​Տասնամյակների «գերությունից» հետո «Քամփ Արմեն»-ը կգործի՝ Թուրքիայում դառնալով միակ հայկական զարգացմ - Հայերէն
23 Aralık 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Քաղոց / Օր : Ծմակ / Ժամ : Կամաւօտ

Հայերէն :

26 Mart 2022  

​Տասնամյակների «գերությունից» հետո «Քամփ Արմեն»-ը կգործի՝ Թուրքիայում դառնալով միակ հայկական զարգացմ -

​Տասնամյակների «գերությունից» հետո «Քամփ Արմեն»-ը կգործի՝ Թուրքիայում դառնալով միակ հայկական զարգացմ ​Տասնամյակների «գերությունից» հետո «Քամփ Արմեն»-ը կգործի՝ Թուրքիայում դառնալով միակ հայկական զարգացման կենտրոն ճամբարը

«Լուսահոգի Հրանտ Գյուզելյանը Թուզլայի հայկական ճամբարի՝ «Քամփ Արմեն»-ի մասին իր հուշագրության մեջ անդրադառնում է 1960-68 թթ-ին՝ նշելով, որ Անատոլիայում շատ կորսված հայ ընտանիքներ կան․ եթե այնտեղ մնան, պիտի հեռանան իրենց ինքնությունից։ Նկատենք, որ դրանից առաջ նա, նույնպես այնտեղ լինելով, իր կյանքի ընթացքում շատ նեղություններ էր կրել։

Երբ մեծ նվիրյալը Պոլսի Գեդիկփաշայի Հայ ավետարանչական եկեղեցում սկսում է իր ծառայությունը, ասում է՝ ինչո՞ւ այնտեղի մեր զավակներին էլ չբերենք, որ յուրայինների մեջ լինեն։ Պոլսի Հայոց պատրիարք Շնորհք սրբազանի նախաձեռնությամբ մի խումբ հոգևորականներ գնում տեսնում են, որ Անատոլիայի տարբեր շրջաններում եղեռնից մազապուրծ եղած բազմաթիվ հայեր կան, որոնք քրդախոս են․ հայերեն, ինչպես նաև թուրքերեն չգիտեն, նույնիսկ չգիտեն հայ լինելու և քրիստոնեության մասին։ Մտածում են՝ եթե այստեղ մնան, պիտի իսլամացվեն ու ձուլվեն, ուստի կամաց-կամաց նրանց երեխաներին հավաքենք և Պոլիս տանենք։

Եկեղեցու նկուղում սենյակներ կային․ մի քանի հոգու բերելուց հետո տեսնում են, որ մյուս հայերն էլ են ուզում իրենց զավակներին ուղարկել։ Գնում են գյուղերը և ամեն տեղից հավաքում հայ երեխաների և բերում հայաշունչ Պոլիս՝ Գեդիկփաշայի հայկական եկեղեցու գիշերօթիկ դպրոցում կազմակերպելով նրանց կանոնավոր կրթության հարցը։ Այստեղ Անատոլիայից եկած հայ փոքրիկները, որոնց մեջ մեծամասնություն էին որբեր, ինչպես նաև չքավոր ընտանիքների երեխաներ, աստիճանաբար հայերեն են սովորում՝ ճանաչելով իրենց արմատներն ու սեփական ժողովրդին։ Նրանց ծնողները շատ են ուրախանում սեփական ինքնությունը բացահայտելիս, վերջապես հասկանում են, թե ինչ ազգի են պատկանում։ Այս իրադարձությունը նրանց քաջալերում է․ մեկը մյուսից տեղեկանալով՝ իր երեխային ուղարկում է կրթվելու՝ փրկելով իսլամացման ու ձուլման վտանգից։

Պոլսի Գեդիկփաշայի Հայ ավետարանչական եկեղեցին է. Անատոլիայից եկած երեխաները այստեղ են ապաստանել և կրթություն ստացել։ Այժմ այս հարկի տակ Հրանտ Դինք վարժարանն է:

Ժամանակի ընթացքում հայ աշակերտների թիվն ավելանում է, և անհրաժեշտություն է առաջանում նաև նրանց ամառային շրջանը նպաստավոր պայմաններում կազմակերպելու հարցը։ Մտածում են՝ եթե փոքրիկներին գյուղ ուղարկեն, ապա այնտեղ նրանց պիտի միայն դաշտերում աշխատեցնեն, և ինչ սովորել են, պիտի ջուրն ընկնի։ Որոշում են քաղաքից հեռու՝ աչքից հեռու մի տեղ հողատարածք գնել, որն ավելի մատչելի կլինի, և որտեղ երեխաներն ավելի ազատ կլինեն։ Պոլսի Թուզլայի շրջանում՝ ծովեզերքին մոտ վաճառվող բաց ու ամայի տարածք են գտնում և այստեղից-այնտեղից դրամ հավաքում՝ գնելով այն։ Սկզբնական շրջանում բացօթյա ճամբար են կազմակերպում՝ ապրելով վրաններում, քանի որ շենք չկար։

Թուզլայի «Քամփ Արմեն»-ի շենքը կառուցվում է 1962 թվականին, աշակերտների անմիջական ջանքերով, Հրանտ Գյուզելյանի քաջալերանքով և փոքր խնայողությամբ․ այդ փոքրիկ ձեռքերը ջուր, ցեմենտ, ավազ, աղյուս կրեցին և քարը քարի վրա դրեցին։ Քամփը հուշարձանի պես կառուցեցին և անունը «Քամփ Արմեն» կոչեցին, որը դարձավ անմոռանալի հոգևոր ժառանգություն։

Երեխաները մասնակցում են «Քամփ»-ի շինարարությանը

Շուրջ 15 տարի հայկական ճամբարը անխափան գործեց՝ իր գիրկն առնելով Անատոլիայից եկած ավելի քան 1500 հայ մանուկների, որոնք ամառային արձակուրդներին հոգատար միջավայրում իրենց ինքնությանն էին մոտենում՝ սովորելով մայրենին և շփվելով ազգակիցների հետ։ Ավելին՝ նրանք և նրանց զավակներն այսօր ապրում են աշխարհի տարբեր կողմերում, և շատերը երևելի անուններ են։

Անատոլիայի հայ երեխաները Հրանտ Գյուզելյանի հետ

Եվ այժմ, երբ երկարատև պայքարից հետո Թուրքիայի իշխանություններից «Քամփ Արմեն»-ի վերակառուցման նոր նախագծի իրագործման արտոնությունն ենք ստացել և սկսելու ենք շինարարական աշխատանքները, մեր համայնքի երեխաների հետ հայկական ճամբարում ուզում ենք գրկել նաև Հայաստանից Թուրքիա արտագաղթած հայաստանցի ընտանիքների երեխաներին։ Նշենք, որ հայաստանցի աշակերտները տարիներ ի վեր Թուրքիայում կրթություն են ստանում մեր եկեղեցու երդիկի տակ՝ Հերիքնազ Ավագյանի հիմնադրած «Հրանտ Դինք» վարժարանում, որը գործում է Պոլսո Հայոց պատրիարքարանի, պոլսահայ համայնքի, մասնավորապես՝ կամավոր հոգաբարձուներ տեր և տիկին Հորոզօղլուների և հայաստանցի կամավոր ուսուցիչների ջանքերով։

Երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր մինչ օրս մեզ հետ էին այս ճանապարհին և իրենց ներդրումն են ունեցել։ Հուսով ենք, որ դեռ շատերն էլ կմիանան այս նախագծի իրագործմանը, որը պատմական իրադարձություն է»,- «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում պատմում է Պոլսի Գեդիկփաշայի Հայ ավետարանչական եկեղեցու Վերապատվելի Գրիգոր Աղաբալօղլուն։

Նրա հետ մեր ամբողջական զրույցը՝ ստորև.

- Հարգելի՛ Վերապատվելի, ե՞րբ և ինչո՞ւ արգելվեց «Քամփ Արմեն»-ի գործունեությունը։

- 1980-ականներին Թուրքիայում իշխանությունն անցնում է զինվորական կառավարության ձեռքը, որի ընթացքում ամեն բան տակնուվրա է լինում։ Զինվորական իշխանության ներկայացուցիչները սկսում են միջամտել հայկական ճամբարի գործունեությանը։ Նրանք հարց են բարձրացնում՝ ինչո՞ւ եք այս երեխաներին այնտեղից այստեղ բերել՝ առաջ տանելով անհիմն մեղադրանք, որ իբր «Քամփ Արմեն»-ը կառավարության հանդեպ վատ մտադրություններ ունի։ Բնականաբար, «Քամփ»-ը ներկայացնում է եղելությունը՝ ասելով, որ մեր ազգի զավակներն են, սակայն կառավարությանն այդ ամենը պետք չէր։

Հրանտ Գյուզելյանն այս նյութի շուրջ հետապնդվում և ենթարկվում է հալածանքների․ նրան մեղադրանք են ներկայացնում ճամբարում ահաբեկիչներ պատրաստելու համար և դատապարտում ազատազրկման 8 ամիս ժամկետով։ Շատ նեղություններից հետո նրան ազատ են արձակում՝ պահանջելով ու սպառնալով, որ լքի Թուրքիան, թե չէ իր հետ ավելի վատ բաներ կպատահեն։ Գյուզելյանը հարկադրաբար մեկնում է Մարսել՝ իր կյանքի մնացած տարիներն ապրելով այնտեղ։

Այդ շրջանում Հրանտ և Ռաքել Դինքերը հանձն են առնում ճամբարի խնամակալությունը մինչև 1983 թվականը։ Ավելին՝ պետությունը նոր դատեր է բացում երկրում գործող բոլոր քրիստոնեական կառույցների, նաև մեր եկեղեցիների դեմ՝ բռնազավթելով ամբողջ կալվածքները․ արդյունքում ավարտվում է նաև «Քամփ»-ի կյանքը։

- Ե՞րբ տեղեկացաք «Քամփ»-ի փակման լուրին։

- Երբ 1992 թվականին սկսեցի իմ ծառայությունը նույն եկեղեցում, այդ ժամանակ ամեն բան վերջացած, և բոլոր դատական գործերը փակված էին։ Իսկ երբ լսեցի այդ մասին, ասացի՝ անթույլատրելի է պատահածը և դատական հայց ներկայացրի՝ պահանջելով եկեղեցուն պատկանող հողատարածքը։

Դատավարությունը թեև տասնամյակներ տևեց, սակայն երբեք թույլ չտվի, որ այն մոռացվի․ միշտ թուրքական մամուլում և հեռուստատեսությամբ բարձրաձայնում էի այդ մասին, որ նման պատմություն կա, և պետք է մեզ ետ վերադարձնեն մեր հողերը։ Մի խոսքով՝ միշտ տաք էի պահում այս թեման, և ,անշուշտ, նաև հավատքով աղոթում էինք։ Վերջապես երկար տարիների պայքարից հետո՝ 2015 թվականի հոկտեմբերի 27-ին, «Քամփ»-ի հողատարածքը դատարանի վճռով մեզ վերադարձվեց։

Թուրքիայի դատական իշխանությունները, կարելի է ասել, սատարեցին այս գործը, որի շնորհիվ էլ արդարությունը հաստատվեց դրական ավարտով։ Իհարկե, ազգայնական ուժերը միշտ էլ խոչընդոտել են, թե չէ այս գործն ավելի շուտ կավարտվեր։

«Հայկական ժամանակ»-ի թղթակից Լիլիթ Պողոսյանը և Վերապատվելի Գրիգոր Աղաբալօղլուն

- «Նոր զարթոնք»-ի պոլսահայ երիտասարդների գործն ինչպե՞ս եք գնահատում այս պայքարում։

- «Նոր զարթոնք»-ի երիտասարդները շատ լավ գործ սկսեցին։ Երբ 2015 թվականի ապրիլի 24-ին տարածվեց հաղորդագրություն այն մասին, որ «Քամփ»-ը ծախված է, և պետք է շենքը փլուզեն, այս երիտասարդները բոլորին ոտքի հանեցին և 175 օր ցույցերով, երթերով, որին նաև միացան թուրքեր ու քուրդեր, մեծ դիմադրության ալիք բարձրացրին Թուրքիայում։ Այս ամենի համար նաև քաջություն, հավատք ու հույս էր պետք։

Մեր ժողովուրդն ավելի շատ սիրում է լռել, հեռու մնալ նման նախաձեռնություններից, մինչդեռ երիտասարդները չլռեցին և հիանալի գործ արեցին․ երանի թե Թուրքիայում ապրող բոլոր հայերը այս երիտասարդներին հետևեին, քաջալերեին՝ ասելով՝ կեցցե՛ն նրանք, կարևոր գործեր արեցին, կեցցե՛ երիտասարդների այս տեսակը, հետևենք նրանց, թև ու թիկունք լինենք, օգնենք բարոյապես կամ նյութապես, բայց, ցավոք, նման բան չպատահեց։

Մեր համայնքը դեռ փակված է, դրսում՝ հանրային կյանքում, պայքարում բացվել չի ուզում։ Ավելին՝ եկեղեցիներն էլ չեն ուզում բացվել․ երբ մենք այստեղ՝ մեր եկեղեցու հարկի տակ սկսեցինք հայաստանցի երեխաների կրթությունը կազմակերպելու գործը, մյուսներն ի՞նչ ասացին․ տեղ ունեին, բայց չտվեցին, չտվեցին, որովհետև դյուրին բան չէր, և քաջություն ու հավատք էր պետք։

- Այժմ ի՞նչ ծրագրեր կան «Քամփ Արմեն»-ի տարածքի հետ կապված։

- Եթե կարողանանք իրականություն դարձնել «Քամփ»-ի հետ կապված մեր մտահաղացումը, ինչպես «Թումոյի» օրինակն է, և նմանատիպ շենք կառուցենք, որ աշակերտներն էլ այնտեղ հնարավորություն ունենան զարգացնելու իրենց գիտելիքները, հիանալի կլինի։ Ավելին՝ այնտեղից անուններ դուրս կգան ի լուր աշխարհի, և մեր ժողովրդի անունը պիտի արժևորվի։ Այն մեզ համար մեծ հարստություն պիտի դառնա։ Նախևառաջ մեր մտքում հայ երեխաներն են, իսկ հետագայում գուցե նաև օտարազգիները, նաև թուրքերը մասնակցեն, որոնք, կողք կողքի գալով, առիթ կունենան ճանաչելու՝ ով է հայը։

«Քամփ Արմեն»-ի նախագիծի մակետները

Մենք երազում ենք, որ աշխարհի չորս կողմերում ապրող հայ երեխաները ժամանակ առ ժամանակ հնարավորություն ունենան գալ այստեղ, մեկ շաբաթ մնալ և շփվել իրար հետ, ճանաչել միմյանց։ Թող նրանց միջև բարեկամություններն էլ շատանան, որ ասեն՝ այստեղ էլ բարեկամ ունեմ, այնտեղ էլ։ Մի խոսքով, ապագայում «Քամփ Արմեն»-ի նոր նախագիծը խոստանում է լինել աշխարհը կապող կենտրոն։ Հավատում ենք՝ այն մոտ ապագայում դառնալու է Թուրքիայում միակ և առաջին ճամբարը, որ գործելու է իբրև երիտասարդական զարգացման կենտրոն՝ դառնալով հայ և, ինչու ոչ, նաև օտարազգի երեխաների երազանքը։

«Քամփ Արմեն»-ի նախագիծի մակետները

- Ի՞նչ եք մտածում հայ և թուրք ժողովուրդների հաշտեցման մասին։

- Այս գործընթացի համար երկար ժամանակ է պահանջվելու։ Երկու ժողովուրդներն էլ ունեն ծայրահեղականներ․ հայերի մեջ կան թուրքերին ատողները, թուրքերի մեջ էլ՝ հայերին ատողները, սակայն երկու հանրություններն էլ մեծ մասամբ ցանկություն ունեն հաշտվելու։ Օրինակ՝ Թուրքիայում ապրող բազմաթիվ հայաստանցիներ կան, որոնց որևէ մեկը չի անհանգստացնում, և սրանից հետո էլ չեն անհանգստացնի, սակայն, եթե փոքրիկ գյուղերը գնաս, անշուշտ, այնտեղ պատկերը այլ է։

Երբ երկու երկրներ մոտենան, կառավարող մարդկանց լեզուներն էլ կփոխվի։ Եթե նրանց լեզուն փոխվի, ժողովրդի լեզուն էլ կփոխվի։ Ամեն բան իշխանության գլուխ կանգնած գործիչների լեզուներից՝ հռետորաբանությունից է կախված․ երբ վերջիններս թշնամություն են քարոզում, ժողովուրդն էլ դառնում է կրողը և հակառակը՝ եթե ասեն՝ մենք այլևս բարեկամ ենք, ժողովուրդն էլ այդ կերպ կվերաբերի։ Այս ամենից հետո միայն, եթե մեր սահմանները բացվեն, ավելի լավ կլինի, ժողովուրդները ավելի կմտերմանան։ Ասել է թե ժողովուրդների միաբանության ոգին կսկսի գործել։

Լիլիթ Պողոսյան, Թուրքիա





Bu haber armtimes kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (armtimes) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(armtimes). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+