Այլեւայլ : ​Հայկական ժողովրդական երգեր. «Մօկաց Միրզա»-ն հայ ժողովրդական վիպական քնարական երկը
27 Şubat 2025 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Մեհեկան / Օր : Վահագն / Ժամ : Առաւօտ

Այլեւայլ : ​Հայկական ժողովրդական երգեր. «Մօկաց Միրզա»-ն հայ ժողովրդական վիպական քնարական երկը

Այլեւայլ

Այլեւայլ Tüm yazılarını göster..

24 Şubat 2025  

​Հայկական ժողովրդական երգեր. «Մօկաց Միրզա»-ն հայ ժողովրդական վիպական քնարական երկը



Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը

«Մօկաց Միրզա»-ն հայ ժողովրդական վիպական քնարական մի երկ է, որից գրառուել է չորս տարբերակ՝ բոլորն էլ Մօկաց բարբառով, իսկ Կոմիտասն այն անուանել է դիւցազներգ: Վիպաքնարական տարրերով հարուստ այս ստեղծագործութիւնը հայկական ժողովրդական բանահիւսութեան մէջ դիւցազներգի վառ օրինակ է:

Վիպերգի բովանդակութիւնն այս է. Մօկաց Միրզան, որ Մօկքի երիտասարդ իշխանն էր, պահպանում էր իր տիրոյթները՝ թոյլ չտալով օտարներին մտնել իր սահմաններից եւ նեղել իր ժողովրդին: Նա այնքան հզօր ուժի տէր էր, որ ոչ ոք չէր համարձակւում կռուի բռնուել նրա հետ: Միրզան նշանուած էր Նազլուխանի հետ, եւ շուտով պիտի ամուսնանային: Մէկ օր էլ Միրզային մի թուղթ են բերում Կոլոտ անունով փաշայից, որով նա հայ իշխանին հրաւիրում էր իր մօտ՝ Ջեզիրէ քաղաք՝ հիւրասիրութեան:

Այս հատուածում, դատելով գրառուած տեքստից, կարելի է կարծել, թէ Միրզան հասկանում է, որ Կոլոտ փաշան վատ մտադրութիւններ ունի. նա մտահոգւում է, և դէմքից թռչում է գոյնը: Սակայն պատմական գիտութիւնների դոկտոր Սարգիս Պետրոսեանը կարծում է, որ ասացողը, որից գրառուել է վիպերգը, շփոթել է կամ լաւ չի յիշել, և վերջին հատուածից մի կտոր երգել է նաև սկզբում, քանի որ Միրզային նոյն վիճակում՝ աչքերը շլած, գոյնը երեսից թռած, տեսնում ենք արդեն Կոլոտ փաշայի պալատում թունաւորուելուց յետոյ:

Միրզան ընդունում է հրաւէրը, թէև Կոլոտ փաշան վստահելի մարդ չէր: Կոլոտ փաշան, որ տարբերակներից մէկում քուրդ է, միւսում՝ պարսիկ, մէկ ուրիշում էլ՝ հայ, յիմար չէր, որ հիւրասիրութեան ընթացքում վէճ սարքեր և կռուի մէջ մտներ իրենից տասնապատիկ զօրեղ Միրզայի հետ. դիմելու էր նենգ միջոցի: Տարբերակներից մէկում նա ցանկանում է Միրզային վերացնել՝ նրա հարսնացու Նազլուխանին, միւսում՝ նրա տիրոյթներին տիրանալու համար:

Միրզան ճամբայ է ընկնում դէպի Ջեզիրե: Նկարագրւում է, թէ ինչպէս տարբեր քաղաքներով հեծեալ Միրզայի անցնելու ժամանակ կանայք դուրս էին թափւում պատուհաններից՝ տեսնելու նրան: Մոկաց Միրզան հասնում է Ջեզիրէ քաղաքը, ուր նրան հրաւիրել էր Կոլոտ փաշան: Քաղաքում ամէնքը շրջապատում են նրան: Այստեղ ասւում է. «Մոկաց Միրզեն կարժեր քաղաք զըմէն», այսինքն՝ նկատի ունի, որ Միրզան իր քաջութեամբ, ուժով և առնական գեղեցկութեամբ գերազանցում էր Ջեզիրէի բոլոր տղամարդկանց:

Ապա պատմւում է, որ Կոլոտ փաշան, որը, ի դէպ, կարճահասակ, երկար մազերով մեկն էր, Միրզային կանչում է իր օդան, ապա գնում, շուկայից թոյն է առնում և քսում է այն դանակի մի երեսին, որը պէտք է օգտագործէին միասին: Նա այդպէս է վարւում, որպէսզի Միրզան սպառնացող վտանգի մասին գլխի չընկնի, քանի որ վստահելի կթուար, եթէ երկուսն էլ նոյն դանակից օգտուէին:

Համբուրասիրութիւնից յետոյ Միրզան հեծնում է իր ձին, որ տուն վերադառնայ, բայց… Յանկարծ աչքերը փախչում են, կարմրատակած դէմքից մազերը թափւում են, և մարմնից սկսում է դեղնաւուն ջուր հոսել: Այդ վիճակով նա ճամբայ է ընկնում իր ուղեկիցների հետ, նրա դրութիւնը հետզհետէ վատանում է, և բացուող վէրքերից սկսում է արիւն հոսել: Ապա վիպերգողն ասում է. «Լո՛ւր տարէք բերդի թագուհուն (նկատի ունի Միրզայի սիրեցեալ Նազլուխանին), թող իջնի իր գահից, նոր զգեստները հանի և հիները հագնի: Լո՛ւր տարէք նաև Միրզայի հօրն ու մօրը»:

Այնուհետև մոկացիք դուրս են գալիս քաղաքից, ընդառաջ գնում Միրզայի ուղեկիցներին, որոնք բերում էին երիտասարդ հերոսի՝ արդեն անշնչացած մարմինը: Միրզային թաղում են քաղաքի մօտ:

Վիպերգի ամբողջական տեքստը բաւականին երկար է, որից խուսափելու համար երգւում են երկու կամ երեք տարբեր հատուածներ:




Anket Tüm Anketler

Günün Sözü


Երբ մինակ ենք՝ հսկենք մեր մտածումներուն վրայ, ընտանիքին մէջ՝ մեր տրամադրութեան վրայ, ընկերութեան մէջ՝ մեր լեզուին վրայ։

+