Մխիթարեան Միաբանութեան Յաւերժող Յիշատակը - Հայերէն
23 Aralık 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Քաղոց / Օր : Ծմակ / Ժամ : Կամաւօտ

Հայերէն :

10 Ekim 2016  

Մխիթարեան Միաբանութեան Յաւերժող Յիշատակը -

Մխիթարեան Միաբանութեան Յաւերժող Յիշատակը Մխիթարեան Միաբանութեան Յաւերժող Յիշատակը

Օրերս Երեւանի «Նարեկացի» մշակութային միութիւնում տեղի ունեցաւ հետաքրքրական միջոցառում` նուիրուած Աւստրիայում երկար տասնամեակներ գործող հայկական Մխիթարեան միաբանութեանը: Միջոցառման բանախօսն էր Վիեննայից Երեւան եկած եւ ճանաչուած մշակութաբան, լրագրող Պարպարա Տենշերը: Հիմնական նիւթն առնչւում էր Վիեննայում գործող Մխիթարեան միաբանութեան տպարանի բազմածաւալ գործունէութեանը, որը Պարպարա Տենշերը որակել է որպէս կամուրջ Արեւելքի եւ Արեւմուտքի մշակոյթների միջեւ: Հէնց այդ վերնագրով է Երեւանում «Ամարաս» անուանի ու վաստակաշատ հրատարակչութեան կողմից (տնօրէն` Արկադի Ասրեան) հրատարակուել Պ. Տենշերի գիրքը (հայերէն եւ գերմաներէն), որը պարունակում է մանրամասն փաստացի, պատմական տուեալներ Եւրոպայի կենտրոններից մէկում` Վիեննայում գործող հայկական միաբանութեան մասին: Մշակութային գործիչ, Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր Ռոբերտ Միրզոյեանը սոյն գրքի իր նախաբանում գրել է. «Աւստրիացի լրագրող Պարպարա Տենշերը արդէն տասնմէկ տարի է ինչ սերտօրէն եւ անշահախնդիր կապուած է Հայաստանի հետ: Ներկայացուող նիւթը Վիեննայի Մխիթարեան միաբանութեան տպարանի մասին է եւ կարծես թէ կապ չունի Հայաստանի հետ, սակայն միանշանակ եւ անհերքելի է, որ Վիեննայի Մխիթարեանների հարուստ մշակութային եւ գիտական արժէքները հայ ժողովրդին են պատկանում եւ Հայաստանի Հանրապետութեանը, որոնք պէտք է լինեն այդ արժէքների տէրը, նրանց պահպանման եւ այդ արժէքները ստեղծողների գոյատեւման երաշխաւորները»: Ըստ Ռոբերտ Միրզոյեանի վկայութեան, անցած 11 տարիների ընթացքում Պարպարա Տենշերը բարեգործական նպատակներով բազմիցս եղել է Հայաստանում: Հայաստանի եւ հայ ժողովրդի բարեկամներից է: Ծանօթ է հայ ժողովրդի պատմութեանը, այցելել է Հայաստանի գրեթէ բոլոր տեսարժան վայրերը:

Տարբեր տարիներին եւ տարբեր առիթներով գերմանախօս ընթերցողների համար բազմաթիւ նիւթեր է տպագրել Հայաստանի մասին: Աւստրիայի պետական ռատիոյի առաջին ծրագրով զանազան բովանդակութիւններով հնչել են նրա հաղորդումները Հայաստանի մասին, որոնց շարքում ամենանշանաւորը 2001 թ. «Արարատի հովանու ներքոյ» նիւթն է, որը հաղորդուել է 8 անգամ:

2004 թ. Վիեննայի յայտնի «Փիքուս» հրատարակչութիւնը գերմաներէն լեզուով լոյս է ընծայել Պարպարա Տենշերի «Արարատի հովանու ներքոյ» գիրքը, որը ջերմ ընդունելութեան արժանացաւ ընթերցողների մօտ եւ վերահրատարակուեց 2010 թուականին:

Վիեննայի Մխիթարեան միաբանութեան տպարանի պատմութեան համառօտ շարադրանքը թարգմանաբար տպագրուել է 2007 թ. Հայաստանի հայրենակցական միութիւնների խորհրդի «Բնօրրան» հանդէսում: Ամբողջութեամբ նիւթը տպագրուել է 2009 թ. Վիեննայում` «Buch-und Provenien=forschung» ժողովածուի մէջ:

Վիեննայի Մխիթարեան միաբանութեան հիմնադրման 200-ամեակին նուիրուած Երեւանում անցկացուող գիտաժողովին իր մասնակցութիւնը Պարպարա Տենշերն արժեւորեց այս գրքով, որը նիւթի վերամշակուած եւ լրացուած տարբերակն է` գերմաներէն եւ հայերէն լեզուներով:

barbara_101016Յիշատակած գրքի ուշագրաւ բաժինների խորագրերն են. «Կոստանդնուպոլսից` Վիեննա», «Տպարանի ստեղծումը», «Օտարալեզու տպագրութեան կենտրոն», «Հայկական ազգային մատենադարան» եւ այլ, որոնք հիմնականում արդէն իսկ ուրուագծում են ամբողջ ժողովածուի ասելիքը: Վերը յիշատակուած, օրերս Երեւանում «Նարեկացի» մշակութային միութիւնում տեղի ունեցած միջոցառմանը Պարպարա Տենշերը, անդրադառնալով «Կամուրջ Արեւելքի եւ Արեւմուտքի մշակոյթների միջեւ»` Վիեննայի Մխիթարեան միաբանութեան մասին գրուած իր գրքին, հիմնականում ներկայացրեց հետեւեալ ուշագրաւ փաստերը.

Վիեննայի Մխիթարեան միաբանութիւնը գտնւում է քաղաքի կենտրոնում` Աւստրիայի խորհրդարանին եւ Վիեննայի քաղաքապետարանին շատ մօտ:

Շինութիւնը նախկինում եղել է շատ վատ վիճակում, բայց հիմա շատ լաւ նորոգուած է: Շէնքը կառուցուած է 1835-1837 թթ. ընթացքում:

Շէնքի նախագծի հեղինակն է աւստրիացի յայտնի ճարտարապետ Եոզեֆ Քորնհոյզելը: Նա նախագծել է պարզ, բայց գեղեցիկ մի երկար շէնք: Շէնքում տեղ կար ոչ միայն վանքի, այլ նաեւ տպարանի համար: Մօտ 189 տարի Վիեննայում գործում էր Մխիթարեան միաբանութեան տպարանը, որը մի կարեւոր կառոյց էր հայկական մշակոյթի պահպանման, փոխանցման եւ տարածման համար: Այն կարեւոր դեր ունէր Վիեննայի, ինչպէս նաեւ Կենտրոնական եւ Արեւելեան Եւրոպայի մշակութային կեանքում:

Միաբանութեան տպարանն իր աշխատանքով մի ամուր եւ վստահելի կամուրջ էր տարբեր մշակոյթների միջեւ: Եւ մենք պէտք չէ մոռանանք այդ արժէքաւոր եւ շնորհակալ գործը:

Դեռեւս Թրիեսթում եղած ժամանակ միաբանութիւնն արդէն ունէր տպարան: Այնտեղից Վիեննա են բերուել մի քանի անհրաժեշտ հաստոցներ եւ տպատառեր: Բայց ամէնից առաջ կարեւոր էր տպարան ունենալու թոյլտուութիւնը, որը տուել էր իշխանուհի Մարիա Թերեզան 1775 թ., եւ որը Վիեննայում թարմացուել էր կայսր Ֆրանց Առաջինի կողմից 1810 թ.:

Այդպիսով, միաբանութիւնն ունէր հնարաւորութիւն` տպելու գրքեր Արեւելքի եւ Արեւմուտքի երկրների լեզուներով:

Հէնց սկզբից տպարանն ունէր յաջողութիւն, քանի որ նրա արտադրանքը բարձր որակի էր: Ինչպէս արդէն ասել եմ, տպարանը մեծ նշանակութիւն ունէր հայկական մշակոյթի համար, որի ապացոյցն են մեծաթիւ հայերէն գրքերը` տպուած միաբանութեան տպարանում: Շատ անգամ Մխիթարեանները եղել են նաեւ հրատարակիչներ: Օրինակ` 1890 թուականից յետոյ հրատարակուել է «Ազգային մատենադարան» մատենաշարը: Մինչեւ 1996 թ. հրատարակուել է 239 հատոր` նուիրուած հայոց պատմութեանը, գրականութեանը, լեզուաբանութեանը, եկեղեցու եւ արուեստի պատմութեանը:

Միաբանութիւնը հրատարակել է նաեւ գիտական հանդէս` «Հանդէս ամսօրեայ», որը հրատարակում է առ այսօր, սակայն արդէն երկար ժամանակ ոչ թէ որպէս ամսագիր, այլ` տարեգիրք: Տպարանը փակուելուց յետոյ այն տպագրւում է Հայաստանում:

Միաբանութեան տպարանում, բացի հայերէնից, տպագրուել են գրքեր 41 այլ լեզուներով, այդ թւում` գերմաներէն, յունարէն, պուլկարերէն, ռուսերէն, եբրայերէն, ղպտերէն, վրացերէն, լեհերէն եւ այլն: Այդպիսի աշխատանք կատարելու համար անհրաժեշտ տառատեսակները պատրաստւում էին միաբանութեան տառաձուլարանում:

1851 թ. տպարանը ստացել է յատուկ պատուէր: Այն ժամանակ Վիեննայի միաբանութեան տպարանում տպագրուել է աշխարհում առաջին ճափոնա-գերմանական բառարանը: Բառարանը կազմել է աւստրիացի արեւելագէտ-գիտնական Աւգուստ Փֆիցմայերը: Քանի որ այդպիսի բառարանի համար հարկաւոր էր ունենալ 1034 ճափոնական տպատառեր, նա դիմել է միաբանութեանը, որովհետեւ միայն Մխիթարեանները կարող էին կատարել այդ աշխատանքը: Նրանք բարձր մակարդակով են կատարել այդ գործը, ինչի մասին բազմաթիւ անգամ նշուել է գրականութեան մէջ:

Ոչ լատինատառ տպագրութեան շնորհիւ է, որ Վիեննայի մխիթարեանների տպարանն առաջին օրուանից յատուկ նշանակութիւն ունէր:

Տպարանը վաղուց ունէր քիրիլեան տպատառեր: 1818 թ. տպագրուել է սերպերէն-գերմաներէն-լատիներէն բառարանը, ինչը տպարանի համար առաջին սլաւոներէն աշխատանքն էր: Այդ բառարանը կազմել է Վուք Սթեֆանովիչ Քարաճիչը, ով յայտնի է որպէս ժամանակակից սերպերէն գրական լեզուի ստեղծող: Նա այդ արել է Վիեննայում եւ միաբանութեան տպարանը մեծ դեր ունի այդ գործում: Քարաճիչը թուրքերի դէմ սերպական ապստամբութեան ճնշումից յետոյ փախել է Վիեննա, որտեղ ապրել է մինչեւ իր մահը, աւելի քան` 50 տարի:

Վիեննայում Քարաճիչը գրել է շատ գրքեր սերպերէն լեզուի, գրականութեան եւ արուեստի մասին եւ նրա գրեթէ բոլոր գրքերը տպագրուել են Մխիթարեանների մօտ: Այնտեղ է հրատարակել նաեւ Նոր Կտակարանի իր թարգմանութիւնը, ինչը մեծ նշանակութիւն ունի սերպական մշակոյթի համար:

Տպարանի արտադրանքի բարձր որակը եւ նրա նկատմամբ եղած մեծ վստահութիւնը թոյլ տուեցին, որ տպարանը ստանայ նաեւ պատուէրներ պետութեան կողմից` տպագրելու օրէնքների ժողովածու, դասագրքեր եւ նոյնիսկ թղթադրամներ: Այդպիսով, տպարանը գրեթէ ունէր պետական կառոյցի կարգավիճակ:

Ես արդէն ասել եմ, որ մենք պէտք չէ մոռանանք մշակոյթի համար Վիեննայի Մխիթարեան միաբանութեան կատարած աշխատանքը, բայց նաեւ յատուկ պէտք է նշուի եւ պէտք չէ մոռացուի նրանց օրինակելի պահուածքը ընկերային հարցերը լուծելիս: Այսպէս, երբ 1831 թ. Վիեննայում քոլերայի համաճարակի պատճառով չկար ոչ մի պատուէր, միաբանութեան գլխաւոր վանահայր Ազարեանի հրամանով բոլոր աշխատողները մնացին իրենց տեղերում, չնայած որ ուրիշ հիմնարկներում շատերն ազատուեցին աշխատանքից: Բացի այդ, հիւանդ աշխատողները ստացել են անվճար դեղորայք եւ բուժօգնութիւն:

Հետագայում տպարանում ստեղծուեց հիմնադրամ` Վիեննայի տպարանների հիւանդացած աշխատողներին օգնելու համար, ինչը նախատիպն էր այսօրուայ բժշկական ապահովագրութեան:

Գլխաւոր վանահայր Ազարեանը հիմնել է նաեւ «Որակեալ կաթոլիկ գրքերի տարածման միութիւն», որը գրական միութեան նախատիպ էր եւ ունէր բարեգործական նպատակ: Միութիւնը իւրաքանչիւր տարի հրատարակում էր չորսից մինչեւ եօթ հատոր գիրք, բացի հոգեւոր գրքերից` նաեւ գրքեր պատմութեան, գիտական նորութիւնների, աշխարհագրութեան եւ այլ թեմաներով: Միութեան անդամները տարեկան ստանում էին իւրաքանչիւր հատորի վեց օրինակ, որից մէկն իրենց համար, իսկ մնացած հինգը` բաժանելու չունեւոր մարդկանց:

Տպարանն ամէն տարի 500-800 գիրք անվճար տալիս էր հաշմանդամների տներին, բանտերին, հիւանդանոցներին եւ նման այլ կազմակերպութիւնների: 1830-1848 թթ. այդ ձեւով բաժանուել է մօտ կէս միլիոն գիրք:

1918 թ. Աւստրօ-հունգարական կայսրութեան փլուզումը մեծ դժուարութիւններ ստեղծեց Վիեննայի Մխիթարեան միաբանութեան տպարանի համար, քանի որ միանգամից վերացան նախկին հապսպուրկեան կայսրութեան երկրներից ստացուող պատուէրները: Սակայն Եւրոպայում նոր քաղաքական իրավիճակը եւ Վիեննայի Մխիթարեան միաբանութեան տպարանի հեղինակութիւնը, ո՛չ լատինատառ տպագրութեան շնորհիւ, նոր պատուէրներ բերեցին տպարանին: Օրինակ` տպարանը ստացել է պատուէրներ ռուս տարագիրներից:

Առանձնակի ուզում եմ նշել, որ Հայաստանի Ա. Հանրապետութեան դեսպանութիւնը 1918-1920 թթ. տեղաւորուած է եղել Մխիթարեան միաբանութեան շէնքում եւ օգտուել է տպարանի ծառայութիւնից, ինչը շատ կարեւոր փաստ է:

Անչափ կարեւոր է նշել, որ այն տարիներին, երբ Հայաստանը Խորհրդային Միութեան կազմում էր, միաբանութեան տպարանում տպագրւում էին հայերէն այնպիսի գրքեր, որոնց տպագրութիւնն արգելուած էր այն ժամանակուայ Հայաստանում:

Բ. Համաշխարհային պատերազմից յետոյ, շնորհիւ երկար տարիների ընթացքում լաւ աշխատանքով ստեղծած հեղինակութեան, Վիեննայի Մխիթարեան միաբանութեան տպարանը ստացել է պատուէրներ` հրատարակելու շքեղ ձեւաւորուած գրքեր, ալպոմներ եւ քաթալոկներ, այդ թւում` Աւստրիայի պետական թանգարաններից, օփերայից, թատրոններից եւ նման այլ կազմակերպութիւններից, ինչպէս նաեւ բազմաթիւ ամսագրեր տարբեր` միութիւնների համար:

20-րդ դարի վերջում աւանդական մեթոտներով աշխատող շատ տպարանների, այդ թւում նաեւ Վիեննայի Մխիթարեան միաբանութեան տպարանի համար անչափ դժուար էր վերազինուել եւ դիմակայել թեքնիք զարգացման եւ նոր արհեստագիտութիւնների պահանջներին, որը, ի թիւս այլ պատճառների, 1998 թ. տպարանի փակման հիմնական պատճառը դարձաւ:

Յետ նայելով Վիեննայի Մխիթարեան միաբանութեան պատմութեանը` մենք լիովին համաձայն ենք պատմաբան Անտոն Մայերի գնահատականին` «Մխիթարեանների տպարանում հրատարակուած գրքերը կարող են դասուել տպագրական գործի սկզբից ի վեր այդ ասպարէզի լաւագոյն հրատարակութիւնների շարքին», եւ աւելացնենք, որ Վիեննայի Մխիթարեան միաբանութեան տպարանը իսկապէս կամուրջ է եղել Արեւելքի եւ Արեւմուտքի մշակոյթների միջեւ:

Ներկաները խորին ուշադրութեամբ ունկնդիր եղան այս յոյժ հետաքրքրական եւ արժէքաւոր ելոյթին, որով առաւել հարստացաւ նրանց իմացութիւնը հայ ազգի մշակութային, գիտական աննահանջ ընթացքի, նուաճումների ու հեռանկարների մասին: Օրերս իր հերթական առաքելութեամբ Վիեննայից ժամանած մշակութային գործիչ Պարպարա Տենշերը այցելելու է Գիւմրի քաղաքը` դրանով եւս մի անգամ հաւաստելով Մխիթարեան միաբանութեան յաւերժող յիշատակի կարեւորութիւնը:

Երեւան

ԹԱՄԱՐ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Արուեստագիտութեան դոկտոր





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+