Այսօր Նիկիայի սուրբ ժողովի 318 Հայրապետների հիշատակության օրն է -
Քրիստոսի Եկեղեցու պատմության մեջ առաջին Տիեզերական ժողովը տեղի է ունեցել 325 թվականին, Կոստանդիանոս Մեծ կայսեր հրամանով, Կ. Պոլսի մոտ գտնվող …
Քրիստոսի Եկեղեցու պատմության մեջ առաջին Տիեզերական ժողովը տեղի է ունեցել 325 թվականին, Կոստանդիանոս Մեծ կայսեր հրամանով, Կ. Պոլսի մոտ գտնվող Նիկիա քաղաքում: Ժողովին մասնակցում էին Ընդհանրական Եկեղեցու 318 նշանավոր հայրապետներ:
Տիեզերաժողովի գումարման շարժառիթն Ալեքսանդրիայի Արիոս անունով երեցն էր, ով քարոզում էր, թե Քրիստոս անսկիզբ չէ, այլ ստեղծվել է ժամանակներից ու դարերից առաջ Հայր Աստծո ցանկությամբ, որպեսզի նրա միջոցով կատարվի արարչագործությունը:
«Միակ անծնունդը, միակ հավիտենականը, միակ անսկիզբը Հայր Աստված է: Որդին առաջացել է ոչ թե Հոր էությունից, այլ ոչնչից: Կար ժամանակ, երբ Որդին չկար: Որդին թեև ստացել է Հայր Աստծո ողջ շնորհքը և որդեգրվել, սակայն անապական չէ, ինչպես Հայրը, այլ այլայլելի, ինչպես արարածները», – Արիոսի այս դատողություների պատճառով փաստորեն մերժվում էր Քրիստոսի Աստվածությունը՝ վտանգի տակ դնելով ողջ քրիստոնեական վարդապետությունը:
Արիոսկանությանը դեմ է դուրս գալիս Ալեքսանդրիայի Ալեքսանդր արքեպիսկոպոսը: Նա իր քարոզներում շեշտում էր, որ հավիտենական է Աստված, հավիտենական է և Որդին, Հայրը և Որդին միաժամանակ գոյություն ունեն: Հայրը Որդուն չի նախորդում ոչ մի վայրկյան, միշտ եղել է Հայրը, միշտ եղել է Որդին:
Այս Տիեզերաժողովում դատապարտվում է Արիոսի մոլորությունը՝ հայտարարելով այն հերետիկոսություն: Նիկիայի Ա Տիեզերաժողովին մասնակցում էր նաև Ս. Գրիգոր Լուսավորչի որդին` Արիստակեսը: Ժողովի ընդունած դավանաբանական բանաձևը, որը հայտնի է Նիկիական հանգանակ անունով, Ս. Արիստակես Հայրապետը Հայաստան է բերել, ներկայացրել հորը` Ս Գրիգոր Լուսավորչին: Վերջինս էլ դրան ավելացրել է «Իսկ մեք փառաւորեսցուք… » հատվածը:
Նիկիայում ընդունված Հավատո հանգանակն ու Լուսավորչի ավելացրած հատվածը մինչև այսօր էլ անփոփոխ օգտագործում են Հայ Եկեղեցու ծիսակարգում: Արիստակեսն իր հետ Հայաստան էր բերել նաև Նիկիայի ժողովում ընդունած 20 կանոնները, որոնք նույնպես հաստատվել են Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից:
Bu haber alphanews kaynağından gelmektedir.
Haber metninde yer alan görüşler haber kaynağı (alphanews) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.
Opinions expressed are those of the author(s)-(alphanews). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com