Հայաստանը նախընտրելի զբոսաշրջային ուղղություն է գերմանացիների համար․ Lufthansa-ի ներկայացուցիչներ -
Հայաստանը նախընտրելի զբոսաշրջային ուղղություն է գերմանացիների համար․ Lufthansa-ի ներկայացուցիչներ
Օգոստոսի 11-ին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Lufthansa ավիաընկերության ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ալֆրեդ Քոչարյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Lufthansa ընկերության հետ համագործակցության հեռանկարներն ու ուղիները, ընդգծվել Հայաստանի համար զբոսաշրջության ոլորտի առաջնահերթությունները։
Կարևորելով Հայաստան-Գերմանիա գործարար կապերի ակտիվացումը՝ Վահան Քերոբյանը նշել է, որ զբոսաշրջության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության զարգացման մեծ հնարավորություններ և հեռանկարներ կան։ Ներկայացնելով Հայաստանի համար կարևոր զբոսաշրջային շուկաները՝ նա ընդգծել է այդ ոլորտում հատկապես որակի վրա շեշտադրում անելու պետական քաղաքականությունը։ Այս համատեքստում նախարարը խոսել է Գերմանիայից Հայաստան զբոսաշրջային հոսքեր ունենալու կարևորության մասին և ընկերության ներկայացուցիչների հետ մտքեր փոխանակել երկու երկրների միջև այդ հոսքերի ակտիվացման նպատակով համատեղ մարքեթինգային արշավներ կազմակերպելու հարցերի շուրջ։
Lufthansa ընկերության ներկայացուցիչներն իրենց հերթին նշել են, որ Հայաստանը նախընտրելի զբոսաշրջային ուղղություն է գերմանացի զբոսաշրջիկների համար, հետևաբար՝ իրենք շահագրգռված են օգտագործել դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքեր բերելու հնարավորությունը և պատրաստ են համագործակցել մարքեթինգային արշավների կազմակերպման և իրականացման աշխատանքներում։
Հանդիպման ընթացքում քննարկվել է Գյումրիում Lufthansa ավիաընկերության հաբ հիմնելու հարցը և Գյումրիի օդանավակայանից Lufthansa ավիաընկերության ինքնաթիռներով թռիչքներ իրականացնելու հնարավորությունը։
Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ալֆրեդ Քոչարյանն ավելացրել է, որ գերմանական շուկան ևս շատ հետաքրքիր է Հայաստանի համար և այդ նպատակով օգոստոսի վերջին Հայաստանում նախատեսվում է անցկացնել ճանաչողական այց Գերմանիայի զբոսաշրջության ոլորտի ավելի քան 60 ընկերությունների մասնակցությամբ, որը լավ հնարավորություն է երկու երկրների զբոսաշրջային ներուժը ներկայացնելու և համագործակցության նոր ուղիներ գտնելու համար։
Bu haber civilnet kaynağından gelmektedir.
Haber metninde yer alan görüşler haber kaynağı (civilnet) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.
Opinions expressed are those of the author(s)-(civilnet). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com