05 Haziran 2016
Գերմանիոյ Պունտեսթակն ընդունեց Հայոց ցեղասպանութեան ճանաչման բանաձեւը, որն ունի «1915 թ. հայերի եւ միւս քրիստոնիայ փոքրամասնութիւնների ցեղասպանութեան յիշատակի եւ ոգեկոչման մասին» անուանումը: Բանաձեւն ընդունուեց ունենալով ընդամէնը մէկ դէմ, մէկ ձեռնպահ ձայն:
Ելոյթ ունեցողները միաձայն ընդգծում էին անցեալի հետ առերեսման անհրաժեշտութիւնը, նաեւ` Հայաստանի եւ Թուրքիոյ հաշտեցման գործընթացին նպաստելու մղումները:
Պունտեսթակում բարձրաձայնուել է Օսմանեան Թուրքիոյ ոճրագործութեան մասին` նշելով, որ Գերմանիոյ քայլը ոչ թէ հայց է եւ մեղադրանք, այլ խոնարհում զոհերի յիշատակի առջեւ:
Պունտեսթակի նախագահ Նորպըրթ Լամերթը յայտարարել է խիզախութեան դրսեւորման եւ անցեալի մութ էջերի հետ առերեսուելու անհրաժեշտութեան մասին: «Անցեալի հետ առերեսումը մեզ համար կարող է ցաւոտ լինել, սակայն միեւնոյն ժամանակ կարող է լինել ազնիւ եւ ինքնաքննադատական մօտեցում սեփական անցեալի նկատմամբ: Դա կարեւոր է այլ պետութիւնների հետ յարաբերութիւնների կառուցման տեսանկիւնից, որի համար պէտք է խիզախութիւն` փոխըմբռնման եւ հաշտեցման հասնելու համար»,- ասել է Լամերթը:
Բանաձեւը համատեղ կազմել եւ ներկայացրել են իշխող կոալիցիայի մաս կազմող Քրսիտոնիայ-դեմոկրատական միութիւն (CDU) եւ Քրիստոնէական-սոցիալական միութիւն (CSU), Սոցիալ-դեմոկրատական (SDP) եւ ընդդիմադիր Կանաչների կուսակցութիւնները: