւն էին, ներքին գործերի նախարարութեան տուեալների համաձայն, ոստիկանատներում 1912 մարդ մահացաւ, իսկ Թուրքիայի` Մարդու իրաւունքների հիմնադրամի տուեալներով` 1165 քաղաքացի «առանց դատի մահապատժի ենթարկուեց»: Միւս կողմից` 403 մարդ մահացաւ հարցաքննութիւնների ժամանակ եւ բանտախցերում, իսկ 3541 գիւղ դատարկուեց: Յատկանշական է, որ Ժանտարմերիայի` (ոստիկան զօրաց) հետախուզութեան եւ ահաբեկչութեան դէմ պայքարի վարչութեան (ԺԻԹԷՄ) գործունէութիւնը եւս ժխտւում էր պետութեան կողմից, ինչպէս

Յատուկ կազմակերպութեան դէպքում էր: Այս կերպ այդ ժամանակաշրջանում թուրքական մտածելակերպն այն արտայայտութիւնն էր շրջանառութեան մէջ դրել, թէ «ԺԻԹԷՄ չգիտեմ, ԺԷՕԹ՛ԷՄ գիտեմ, ինչն էլ նշանակում է` քեզ սիրում եմ» (այստեղ բառախաղ է արւում` հիմնուելով ֆրանսերէն «Je t’aime»- «Ես քեզ սիրում եմ» արտայայտութեան վրայ, «Ակունք»-ի խմբ.):

Յատուկ Կազմակերպութիւնից Մինչեւ Ժանտարմերիայի`
(Ոստիկան Զօրաց) Հետախուզութեան Եւ Ահաբեկչութեան Դէմ
Պայքարի Վարչութեանը

Հասարակութեան շրջանում որպէս «ադամամութ» բնորոշուած 1990-ական թթ. փոխւում են նաեւ պատմական դերակատարների յանձնարարականները: Այդ ժամանակաշրջանի քաղաքականութեան, հետախուզութեան, զինուորականութեան, ոստիկանութեան, հակափարթիզանական խմբաւորման եւ ստորերկրեայ աշխարհի գլխաւոր դերակատարներն էին ժամանակի վարչապետ Թանսու Չիլլերը, ով պնդում էր, որ «յատուկ բանակ» էր պէտք ստեղծել, հետագայում «յանցաւոր կազմակերպութեան ղեկավարի» վճռով Սուսուրլուքի գործով դատապարտուած ոստիկան Մեհմեթ Աղարը, տարբեր յանցաւոր գործունէութիւններ ծաւալելու համար հարցաքննութիւնների ու հետապնդումների ենթարկուած Թուրքիայի ազգային անվտանգութեան աշխատակից Մեհմեթ Էյմուրը, Քորքութ Էքենը, ժանտարմերիայի հետախուզութեան եւ ահաբեկչութեան դէմ պայքարի վարչութեան հիմնադիրներից Վելի Քիւչուքը, «Կանաչ» ծածկագրային անուանմամբ Մահմուտ Եըլտըրըմը, որը յայտնի չէ` կենդանի՞ է արդեօք, թէ՞ ոչ, Սուսուրլուքի դէպքերի ժամանակ մահացած Ապտիւլլա Չաթլըն եւ այլք: Իսկ նախկին ոստիկանութեան յատուկ խմբաւորման Սուսուրլուքի իրաւասուներ Այհան Չարքընը, Այհան Աքչան, Օղուզ Եօրուլմազը, Էնվեր Ուլուն, Մուսթաֆա Ալթունօքը, Էրճան Էրսոյն ու Զիյա Պանտըրմանլըօղլուն պատասխանատու են այս ժամանակաշրջանում մահուան դատավճիռների իրականացման ու անհետ կորածների համար:

2023 Թ. Ընդառաջ` Քրտերի Ցեղասպանութի՞ւն

«Նորօսմանականութեան» վերաբերեալ քննարկումներով իշխանութեան եկած ԱԲԿ-ի կառավարութեան` քրտաբնակ շրջաններում յուլիս ամսից ի վեր իրականացրած ջարդերն օրակարգային դարձրին այն հարցը, թէ արդեօ՞ք «Քրտական ցեղասպանութիւն» է տեղի ունենում: Այս ջարդերի ցուցանիշներն ահասարսուռ չափերի հասան` գերազանցելով անգամ 1990-ական թթ. գործադրումները, իսկ յուլիս ամսից արդէն Սիլվան, Ճիզրէ, Նուսայպին (Մծբին) եւ մի շարք այլ վայրերում փողոց դուրս չգալու արգելք սահմանուեց, եւ տասնեակ քաղաքացիներ սպաննուեցին: Երբ հասարակութեան մէջ սկսեց շրջանառուել այն տեսակէտը, թէ 1990-ական թթ. այդ տարածքներում ջարդեր իրականացնողներն ու յանցաւոր կազմակերպութիւնների ղեկավարները նորից պարտականութիւններ են ստանձնել, իսկ «Սպիտակ թորոս»-ի (ինքնաշարժի մակնիշ, «Ակունք»-ի խմբ.) տեղը «Ռէյնճեր»-ներն են զբաղեցրել, ու առանց դատի մահապատիժների թիւն աճել է, որոշակի հատուածի մօտ խուճապ սկսուեց: Բացի այդ` Թուրքիայի մեթրոյում քիւրտ քաղաքացիների նկատմամբ սկսուած լինչի դատաստանի արշաւները, հետապնդումներն ու ձերբակալութիւնները, քաղաքական ցեղասպանութեան գործողութիւններն օրակարգային դարձան, իսկ տարածաշրջանում ի յայտ եկած եւ որպէս ժանտարմերիայի (ոստիկան զօրաց) հետախուզութեան եւ ահաբեկչութեան դէմ պայքարի վարչութեան նոր անուանում որակուած կառոյցի` Էսետուլլահ խմբաւորման» ոճրագործութիւնները` շարունակական:

Արդեօք 20 Տարի Անց Էսետուլլահ Խմբաւորման
Գոյութիւնը Նոյնպէս Կը Ժխտուի՞

Քանի դեռ ԱԲԿ-ի կառավարութիւնը, որ դիմում է յատկապէս ինքնիշխանութեան ձգտող խաւին, Նուսայպինում (Մծբին), Սիլուանում եւ բազմաթիւ այլ վայրերում ոճրագործութիւններով «ահաբեկչութիւն» է սփռում, Տիարպեքիրի (Տիգրանակերտ) փաստաբանների խորհրդի նախագահ Թահիր Էլչիի սպանութիւնը նորից օրակարգ բերեցին հակափարթիզանական պայքարի մասին քննարկումները: Միւս կողմից` հասարակութեան շրջանում քննարկւում է նաեւ այն տեսակէտը, թէ պետութեան վերջին Յատուկ կազմակերպութիւն հանդիսացող Էսետուլլահ խմբաւորման գործունէութիւնը 20 տարի անց արդեօ՞ք նոյնպէս կը ժխտուի:

«Տիճլէ Հապեր»

Թարգմանեց ԱՆԱՀԻՏ ՔԱՐՏԱՇԵԱՆԸ

«Ակունք»





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+