​Հրանտ Դինք. «Ճշմարիտ եմ, ջանասեր եմ, բայց թուրք չեմ» - Հայերէն
23 Kasım 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Տրե / Օր : Ծմակ / Ժամ : Հոթապեալ

Հայերէն :

20 Ocak 2021  

​Հրանտ Դինք. «Ճշմարիտ եմ, ջանասեր եմ, բայց թուրք չեմ» -

​Հրանտ Դինք. «Ճշմարիտ եմ, ջանասեր եմ, բայց թուրք չեմ» ​Հրանտ Դինք. «Ճշմարիտ եմ, ջանասեր եմ, բայց թուրք չեմ»

2007 թվականի հունվարի 21-ին Էջմիածնի Մայր տաճարում և Հայաստանի ու աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում սուրբ և անմահ պատարագի ավարտին կատարվում էր հոգեհանգստյան մասնավոր պաշտոն հունվարի 19-ին սպանված Հրանտ Դինքի հոգու խաղաղության համար: Ստամբուլի «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր և խմբագիր Դինքը սպանությունից երկու օր առաջ հարցազրույց էր տվել ռուսաստանյան «Ռիա Նովոստի» գործակալությանը: Դա 53-ամյա հայ լրագրողի վերջին հարցազրույցն էր:

Հարց- «Ակօս» թերթում Դուք հանդես եք գալիս ի պաշտպանություն Թուրքիայի ոչ միայն հայ, այլև բոլոր փոքրամասնությունների: Չե՞ք վախենում:

Դինք- Իհարկե, վախենում եմ: Եթե ուզում եք իմանալ՝ այդ վախը ինձ հետապնդում է ամեն օր: Դուք երբևէ հետևե՞լ եք աղավնուն: Նա ամբողջ ժամանակ գլուխն է պտտում, ցնցվում է յուրաքանչյուր շրշյունից և պատրաստ է նվազագույն առիթի դեպքում թռչել հեռու: Դա չի կարելի կյանք անվանել, միայն թե ես, ի տարբերություն աղավնու, ոչ մի տեղ չեմ կարող թռչել:

Հարց- Դուք երկու անգամ դատարանի առջև կանգնեցիք թուրք ազգը վիրավորելու համար: Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկին ևս մեղադրում էին, սակայն, ի տարբերություն Ձեզ, նրան չդատեցին: Ինչպե՞ս եղավ:

Դինք- Ինձ դատապարտեցին 6 ամսվա պայմանական ազատազրկման: Ոչ ոք չի կարող գուշակել, թե ինչու տխրահռչակ 301-րդ հոդվածի պատճառով ինչ-որ մեկին դատում են, իսկ ինչ-որ մեկին՝ ոչ: Այդ հոդվածի ձևակերպումը, որի վերացումը արդարացիորեն պահանջում է ԵՄ-ն, որևէ դատավորի ձեռքերի ազատություն է տալիս: Ուղղակի իմ բախտը չբերեց դատավորի հարցում: Նա ինձ մեղադրեց նրանում, թե իբր պնդել եմ, որ թուրքերի արյունը կեղտոտ է: Ինչը, անշուշտ, լիակատար զառանցանք է:

Հարց- Դուք հրատարակում եք «Ակօս» թերթը: Դրա տպաքանակը մեծ չէ: Ինչո՞ւ է Թուրքիայում որոշ մարդկանց այն այդչափ վտանգավոր թվում:

Դինք- Ճիշտ է: Թերթի տպաքանակը շուրջ 6 հազար է: Որոշակի ուժերի անհանգստացնում է, որ այն կարդում են շատ ավելի մեծ թվով մարդիկ և ոչ միայն Թուրքիայում:

Հարց- «Ակօս»-ը համարվում է հայկական փոքրամասնության թերթը: Ինչո՞ւ է լույս տեսնում թե՛ հայերեն և թե՛ թուրքերեն:

Դինք- Հենց այդ պատճառով էլ այն այդչափ վտանգավոր է մեր հասարակության որոշակի ազգայնական շրջանակների համար: Մեր թերթը ճշմարտությունն է պատմում հայերի ցեղասպանության մասին: Բայց, միաժամանակ, այդ իրադարձությունը վերաբերում է պատմությանը, որից մենք պետք է դասեր քաղենք:

Հարց- Իրո՞ք այդքան վատ է Թուրքիայում հայ լինելը:

Դինք- Եթե ինչ-որ մեկը բերանը փակ է պահում, ապա դժվար թե խնդիրներ ունենա: Բայց ինձ համար նույնիսկ պատանեկությանս շրջանում դժվար էր դպրոցում երգչախմբի հետ երգել այն մասին, թե որքան հպարտ եմ, որ թուրք եմ: Իհարկե, մեր երկրում կան հպարտանալու բաներ, բայց ես թուրք չեմ:

Հարց- Ե՞րբ Դուք ձեր հանդեպ իսկական խտրականություն զգացիք:

Դինք- Բանակում ծառայությունս ավարտելով՝ ես կարող էի շարունակել զինվորական կարիերաս և սպա դառնալ: Այն ժամանակ ես արդեն ամուսնացած էի, երկու երեխա ունեի և սպասում էինք երրորդին: Որպեսզի կոչում ստանամ, ես, ինչպես և բանակի իմ շատ թուրք ծառայակիցներ, քննություններ տվեցի: Դրանից հետո սպայի կոչման բոլոր հավակնորդներին պետք է հերթով կանչեին և հատուկ մեդալներ շնորհեին: Չկարդացին միայն իմ անունը: Եվ այդժամ ես հասկացա. աշխարհիկ պետություն դարձած Թուրքիայում անհնար է դառնալ սպա, եթե դու մահմեդական չես: Այդժամ ես իրականում առաջին անգամ հասկացա, թե ինչ է նշանակում Թուրքիայում հայ լինելը:

Հարց- Ձեր թերթի վերջին համարում նյութերից մեկում դուք հարց եք տվել. «Ի՞նչն է ինձ թիրախ դարձնում»:

Դինք- Այդ հարցի պատասխանը ավելի շատ հայերին էր վերաբերում, քան թուրքերին: Ես մտածում եմ, որ այնպիսին չեմ, ինչպես շատ հայեր, որոնք նախընտրում են վտանգի դեպքում գլուխները թաքցնել: Բայց ո՞ւր կարող է հասցնել ամբողջ ժամանակ թաքնվելը: Հենց դա է ինձ թիրախ դարձնում, և, ցավոք, ոչ միայն ինձ: Իմ ընտանիքին ևս այդ ամենը առնչվում է: Կնոջ և երեխաների համար հեշտ չէ իմանալ, որ իրենց հայրը անընդհատ հաշվեհարդարի սպառնալիքներ է ստանում՝ թե՛ հեռախոսով և թե՛ էլեկտրոնային փոստով: Տեսնո՞ւմ եք, երբ ես սկզբում ինձ համեմատում էի աղավնու հետ, դա այն պատճառով էր, որ աղավնին, որքան էլ վախենում է, այնուհանդերձ, ուզում է ազատության մեջ լինել: Եվ դա հենց այն է, ինչի համար ես պայքարում եմ, որպեսզի բոլորս ազատության մեջ լինենք:

Հարց- Բայց դուք կարող էիք հեռանալ այս երկրից:

Դինք- Ես ուզում եմ պայքարս շարունակել այստեղ: Չէ՞ որ դա միայն իմ պայքարը չէ: Դա բոլոր նրանց պայքարն է, ովքեր ձգտում են Թուրքիայի ժողովրդավարացմանը: Եթե ես հանձնվեմ և հեռանամ երկրից, դա խայտառակություն կլինի բոլորի համար: Այս երկրում ապրել են իմ նախնիները, այստեղ են իմ արմատները, և ես իրավունք ունեմ մեռնել այն երկրում, որտեղ ծնվել եմ:

Հրանտ Դինքի վերջին հոդվածը` «Հոգեվիճակս վախվորած աղավնու է նման», տպագրվեց նրա սպանությունից հետո: Այդ հոդվածը լիովին պատկերում է Թուրքիայի քաղաքացի հայ մարդու հոգեվիճակը մոտալուտ սպանության նախօրեին:

«Ցավալի էր, որ նպատակին հասել էին նրանք, ովքեր ինձ մեկուսացնելու, տկար և անպաշտպան դարձնելու համար ջանք չէին խնայում: Ավելին, հասարակությանը կեղծիքներով ապակողմնորոշելու և սխալ տեղեկություններ հաղորդելու միջոցով նրանց հաջողվել էր ձևավորել մարդկանց զգալի մի շրջանակ, որը Հրանտ Դինքին դիտում էր իբրև «թուրքերին նսեմացնող» անձ: Իմ համակարգչի հիշողությունը լի է այս շրջանակից տարբեր քաղաքացիների ուղարկած հարյուրավոր նամակներով, որոնք զայրույթ և սպառնալիք են պարունակում: Ինտերնետային այդ նամակներից մեկն ուղարկված է Բուրսայից, որի բովանդակության վտանգավորության մտահոգությամբ դա հանձնել եմ Շիշլիի դատախազություն, սակայն առ այսօր որևէ պատասխան չեմ ստացել:

Ինչ խոսք, չեմ կարող ասել, թե այս սպառնալիքները որքանով են իրատեսական, որքանով` ոչ: Իսկ ինձ համար սպառնալիքի բուն աղբյուրը հոգեբանական այն տանջանքն է, որն ապրում եմ ինքս: Ուղեղս տագնապած էր «Հիմա մարդիկ ի՞նչ են մտածում իմ մասին» հարցով: Ցավոք, ներկայում ինձ ավելի շատերն են ճանաչում, քան առաջ, և զգում եմ, որ մարդիկ շշուկով ասում են իրար. «Նայիր, սա այն հայը չէ՞»:

Ինձ պատող տանջանքի մի կողմում հետաքրքրությունն է, մյուսում` մտահոգությունը: Մի կողմում` զգոնությունը, իսկ մյուսում` երկչոտությունը: Ինչպես աղավնին: Նրա պես հայացքս ուղղում եմ աջ, ձախ, հետ ու առաջ: Գլուխս նրա գլխի նման անընդհատ շարժման մեջ է, իսկ շարժումները` նույնքան արագ:

Ահա սա է այն ամենի գինը: Ի՞նչ էր ասում արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը: Ի՞նչ էր ասում արդարադատության նախարար Ջեմիլ Չիչեքը: Ասում են. «Կարիք չկա 301-րդ հոդվածն այսքան չափազանցնելու: Մի՞թե այս հոդվածով որևէ մեկը դատապարտվել կամ բանտարկվել է»: Կարծես գին վճարելը միմիայն բանտարկություն է ենթադրում: Ահա ձեզ այս ամենի գինը… Ահա գին վճարելը… Ով նախարարներ, դուք գիտե՞ք այն մասին, թե ինչ ծանր գին է մարդուն դատապարտելն աղավնու երկչոտությանը: Գիտե՞ք: Մի՞թե երբևէ աղավնի չեք տեսել:

Ամենևին հեշտ չեն իմ ապրումները, ընտանիքիս ապրումները: Եղել են պահեր, որ լրջորեն մտածեմ երկրից հեռանալու մասին: Հատկապես այն ժամանակ, երբ սպառնալիքներն ուղղվել են մերձավորներիս: Այդ պահերին ես ինձ միշտ ճարահատյալ եմ զգացել: Ահա այսպիսի անելանելի պահերին ապաստանեցի ընտանիքիս, երեխաներիս և ամենամեծ աջակցությունն էլ նրանցից ստացա: Ես որտեղ լինեմ, նրանք էլ լինելու էին այնտեղ: Եթե ասեի` «Գնանք»՝ գալու էին. «Մնանք»` կմնային: Շատ բարի, բայց ո՞ւր գնալ: Հայաստա՞ն: Ինչպես կարող էր ինձ նման մեկը, որն ընդվզում է անօրինականությունների դեմ, հանդուրժել այնտեղ կատարվող անօրինականությունները: Գուցե այնտեղ ինձ ավելի մեծ փորձություննե՞ր էին սպասում: Իսկ եվրոպական երկրներ գնալը ինձ համար չէր… Եթե մենք ստիպված ճամփա բռնեինք… Ճանապարհ էինք ընկնելու այնպես, ինչպես 1915-ին… Մեր պապերը… Առանց իմանալու դեպի ուր… Քայլելով այն ճանապարհներով, ինչ ոտաբոբիկ իրենք են անցել… Տանջվելով և ապրելով նրանց վիշտը… Ահա այսպիսի կանխազգացողությամբ լքելու էինք հայրենիքը: Գնալու էինք այնտեղ, որտեղ կտանեին մեր ոտքերը, այլ ոչ թե սիրտը կկամենար…

Հավանական է, որ 2007-ն ինձ համար ավելի ծանր տարի լինի: Կշարունակվեն դատավարությունները, նոր գործեր կհարուցվեն իմ դեմ: Ո՞վ իմանա` ես դեռ ինչպիսի անարդարությունների կբախվեմ:

Բայց և այնպես, իմ միակ երաշխիքը ես համարելու եմ հետևյալ ճշմարտությունը. «Այո, ես վախվորած աղավնու հոգեվիճակում եմ, սակայն գիտեմ, որ այս երկրում մարդիկ աղավնիների ձեռք չեն տալիս: Աղավնիները շարունակում են իրենց գոյությունը քաղաքի խորքերում, նույնիսկ մարդկանց խիտ բազմության մեջ:

Գուցե մի քիչ երկչոտ, բայց և անկախ»:

Դինքի հուղարկավորության ընթացքում մարդիկ սպիտակ աղավնիներ էին բաց թողնում: «Ակօս»-ի խմբագրատան առաջ, որտեղ սպանվել էր Դինքը, տասնյակ հազարավոր մարդիկ պարզել էին «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք», «Մենք բոլորս հայ ենք» գրություններով պաստառներ: Հայազգի խմբագրապետի սպանությունը դատապարտեցին աշխարհի բազմաթիվ երկրների նախագահներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ:

Թուրքական հասարակության մեկ այլ հատված անընդունելի համարեց «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք», «Մենք բոլորս հայ ենք» մոտեցումը: Սպանությունից ընդամենը տասն օր անց Տրապիզոնի մարզադաշտում հավաքված հազարավոր ֆ‎ուտբոլասերներ պարզել էին «Մենք Տրապիզոնից ենք, մենք բոլորս Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքն ենք» արտահայտությունները կրող պաստառներ` դրանով իրենց համերաշխությունը հայտնելով և հերոսացնելով տրապիզոնցի 17-ամյա մարդասպան Օգյուն Սամասթին: Նույն օրերին թուրքական մամուլը տպագրեց լուսանկարներ, որտեղ Սամասթը նկարվել է ոստիկանների հետ: Մարդասպանը պարզել էր Թուրքիայի դրոշ, իսկ հետևի ‎‎ֆոնին նույնպես Թուրքիայի դրոշով մեծադիր պաստառն էր, որի վրա Աթաթուրքի խոսքերն են. «Պետության հողը սուրբ է, այն չի կարելի թողնել բախտի քմահաճույքին»:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը





Bu haber civilnet kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (civilnet) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(civilnet). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
Etiketler : hrantdink2021
+