04 Ekim 2016
Հալէպի հայ համայնքին աջակցելու համար պետական համակարգուած մօտեցում անհրաժեշտ է: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահին մէջ հրաւիրուած ասուլիսի ժամանակ նշած է արաբագէտ, ԵՊՀ քաղաքակրթական եւ մշակութային հետազօտութիւններու կեդրոնի գիտաշխատող Հայկ Քոչարեանը:
«Հալէպում մնացած հայերի թուի վերաբերեալ յստակ վիճակագրութիւն չկայ, սակայն մի քանի հազարի է հասնում: Հալէպից նրանց դուրս չգալու պատճառները տարբեր են: Մի մասը գտնում է, որ այնտեղ իրենց տներն են, եւ պէտք է մնայ, պաշտպանի, մի մասն էլ ցանկանում է դուրս գալ, բայց հնարաւորութիւն չունի: Զարգացումները ցոյց են տալիս, որ ընդդիմադիրների կողմից ռմբահարումներն ուղղուած են լինելու դէպի այն տարածքներ, որտեղ կառավարական ուժերն են վերահսկում: Իսկ պատերազմական ճակատի այդ երկայնքով հայկական թաղմասերն են: Հետեւաբար, պէտք է հասկանալ, որ կարող է աւելի բարդ իրավիճակում յայտնուենք: Անհրաժեշտ է, որ կառավարութիւնը համապատասխան գործառոյթներ ստանձնի եւ փորձի որոշակի լուծումներ առաջարկել ճգնաժամային իրավիճակի զարգացման դէպքում պետութեան անելիքների վերաբերեալ»,- ըսած է Հայկ Քոչարեանը:
Արաբագէտը նշած է, որ Սուրիոյ մէջ բարեբախտաբար կը շարունակեն գործել Հայաստանի դեսպանատունն ու հիւպատոսութիւնը: Ան նկատած է, որ այնտեղ բաւական փորձառու մարդիկ կ՛աշխատին, հետեւաբար կրնան իրականացնել իրենց առջեւ դրուած խնդիրները:
Ըստ Հայկ Քոչարեանի` կան դէպի Հալէպ տանող ճանապարհներ, որոնք կը վերահսկուին կառավարական ուժերու կողմէ: Հետեւաբար, տեղւոյ վրայ աշխատելով` հնարաւոր կ՛ըլլայ ցանկացողները դուրս բերել քաղաքէն: