Այլեւայլ : Վահագնականչ, Ծաղկազարդ եւ Աւագ Շաբաթ
27 Aralık 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Քաղոց / Օր : Վահագն / Ժամ : Ճառագայթեալ

Այլեւայլ : Վահագնականչ, Ծաղկազարդ եւ Աւագ Շաբաթ

Այլեւայլ

Այլեւայլ Tüm yazılarını göster..

25 Mart 2018  

Վահագնականչ, Ծաղկազարդ եւ Աւագ Շաբաթ



«Երկնէր երկին, երկնէր երկիր,

Երկնէր եւ ծովն ծիրանի,

Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ…»

Այսպէս կը ծնուի Վահագնը՝ հրեղէն բոցերի միջով վազող խարտեաշ պատանեկիկը։ Նա կու գայ վերացնելու չարիքը երկրի երեսէն, արմատախիլ անելու փոքրոգութիւնը մարդկանց սրտէն, մեռցնելու վիշապին, որ բուն է դրել մեր հոգիներում։ Հրեղէն վարսերով, բոցեղէն մօրուքով եւ արեգակունք աչքերով Վիշապաքաղը հայոց ամենասիրելի աստուածութիւններէն մէկն է։ Նրա գալուստը սպասելի էր այնքան, որքան արեգակի կենարար ջերմութիւնը խստաշունչ ձմրան բուքերէն յետոյ։ Նրան նուիրուած «մեծագանձ» տաճարներ հայերս կանգնեցրել էինք Քարքէ լերան վրայ, Փոքր Աղբակում, Տոսպում եւ այլն։ Մեր օրերում ամէն տարի գարնանային գիշերահաւասարի օրը՝ Մարտի 21-ին, Գառնիում կը նշուի Վահագնի ծնունդը եւ «գարնանային» նոր տարին, որ կ՚ազդարարի ձմրան խոր քուն մտած բնութեան զարթօնքը։

«Երնե՜կ, թէ այս Նոր տարին

Վերջ տար հայի ցաւերուն.

Չարը կորչեր, ու բարին

Բուն դներ մեր սրտերում»։

Գալ կիրակի Ծաղկազարդ է, այլ կերպ՝ Ծառզարդար, Ծառկոտրունք, Ճորճարդոր եւ այլն։ Ժամանակն է, որ եկեղեցին զարդարուի ուռենի ճիւղերով ու ծաղիկներով, լցուի մանկանց խինդ ու խաղով, բացուի խորանի վարագոյրը եւ տնկուեն նոր ուռենիները, չէ՞ որ Ծաղկազարդի օրը տնկուած ուռենիները երբ հասունանան, նրանց ճիւղերով կարելի կը լինի հրաշքներ գործել։

Ի թիւս այլ ծէսերի Ծաղկազարդին աղջիկներն ու տղաները իրարմէ անկախ կը պատրաստէին Խուճկուրուրուկ տիկնիկը՝ կնոջ կերպարանքով, սպիտակ լաթով, քիթ բերանով, աչք-ունքով։ Խուճկուրուրուկի գլուխը զարդարուած էր ծաղիկներով, լաչակը՝ պսպղուն ուլունքներով, գօտին՝ երփներանգ կտորներով, որ կը խորհրդանշեր ծիածանը։ Ան կը համարուէր Ծաղկազարդի հարսնացուն, որին կը պտըտեցնէին փողոցներով, տնէ տուն եւ պատուհաններէն ու դռներէն ջուր կը ցօղային վրան՝ բարեբեր անձրեւի ակնկալիքով։

Խուճկուրուրիկին գիտէին այլ անուններով եւս՝ Ճիճի մումա, Չիչի մամա… Նուրի։ Այո՛, այն Նար-Նուրին, ծիածան գօտիով Հուրին, որմէ անձրեւ կը խնդրէինք երաշտի ժամանակ։ Կարծիք կայ, ըստ որի Ծաղկազարդը հնում հայոց Նար աստուածուհուն նուիրուած տօն էր։

«Գիտէք, իմ Թերափս սիրունիկ է ու խատուտիկ, ծաղկազարդ եւ զարդարուն։ Գիտէ՞ք, իմ Թերափիս աչերէն կը ցօղին անձրեւի կաթիլները։ Թերափես արցունքէն է շաղն ու ցօղը։ Թերափս գթած է եւ այնքան գթած, որ երաշտի ժամանակ, երբ մարդ ու անասուն տառապում են, ինքը արտասւում է, եւ նրա արցունքով թրջուած հողից իսկոյն ծաղիկ ու բոյս են ծլում, ծաղկում ու դալարում։ եթէ հարցուի, թէ անունն ինչ է՝ Նուրի կամ Հուրի…» Վահան վարդապետ Տէր Մինասեան։

Մեծ Պասի վերջին շաբաթը Աւագ շաբաթ կը կոչենք։ Աւագ շաբաթուայ իւրաքանչիւր օրն իր անունն ունէր։

Քոռ կամ Սեւ, նաեւ՝ Յուշիկ-յուշիկ երկուշաբթին ջաղացպանների օրն էր՝ ցորեն կ՚աղային ամէնքը։

Պաս, Շիլ կամ Քարքաշիկ երեքշաբթին յիմար-իմաստունի վիճակը քաշելու օրն էր. հինգ թղթիկների վրայ «յիմար» բառը կը գրուեր, միւս հինգի վրայ՝ «իմաստուն», ապա եկեղեցում տաս երեխաների կը բաժնէին, իսկ մտքում իղձ պահած մէկը կընտրէր երեխաներէն մէկին՝ եթէ վերջինիս ձեռքին «յիմար» բառն էր, ապա իղձը չպիտի կատարուէր, եթէ «իմաստուն»՝ իրականալիք բան է։

Չիք չորեքշաբթին ամէն չար բանի, ամէն տեսակ ցաւերի վերանալու օրն էր։ Այդ օրը տունը, գոմը, հագուստը կը մաքրէին, ուխտի կը գնային, ցաւիս վերջ բառերը կ՚արտասանէին եւ մինչ միւս օրուայ ժամերգութիւն լուռ կը մնային, սատանաներին մասրենու ճիւղերով կը հալածէին եւ վնասատուներին կաղային. «…չիք, չիք, օձը չիք, չիք, չիք, չարակամը չիք, չիք չիք, հիւանդութիւնը չիք…»։

Աւագ հինգշաբթին արդարութիւն հաստատող «ամենազիզ կիրակին» էր. այդ օրը կը նորոգէին թթխմորը եւ խնոցի կը հարէին, խնոցիի վրայ գեր երեխայ կը նստեցնէին որ անոր չափ կարագ ունենային, իսկ տղամարդիկ ծառ կը տնկէին եւ արդէն հասուն ծառերին կը սպառնային, որ բերք չտալու դէպքում կը կտրեն նրանց։

ՕՔՍԱՆԱ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ

+