Ստամբուլահայ երգչուհի Սիբիլը ցանկանում է Հայաստանն ավելի լավ ճանաչել - Հայերէն
23 Aralık 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Քաղոց / Օր : Ծմակ / Ժամ : Ճառագայթեալ

Հայերէն :

08 Ağustos 2015  

Ստամբուլահայ երգչուհի Սիբիլը ցանկանում է Հայաստանն ավելի լավ ճանաչել -

Ստամբուլահայ երգչուհի Սիբիլը ցանկանում է Հայաստանն ավելի լավ ճանաչել Ստամբուլահայ երգչուհի Սիբիլը ցանկանում է Հայաստանն ավելի լավ ճանաչել

Նա իր գեղեցիկ ձայնով և հայ երգի յուրօրինակ կատարումներով կարողացավ նվաճել շատ ու շատ ազգերի` հատկապես թուրքերի սրտերը: Հայաստանում էլ տաղանդավոր ստամբուլահայ երգչուհի Սիբիլ Բեկթորոսօղլուն շատ երկրպագուներ ունի, ովքեր անհամբերությամբ են սպասում նրա հետ հանդիպմանը: Այս անգամ երգչուհին Հայաստանում էր` կրկին հանդես գալու Համահայկական խաղերի բացմանը: «Արմենպրես»-ը Սիբիլ Բեկթորոսօղլուի հետ զրուցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի անակնկալի, երաժշտության ու երգի, արմատների և այլ հարցերի շուրջ:

Սիբիլը` Համահայկական խաղերի մասին

Համահայկական 6-րդ խաղերի առիթով եմ եկել Հայաստան, հրավեր ստացա Համահայկական կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանից և օգոստոսի 2-ին ելույթ ունեցա Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում: 5-րդ համահայկական խաղերին էլ եմ մասնակցել. դա իմ երկրորդ այցելությունն էր Հայաստան, հետո ավելի հաճախ սկսեցի գալ:

Հայաստանում շատ վայրեր կցանկանայի տեսնել

Հայաստան գալս վազվզոցի մեջ է անցնում, առիթ չեմ ունենում պտտվելու: Երանի~ մի օր գամ միայն պտտվելու համար, այլ ոչ գործով: Շատ տեղեր կան, որտեղ չեմ եղել, չեմ տեսել, բայց կցանկանայի լինել:

ՀՀ Նախագահի պարգևի` «Երախտագիտություն» շքանշանի մասին

Ինձ համար շատ մեծ անակնկալ եղավ, քանի որ չէի սպասում այս պարգևին: Շատ ուրախացա, անշուշտ, ոգևորիչ են այս մրցանակները, մեդալները: Դրանք ուրախացնում են և քաջալերում ինձ:

Սիբիլի ընտանիքն էլ Մեծ եղեռնի հետևանքով զոհեր է տվել

Մայրիկիս կողմը Սիվասից և Թոքատից են, հորս կողմը բոլորը ստամբուլահայ են: Մեծ եղեռնի հետևանքով, դժբախտաբար, զոհեր եղել են մեր գերդաստանում: Մեծ մայրս ամբողջ ընտանիքն է կորցրել:

Հայրս ինձ եկեղեցի էր տանում

Ամեն կիրակի ինձ ձեռքից բռնում էր և եկեղեցի տանում: Կարող եմ ասել` եկեղեցու մեջ եմ մեծացել, այդ մեղեդիներով եմ մեծացել: Եղել եմ երգչախմբի անդամ, շատ տարիներ երգել եմ երգչախմբում, բայց ավելի շատ առանձին երգել եմ սիրում: Երգչախմբի մեջ ջանացի իմ սերը հագեցնել հայկական երգերով:

Հայրիկը ստիպում էր հայերեն խոսել

Հայրիկը տանը պահանջում էր հայերեն խոսել, ուստի ստիպված էինք մեր տանը հայերեն խոսել, իսկ եթե չխոսեինք` կռիվ կլիներ, կբարկանար (ծիծաղում է): Այդ շրջանում մի քիչ հակառակվում էի, չէ ցանկանում, բարկանում էի հորս վրա, բայց հիմա շնորհակալություն եմ հայտնում, որ իր շնորհիվ, իմ ընտանիքի շնորհիվ լավ հայերեն գիտեմ: Միայն 5 տարի եմ կարողացել հայկական վարժարան գնալ, եթե մեր տանը հայերեն չխոսեինք, ես այսքան սահուն և մաքուր չէի կարողանա խոսել:

Երգչուհին բանկում է աշխատում

Աշխատում եմ բանկում: Ներդրումային բանկ է. աստղային ամեն ինչ պետք է թողնեմ և երկուշաբթի աշխատանքի գնամ: Գործընկերներս շատ լավ են վերաբերում ինձ, երբեմն մրցանակաբաշխություններից վերադառնալիս, երբ կարմիր գորգերով եմ քայլում, կատակով ասում են` «Սիբիլ, կներես այստեղի գորգերը կարմիր չեն»: Երբ նույն վերելակի մեջ ենք լինում, կատակում են՝ ասելով`«Օ~, աստղի հետ ենք»: Բայց ես հասարակ և նորմալ կյանքով եմ ապրում:

Թուրքիայում Սիբիլն առաջիններից էր, ում հայերեն ստեղծագործությունները ներկայացվեցին հանրությանը

Շատ մեծ անակնկալ էր, մանավանդ պետական հեռուստատեսությամբ ցուցադրությունները: Թուրքիայի պետական հեռուստատեսությամբ այս անգամ ևս պետք է հնչի 8 հայերեն երգ, ծրագիրը սեպտեմբերին պետք է ցույց տան:

...Թուրքիայում հաղորդավարները երաժշտական ծրագրերից մեկի ժամանակ ասացին` ինչո՞ւ Սիբիլը չգնա «Եվրատեսիլ» և Թուրքիան չներկայացնի: Նման խոսակցություն եղավ, բայց պաշտոնական հրավեր չէր: Չգիտեմ, այդքան հեշտ չէ, որ նման մրցույթի հայ ուղարկեն Թուրքիայից:

Շառլ Ազնավուրին տեսնելու և նրա հետ երգելու երազանքի մասին

Չգիտեմ, երբ կիրականացնեմ այդ երազանքը: Անիի ավերակներում երգելու իմ երազանքը վերջերս կատարվեց՝ շնորհիվ համահայկական կոմիտեի ու Իշխան Զաքարյանի: Մեկը պետք է, որ ինձ ծանոթացնի Ազնավուրի հետ:

Շատ երազանքներ ունեմ, ամենամեծ երազանքներիցս մեկն այն է, որ համաշխարհային երգչուհի դառնամ, օտարներն էլ ավելի շատ լսեն ինձ, չնայած, իհարկե, կան օտարազգիներ, որ ինձ լսում են:

Ծրագրեր, նորություններ

Գիտեմ, որ երկրպագուներս միշտ իմ կողքին են, սիրում են ինձ, ունեմ պլաններ. ԱՄՆ-ում և այլ տեղերում համերգներ կունենամ: Երկրորդ ալբոմս վերջերս եմ ներկայացրել, մեկ տարի է արդեն, այլ աշխատանքներ էլ ունեմ, նոր երգեր, տեսահոլովակներ, հուսամ կիրականան: Սեպտեմբերի 24-ին էլ որպես հյուր կմասնակցեմ իմ ընկեր, պրոդյուսեր Մաժակ Թոշիկյանի համերգին:

Հարցազրույցը` Ռոզա Գրիգորյանի

Լուսանկարները` Տաթև Դուրյանի






Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+