Ծիսական գիտելիքներ : Աստուածամօր Սուրբ Վարդարանը. «Մարիամի Հետ Միասին՝ Աղօթել Քրիստոսին»:
27 Aralık 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Քաղոց / Օր : Վահագն / Ժամ : Շաւաղօտ

Ծիսական գիտելիքներ : Աստուածամօր Սուրբ Վարդարանը. «Մարիամի Հետ Միասին՝ Աղօթել Քրիստոսին»:

Ծիսական գիտելիքներ

Ծիսական գիտելիքներ Tüm yazılarını göster..

15 Mayıs 2020  

Աստուածամօր Սուրբ Վարդարանը. «Մարիամի Հետ Միասին՝ Աղօթել Քրիստոսին»:




Վարդարանը Աստուածամօր բարեխօսութիւնը հայցող մի աղօթք է, որը միաժամանակ հրաւիրում է խորհրդածել Տէր Յիսուս Քրիստոսի երկրային կեանքի դրուագների մասին՝ Աստուածամօր առաջնորդութեամբ եւ նրա հետ միասին:«Մարիամի հետ միասին՝ աղօթել Քրիստոսին» Սբ. Յովհաննէս Պօղոս Բ

Վարդարանը Աստուածամօրը նուիրուած ժողովրդական ջերմեռանդական աղօթք է, որը շատ սիրելի է յատկապէս կաթողիկէ հաւատացեալների համար եւ մեծ տարածում ունի: «Վարդարան» բառը նշանակում է «վարդերի պարտէզ»: Անուանումը ծագել է Աստուածամօրը վարդեր նուիրելու հին սովորութիւնից. այս աղօթքը նմանեցուել է վարդերի մի փնջի, որ ամէն անգամ հաւատացեալը նուիրում է Սուրբ Կոյսին: Իր երեւումների ժամանակ Աստուածածինն ինքն է ասել, թէ ամէն մի «Ողջո՜յն քեզ, Մարիամ…» աղօթքն ասելիս՝ իրեն ենք նուիրում մէկ վարդ:

Վարդարանը Աստուածամօր բարեխօսութիւնը հայցող մի աղօթք է, որը միաժամանակ հրաւիրում է խորհրդածել Տէր Յիսուս Քրիստոսի երկրային կեանքի դրուագների մասին՝ Աստուածամօր առաջնորդութեամբ եւ նրա հետ միասին: Ինչպէս ասում էր մեծ մարեմասէր Սուրբ Լուի Մարի Գրինեոն դե Մոնֆորը, «դէպի Քրիստոս՝ Մարիամի միջոցով»: Սբ. Յովհաննէս Պօղոս Բ. Քահանայապետը Վարդարանին նուիրուած իր գրութեան մէջ ասում է. «Վարդարանի միջոցով հաւատացեալները ստանում են առատ շնորհներ՝ անմիջապէս Փրկչի Մօր ձեռքերից»: 1917թ. Ֆաթիմայում Աստուածամօր երեւումներին ականատես Քոյր Լուսիան ասում էր. «Չկայ մի խնդիր, ինչքան էլ բարդ լինի, նիւթական կամ հոգեւոր, մեր անձնական կամ ընտանեկան կեանքում…որ հնարաւոր չլինի լուծել Վարդարան աղօթելով»:

Վարդարանի աղօթքի պսակը բաղկացած է հինգ տասնեակ եւ եւս երեք հրեշտակային ողջոյններից, որոնցից առաջ աղօթում ենք Տէրունական աղօթքը, իսկ յետոյ՝ «Փառք Հօր…» աղօթքը եւ եւս մէկ աղօթք՝ աւանդուած Ֆաթիմայում Տիրամօր երեւումներից: Իւրաքանչիւր տասնեակ նուիրուած է Տիրոջ կեանքի մէկ դրուագի խորհրդածութեան: Այդ դրուագները կոչւում են «խորհուրդներ», հետեւաբար դրանց մասին խորհրդածութիւնը ինքնին մեզ համար աստուածային շնորհներ ընդունելու եզակի առիթ է: Շաբաթուայ իւրաքանչիւր օրուայ համար նախատեսուած է խորհուրդների մէկ խումբ: Վարդարանի համար նախատեսուած է քսան խորհուրդ՝ չորս խմբերով, իւրաքանչիւրի մէջ՝ հինգ խորհուրդ:

Պատմութիւնը

Աստուածամօր Վարդարանի աղօթքը աղօթահամրիչի (պսակ) օգնութեամբ սկսեց տարածուել միջնադարեան Եւրոպայում, հաւանաբար, 11-12րդ դարերում՝ փոխարինելով աղօթահամրիչի օգնութեամբ 150 Հայր Մեր կամ Սաղմոսներ աղօթելու վանական սովորութեանը, որ գոյութիւն ունէր Ֆրանսիայի նշանաւոր Քլունիի վանքում, Տաճարական միաբանների եւ այլ վանքերում: Արդէն 12-րդ դարում վանքերում Սաղմոսների փոխարէն, յատկապէս, աւելի սակաւ կրթուած վանականները սկսել են աղօթել 150 «Ողջո՛յն Քեզ Մարիամ»՝ «Հայր Մեր»-ի հետ միասին: Այսպէս նրանք կարողանում էին աղօթակից լինել աւելի ուսեալ վանականներին ու քահանաներին, ովքեր Սուրբ Պատարագ էին մատուցում եւ աղօթում լատիներէնով: Բայց աստիճանաբար «Տիրամօր սաղմոսարանը», ինչպէս սկզբում անուանում էին 150 «Ողջո՛յն»-ներից բաղկացած այդ պարզ, բայց շատ զօրաւոր աղօթքը, դարձաւ սիրելի բոլորի՝ թէ անուս, թէ ուսեալ վանականների եւ թէ պարզ աշխարհականների համար: Դոմինիկեան վանականների միջոցով ձեւաւորուեց մի աւանդութիւն, թէ Վարդարանի աղօթքը տարածողը Սուրբ Դոմինիկոսն է (1170-1221թթ.)՝ դոմինիկեան քարոզիչների միաբանութեան հիմնադիրը: Ըստ այդ աւանդութեան, Աստուածամայրը Դոմինիկոսին պատուիրեց տարածել այդ աղօթքը՝ որպէս զէնք աղանդաւորների եւ մեղքի դէմ: Բայց պատմական փաստերը վկայում են, որ «Տիրամօր սաղմոսարանը» սկսել են աղօթել Սբ. Դոմինիկոսից առաջ, թէեւ անհերքելի է, որ դոմինիկեանները մեծ դեր խաղացին Վարդարանի տասնհինգ խորհուրդների կազմաւորման եւ աղօթքի համաեւրոպական տարածման գործընթացում, յատկապէս, 15-րդ դարից սկսած: 1495թ. Ալեքսանդր Զ Սրբազան Քահանայապետը պաշտօնապէս արտօնեց Վարդարանի աղօթքը ողջ Կաթողիկէ Եկեղեցում: (Տե՛ս՝ Կաթողիկէ հանրագիտարան (Catholic Encyclopedia, 1913)).

Հայոց մէջ

Գերյ. Հ. Մեսրոպ Հայունին (Թոփալեան) Սբ. Յովհաննէս Պօղոս Բ Քահանայապետի՝ «Պսակ կուսին Մարիամու» առաքելական նամակի իր կողմից հայացուած տեքստի ներածականում գրում է, որ կան պատմական փաստաթղթեր, որոնք փաստում են, թէ հայերի մօտ Վարդարանի աղօթքը շատ սիրուած է եղել արդէն 16-րդ դարի վերջին քառորդից: 17-րդ դարասկզբում Հայաստանում արդէն կատարուել են Աստուածամօրը նուիրուած թափօրներ, որոնց ընթացքում Վարդարան եւ այլ աղօթքներ են ասուել, յատկապէս, Սեբաստիայում, Բրգնիկում, որտեղ Վարդարանը նաեւ ընտանեկան սիրուած աղօթք էր: Նախիջեւանի հայ կաթողիկէ տաճարում 1735-40թթ.-ից Աւագ Խորանը զարդարել է «Սբ. Վարդարանի Տիրամայր» կոչուող իւղապատկերը, որը նախատիպն է իտալական Պոմպեյ քաղաքի ուխտավայրի հրաշագործ սրբանկարի: 1666-1735թթ. ընթացքում եւրոպական քաղաքներում հայերէն հրատարակուած գրեթէ բոլոր քրիստոնէականներում կայ Վարդարանի աղօթքը՝ չորս խորհուրդներով աղօթելու կարգով: Վարդարանի աղօթքի հայոց մէջ տարածման հիմնական ալիքը սկսուեց Մխիթարեան Միաբանութեան հայրերի, յատկապէս, Մխիթար Սեբաստացու, ջանքերով: Սեբաստացին մեծագոյն հայ մարեմասէրներից է, ով հայկական մշակոյթի մէջ ամրացրեց Վարդարանի աղօթքը եւ այլ մարեմական աղօթքներ: 1735թ. Սեբաստացին հրատարակեց Վարդարանի առաջին հայերէն պատկերազարդ մատեանը, որը յետագայում վերահրատարակուեց եւս եօթն անգամ եւ հայ աշխարհում դարձաւ Սուրբ Գրքից եւ Նարեկից յետոյ ամենաշատ տպուած եւ պահանջուած գիրքը: Հայոց մէջ «Վարդարան» բառի առաջին սահմանումը տուել է Մխիթար Սեբաստացին՝ հետեւեալ կերպ. «Պսակը (այսինքն՝ աղօթահամրիչը-խմբ.), որ 150 Ողջոյն Քեզ Մարիամ-ներէն եւ 15 Հայր Մեր-ներէն կը բաղկանայ, կը կոչուի Վարդարան, զոր բարեպաշտները կ’աղօթեն ի պատիւ Կուսին: Անոր համար «Վարդարան» կ’անուանի, որովհետեւ ամէն մէկ «Ողջոյն Քեզ Մարիամ»-ի եւ «Հայր Մեր»-ի համար դրուած հատիկները իբր վարդեր պսակաձեւ շարուած են չուանի վրայ» (Պսակ Կուսին Մարիամու, Զմմառ, 2003):

Կազմեց՝ Տ. Հովսեփ Քհնյ. Գալստյան, դեռևս անտիպ «Աղոթագրքի» համար


Վարդարանի աղօթքի գրքոյկի PDF-ը՝ Վարդարանի աղօթքը 2020




+