26 Temmuz 2012
Ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիներն այսուհետեւ հնարավորություն կունենան Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալ նաև ՀՀ սահմանային անցման կետերում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ կառավարության պաշտոնական կայքը, գործադիրը հուլիսի 26-ի նիստում այս նպատակով համապատասխան փոփոխություններ կկատարի իր նախկին որոշումներից մեկում:
Մինչ այժմ ՀՀ մուտքի վիզա տրամադրվել է միայն Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում` այն պետությունների քաղաքացիների համար, որոնց մուտքը Հայաստան սահմանված էր վիզային ռեժիմով:
Պետք է նկատել, որ ներկայում դեպի Հայաստան նկատվում է սիրիահայերի հոսք` Սիրիայում ստեղծված լարված իրավիճակի պատճառով: Այս պարագայում նման որոշումը մեծ նշանակություն կունենա սիրիահայերի մուտքը Հայաստան ավելի դյուրին դարձնելու համար:
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից, որի շուրջ քննարկումներ են իրականացվել ՀՀ արտաքին գործերի, Սփյուռքի նախարարությունների և ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչների հետ: