Բարի Եկած Էք Աստուածաշնչեան Երկիր Հայաստան. Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ողջունած է Հռոմի Պապը - Հայերէն
23 Aralık 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Քաղոց / Օր : Ծմակ / Ժամ : Հոթապեալ

Հայերէն :

26 Haziran 2016  

Բարի Եկած Էք Աստուածաշնչեան Երկիր Հայաստան. Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ողջունած է Հռոմի Պապը -

Բարի Եկած Էք Աստուածաշնչեան Երկիր Հայաստան. Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ողջունած է Հռոմի Պապը Բարի Եկած Էք Աստուածաշնչեան Երկիր Հայաստան. Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ողջունած է Հռոմի Պապը

Գարեգին Բ․ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Տաճարին մէջ Հրաշափառի Բարիգալստեան արարողութեան ընթացքին Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանչիսկոս Պապին ուղղուած ողջոյնի խօսքով հանդէս եկած է:

«Արմենփրես»-­ը կը ներկայացնէ ողջոյնի խօսքը ամբողջութեամբ:

«Ձերդ Սրբութիւն, սիրեցեալ եղբայր ի Քրիստոս,

«Գոհութիւն եւ փառք ենք մատուցում Աստծուն, որ այսօր Միածնաէջ այս սուրբ տաճարում եղբայրական սիրով ու աղօթքով ողջունում ենք Ձերդ Սրբութեանը եւ Ձեզ ուղեկցող պատուիրակութեանը: Խորապէս զգացուած ենք, որ Մեր հրաւէրին ընդառաջ` այցելեցիք Հայաստան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Հինաւուրց այս տաճարը Աստծոյ հետ մեր ժողովրդի կնքած սրբազան ուխտի խորախորհուրդ վկայութիւնն է: Նուիրական այս սրբավայրում իջաւ Յիսուս Քրիստոս եւ Իր Սուրբ Աջով հաստատեց Սուրբ Էջմիածինը` սրբութիւն սրբոցը համայն հայութեան: Աստուածային նախախնամութեամբ հայոց երկրորդ Լուսաւորիչ, առաքելապատիւ սուրբ Գրիգոր հայրապետի տեսիլքով ու անխոնջ ջանքերով նորոգուեցին սուրբ Թադէոս եւ սուրբ Բարդուղիմէոս առաքեալների քարոզութեամբ մեր ժողովրդի սրտում վառուած հաւատքի կանթեղները:

«Այդ օրից ի վեր Սուրբ Էջմիածնից ճառագող լոյսը միաւորում է մեր ժողովրդին տապանակիր Արարատի շուրջ սփռուած իր հայրենիքով, իր սրբութիւններով, իր պատմութեամբ: Անչափ ուրախ ենք, որ այսօր միածնաէջ այս սուրբ տաճարում ի փառս Աստծոյ միաւորւում են սուրբ Պետրոս եւ սուրբ Թադէոս ու սուրբ Բարդուղիմէոս առաքեալների Աթոռների գահակալներիս աղօթքները` հայցելով մեր հաւատացելոց եւ ողջ աշխարհի համար խաղաղութիւն, սիրոյ ու եղբայրութեան ամուր ոգի եւ համագործակցութեան արգասաւորում:

«Այս պահին ջերմ զգացումներով ենք յիշում 2001 թուականին քրիստոնէութիւնը Հայաստանում պետական կրօն հռչակման 1700-­ամեակի առիթով սուրբ Յովհաննէս Պօղոս Բ Պապի այցը Հայաստան: Այն սուրբ Պետրոսի Աթոռի Գահակալի առաջին այցելութիւնն էր մեր երկիր, որը մեր Եկեղեցիների եղբայրական յարաբերութիւններում գործակցութեան նոր խթան հանդիսացաւ: Մեր Եկեղեցիների եղբայրական յարաբերութիւնների առաւել սերտացման գործում նշանակալի աւանդ էք բերել նաեւ Դուք` Ձեր ծառայագործութեան հանգրուաններում առանձնակի ջերմութիւն դրսեւորելով Հայ Եկեղեցու եւ մեր ժողովրդի նկատմամբ: Ձերդ Սրբութեան այցելութիւնը նոր վկայութիւն է մեր Եկեղեցիների եղբայրութեան եւ գործակցութեան, որը երկուստէք զօրացնում է հայ առաքելական ու կաթոլիկ հաւատացեալներին եւ տոգորում լաւատեսութեամբ, որ մեր կեանքում առաւել զգալի պիտի լինեն քրիստոնէական սիրով շաղախեալ մեր հաւատքի վկայութիւնները:

«Մեր ժողովրդի զաւակները երախտագիտութեամբ են յիշում Սուրբ Պետրոս Մայր Տաճարում Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին մատուցած Ձեր հանդիսաւոր պատարագը` ցեղասպանութիւնը դատապարտող պատմական ճառով: Գոհութիւն ենք յայտնում Աստծուն, որ այսօր այստեղ Ձերդ Սրբութեան, Կաթոլիկ Եկեղեցու զաւակների, Ձեր այցի առիթով տարբեր երկրներից Հայաստան ժամանած բազմաթիւ հայորդեաց ու հայրենաբնակ մեր ժողովրդի հետ միասնաբար կարող ենք աղօթել եւ հայցել Հայոց ցեղասպանութեան սրբադասուած նահատակների բարեխօսութիւնը, որոնց արեան վկայութիւնը ոչ միայն հայոց, այլ նաեւ քրիստոնէական ընդհանուր հաւատքի յաղթանակի հաւաստիքն է: Ինչպէս առաքեալն է ասում` շատերի գոհութեամբ առատացած շնորհը աւելանում է ի փառս Աստծոյ (Հմմտ. Բ Կորնթ. Դ15)։

«Հայոց ցեղասպանութեան եւ խորհրդային աստուածմերժութեան տարիների աւերներից յետոյ այսօր հայրենի անկախ պետականութեան պայմաններում մեր Եկեղեցին հոգեւոր նոր զարթօնք է ապրում` ազատօրէն իրականացնելով տէրունաւանդ իր առաքելութիւնը մեր ժողովրդի կեանքում: Մեր Եկեղեցին նաեւ առաւել մասնակցութիւն է բերում համաքրիստոնէական կեանքին` խորին համոզումով, որ աշխարհում առկայ հոգեւոր, քաղաքական, տնտեսական ու մարդասիրական ճգնաժամերի խորացման այս ժամանակաշրջանում առաւել քան կարեւորւում է Քոյր Եկեղեցիների միասնական աղօթքն ու գործակցութիւնը յանուն Քրիստոսի Սուրբ Եկեղեցու առաքելութեան արգասաւորման, աշխարհում հոգեւոր­բարոյական արժէքների պահպանման ու արժեւորման, մերձաւորի հանդէպ սիրոյ զօրացման, որոնցով կեանքում կարող են մարմնաւորուել ապահովութեան եւ բարօրութեան իրական արդիւնքները:

«Աղօթք ենք բարձրացնում Քրիստոսի Սուրբ Եկեղեցու հաստատունութեան եւ պայծառութեան, մեր Տիրոջ պարգեւած սիրոյ ու հաճութեան ոգու տարածման եւ աշխարհում խաղաղութեան ու համերաշխ կեանքի ամրապնդման համար: Հայցում ենք Ձերդ Սրբութեանը Տիրոջ զօրակցութիւնը եւ մաղթում ընդ երկայն աւուրս քաջառողջ, արդիւնազարդ գահակալութիւն` ի պայծառութիւն Հռոմէական Կաթոլիկ Եկեղեցու եւ ի մխիթարութիւն հաւատացելոց:

«Բարի էք եկել աստուածաշնչեան երկիր Հայաստան եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

«Մեր Տիրոջ եւ Փրկչի Յիսուս Քրիստոսի ողորմութիւնը, շնորհներն ու օրհնութիւնը թող լինեն մեզ հետ եւ ամէնքի.

«Ամէն»





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+