Տենիզլիի Երբեմնի Հայ Համայնքը Եւ Սուրբ Աստուածածին Եկեղեցին - Հայերէն
23 Kasım 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Տրե / Օր : Ծմակ / Ժամ : Շառաւիղեալ

Հայերէն :

13 Şubat 2017  

Տենիզլիի Երբեմնի Հայ Համայնքը Եւ Սուրբ Աստուածածին Եկեղեցին -

Տենիզլիի Երբեմնի Հայ Համայնքը Եւ Սուրբ Աստուածածին Եկեղեցին Տենիզլիի Երբեմնի Հայ Համայնքը Եւ Սուրբ Աստուածածին Եկեղեցին

Տենիզլի քաղաքը գտնւում է ներկայիս Թուրքիայի հարաւ-արեւմուտքում: Համանուն նահանգի վարչական կենտրոնն է: Քաղաքը յայտնի է հիւսուածեղէնի արտադրութեամբ եւ գորգագործութեամբ:

Օսմանեան ժամանակաշրջանում Տենիզլին, որպէս մութասարրըֆութիւն (սանճագ, մարզ, «Ակունք»-ի խմբ.), եղել է Այտընի վիլայեթի կազմում: Քաղաքի հասարակական տարածութիւնը կազմում էր շուկան եւ երկաթուղու կայարանը, որոնք կառուցուած են եղել տներից հեռու` առանձին վայրում:

Քաղաքի բնակչութիւնը կազմուած է եղել թուրքերից, յոյներից, հայերից եւ հրեաներից:

Ա. Համաշխարհային պատերազմից առաջ Տենիզլի սանճագում բնակւում էր 3.328 յոյն, 616 հայ եւ 37 հրեայ [1]:

1927 թ. մարդահամարի տուեալների համաձայն (մարդահամարն անց են կացրել հաշուի առնելով լեզուական գործօնը), Տենիզլիում փոքրամասնութիւնների լեզուներից գրանցուել է յունարէն 73 լեզուակիր, հայերէն` 1, եբրայերէն` 1 [2]:

Տենիզլիի հայ համայնքը

Տենիզլիի փոքրաթիւ հայ համայնքը կազմուել է Պարսկաստանից այստեղ եկած գաղթականների հաշուին, որոնք սկզբնական շրջանում հաստատուել են շուկայի մերձակայքում: Մխիթարեան միաբանութեան անդամ հայր Յ. Քոսեանի վկայութեամբ, 19-րդ դարի վերջին քաղաքի երկաթուղու կայարանից քաղաք տանող ճանապարհի աջ կողմում են եղել նախկին հայկական գերեզմանոցի աւերակները: Մօտակայքում գտնուող հայկական եկեղեցին վերածուել է Քուրշունլու մզկիթի [3]:

18-րդ դարի վերջին հայերը շուկայի մերձակայքից տեղափոխւում են քաղաքի վերին ծայրը` կազմելով մի նոր թաղամաս: Թաղամասը բաժանուած է եղել Վերին թաղի եւ Վարի թաղի, որոնց մէջտեղում կառուցել են եկեղեցին` Սուրբ Աստուածածինը, եւ վարժարանը:

19-րդ դարի վերջին Տենիզլիի հայ համայնքը բաղկացած է եղել 80 տնից, որից 10 տունը ցրուած է եղել շրջակայ գիւղերով: Հայերը մեծամասամբ զբաղուել են առեւտրով եւ տեղական արհեստներով:

Մինչեւ թանզիմաթեան բարեփոխումները` Տենիզլիի հայերը թրքախօս են եղել, սակայն ազգային զարթօնքի պայմաններում վերականգնել են մայրենին` հայերէնը: Հայր Յ. Քոսեանի վկայութեամբ, 9-րդ դարի վերջին երիտասարդ սերունդը վարժ խօսում էր հայերէն:

Սուրբ Աստուածածին եկեղեցին

Եկեղեցու աւագ դրան վրայ տեղադրուած մարմարէ քարի վրայի արձանագրութեան համաձայն, եկեղեցին կառուցուել է 1831 թ., Խաչի աղայի ֆինանսաւորմամբ, իսկ եկեղեցին կառուցելու սուլթանական ֆերման ստացել է Ճանիկ ամիրան:

Սուրբ Աստուածածին եկեղեցին եղել է քարաշէն եւ ունեցել է 14,20 մ երկարութիւն ու 9 մ լայնութիւն: Եկեղեցու փայտածածկ ձեղունը վեր է խոյացել իրարից հաւասարաչափ հեռաւորութեան վրայ գտնուող չորս փաշտաշէն սեան վրայ: Աւագ խորանը նուիրուած է եղել Սուրբ Աստուածածնին, աջակողմեան խորանը` Սուրբ Լուսաւորչին, իսկ ձախակողմեան խորանը` Սուրբ Գլխադրին:

Եկեղեցու աւագ դռան առջեւ եւ հարաւային կողմում դրսի կողմից իրարից հաւասարաչափ հեռաւորութեան վրայ գտնուող 12 սիւն է եղել: Կանանց համար նախատեսուած վերնատունը գտնուել է աւագ դռան վերեւում:

Տենիզլիի վարժարանը

Եկեղեցու պարտէզում եղել է ընդարձակ շէնք, որի առաջին յարկը եղել է թաղականաց ժողովի սրահը, իսկ երկրորդ յարկում տեղակայուած է եղել վարժարանը: Վարժարանն ունեցել է երկու դասարան` նախատեսուած տղաների եւ օրիորդների համար: 1897 թ. վարժարանում ուսանել է 50 աշակերտ եւ 28-30 աշակերտուհի:

Աշակերտուհիներին դասաւանդել են ձեռագործ, հայերէն եւ նախնական առարկաներ, իսկ աշակերտներին` հայերէն, տաճկերէն եւ երկրորդական առարկաներ:

Տենիզլիի հայկական գերեզմանոցը

Տենիզլիի հայ համայնքը 19-րդ դարում ունեցել է երկու գերեզմանոց, մէկը եկեղեցու պարտէզում, նախատեսուած հարուստ խաւի համար, իսկ միւսը` յունաց թաղի մերձակայքում:

1893 թ. համաճարակի հետեւանքով արգելուել է եկեղեցու պարտէզում ննջեցեալներին յուղարկաւորել, որից յետոյ թէ՛ հարուստներին եւ թէ՛ աղքատներին ամփոփել են յունաց թաղին մօտ գտնուող գերեզմանոցում, որը շրջափակել են բարձր պարիսպներով:

Akunq.net





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+