​Եթե հիմա փորձենք բարելավել Թուրքիայի հետ հարաբերությունները, ազգի արժանապատվությունը կոտնահարվի․ Հա - Gündem
22 Kasım 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Տրե / Օր : Կորդուիք / Ժամ : Կամաւօտ

Gündem :

19 Nisan 2021  

​Եթե հիմա փորձենք բարելավել Թուրքիայի հետ հարաբերությունները, ազգի արժանապատվությունը կոտնահարվի․ Հա -

​Եթե հիմա փորձենք բարելավել Թուրքիայի հետ հարաբերությունները, ազգի արժանապատվությունը կոտնահարվի․ Հա Բագրատ Էստուկյան

Չգիտեմ, թե Թուրքիան ցանկանո՞ւմ է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել, թե՝ ոչ, բայց ես արդեն չեմ ցանկանում։ Tert.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց Թուրքիայում հրապարակվող «Ակոս» շաբաթաթերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը՝ անդրադառնալով ՀՀ իշխանությունների հայտարարություններին, որ պետք է շտկումներ անել հայ-թուրքական հարաբերություններում, որ պետք է գտնել հնարավորություններ այդ հարաբերությունների կարգավորումից։

«Ես պահին բացարձակապես չեմ ցանկանում հարաբերությունների կարգավորման գործընթաց, հատկապես որ դրա մասին հնչեցվի հայկական կողմից, քանի որ այս վիճակին հասանք Թուրքիայի պատճառով։ Հետևաբար` եթե բարեփոխում են ցանկանում, թող Թուրքիան իր դիրքորոշումը փոխի։ Հայաստանն այս մասով բան չունի անելու։ Ի՞նչ պետք է անի։ 30 տարուց ավելի է՝ հայտարարում է, որ կողմ է սահմանների բացվելուն, հոժար է դրան, սակայն Թուրքիան է, որ Հայաստանին շրջափակման մեջ է պահել, և եթե ինչ-որ բան պետք է փոխվի, ապա դա Թուրքիայի քաղաքականությունն է»,- ասաց նա։

Բագրատ էստուկյանը նկատեց, որ Հայաստանն արդեն մեծ կորուստներ է ունեցել արցախյան պատերազմի ընթացքում և այս պահին էլ Թուրքիայից Հայաստանի նկատմամբ մխիթարող ոչ մի արտահայտություն չի հնչել։ «Այս պարագայում ի՞նչ տեսակ ջանքեր պետք է գործադրվի Թուրքիայի կամ Ադրբեջանի նկատմամբ հարաբերություններ կարգավորելու համար»,- ասաց նա։

Հիմա էլ, նրա նկատառմամբ, Թուրքիան շարունակում է սպառնալիքով խոսել Հայաստանի հետ, թե պետք է իրեն լավ պահի․ իսկ ի՞նչ է դրան ի պատասխան Հայաստանն անում։

«Հայաստանը դրան պետք է պատժիչ պատասխան տա։ Երբ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունես, սահմաններդ բաց չեն, հետևաբար Հայաստանն էլ քեզ ասելու բան չունի, դու ո՞վ ես, որ ասես, որ պետք է Հայաստանն իրեն նորմալ պահի»,- ասաց նա։

Հայաստանը, ըստ Բագրատ Էստուկյանի, ունի ներուժ հակադարձելու Թուրքիային․ 30 տարի դիմադրել է շրջափակմանը։ «Թուրքիան կարծում էր, որ այդպես Հայաստանին ծնկի է բերելու։ Չկարողացավ հաջողել։ Վերջապես անկախ պետականության մասին ենք խոսում։ Այդ անկախ պետականությունը պետք է իր արժանապատվությունը բարձր պահի հատկապես թշնամի երկրների դեմ։ Թուրքիան թշնամի է, դա շատ ակնհայտ դրսևորվեց արցախյան 44-օրյա վերջին պատերազմում»,- ասաց նա։

Պոլսահայ խմբագիրը, այնուամենայնիվ նկատեց, որ Հայաստանը կարող էր և կարիք ունի տնտեսական հարաբերություններ հաստատել հարևան երկրի հետ, բայց այդ բոլորի համար նախևառաջ բարյացակամություն է պետք, քաղաքակիրթ վերաբերմունք։

«Թուրքիան այդ բոլորից զուրկ է։ Այսօր Թուրքիան ամբողջ աշխարհի համար է վատ դիրքի մատնված շնորհիվ իր իշխանությունների։ Հետևաբար` այս պահին Հայաստանը թեմայի վերաբերյալ պետք է լռի»,- ասաց նա։

Պատասխանելով դիտարկմանը, թե հնարավոր է, որ նման հայտարարություններով հայաստանյան իշխանությունները խոչընդոտեն Ցեղասպանության միջազգային ճանաչմանը, Բագրատ Էստուկյանը նշեց, որ դա իր համար ամենաանկարևոր թեման է։

«Միջազգային ճանաչում կոչվածն ինձ համար ազգի նպատակ չի կարող լինել։ Ցեղասպանությունը եղել և վերջացել է։ 1915 թվականին մենք ցեղասպանության ենք ենթարկվել շնորհիվ եվրոպացիների, թուրքերի, շնորհիվ Թուրքիայի մեջ բնակվող մահմեդական բոլոր ազգերի համագործակցության։ Այդ ցեղասպանության մեջ իրենց մասնակցություն ունեն եվրոպական գերտերությունները, Խորհրդային Միությունը, որ անտեսեցին այն։ Այսօր ինձ համար ոչ մի նշանակություն չունի այս կամ այն երկրի՝ Ցեղասպանության ճանաչումը։ Գիտեմ, որ դրանք բոլորն էլ իրենց ինչ-որ քաղաքական շահերի համար են անում, իրենց առևտրի համար են անում, ուրիշ այլ իմաստ չկա,- ասաց նա՝ հավելելով, որ դրանց մեջ իր համար բացառություն է Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, քանի որ բանաձևի մեջ Գերմանիան իր մեղքն էլ է ընդունում,- այսօր եթե ԱՄՆ նախագահ Բայդենն էլ «Ցեղասպանություն» բառն օգտագործի, Թուրքիայի հետ լարված հարաբերությունների պատճառով է անելու, այլ ոչ թե պատմական իրողությունը խոստովանելու համար»։

Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների՝ Թուրքիայի հետ հարաբերութուններ հաստատելուն միտված քաղաքականությանը, ապա, ըստ Բագրատ Էստուկյանի, այստեղ մեզ համար ամենամեծ վտանգը՝ ազգի արժանապատվության հարցն է։

«Եթե այս պահին մենք փորձ անենք Թուրքիայի հետ հարաբերություններ բարելավելու համար․ ազգի արժանապատվությունը կոտնահարվի։ Թուրքիան արժանի չէ այդ վերաբերմունքին այս իշխանության օրոք։ Վաղը իշխանությունը կփոխվի, քաղաքական կեցվածք կփոխվի, ըստ այդմ, Թուրքիայի կողմից մերձեցման ցանկություն կլինի, Հայաստանն էլ պատշաճ ձևով կփոխադարձի։ Ես 30 տարի շարունակ ժողովուրդների բարեկամության մասին եմ խոսել, բայց այսօր այդ հանգրվանը չէ, այսօր այդ մասին չեմ խոսում, ընդհակառակը, Հայաստանը պետք է Թուրքիային որպես թշնամի վերաբերվի, որովհետև Թուրքան այդպես է Հայաստանին վերաբերվում։ Ախմախություն է այլ կեցվածք ընդունելը»,- ասաց նա։








Bu haber tert.am kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (tert.am) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(tert.am). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+