Պոլսահայ Հայկո Բաղդատի բացառիկ հարցազրույցը Ermenihaber.am-ին (3-րդ մաս) Հայ լինել Թուրքիայում -
Պոլսահայ Հայկո Բաղդատի բացառիկ հարցազրույցը Ermenihaber.am-ին (3-րդ մաս) Հայ լինել Թուրքիայում
Թուրքիայում նրա դեմ ուղղված հալածանքները և սպառնալիքները 2016-ին արդեն հասել էին չափազանց վտանգավոր աստիճանի։ Քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդումները Հայկո Բաղդատին ստիպեցին լքել իր ծննդավայր Թուրքիան և բնակություն հաստատել Գերմանիայում։
Նա, իբրև մտավորական, հայտնի է իր համարձակ պայքարով՝ հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման, ժողովրդավարության, խոսքի ազատության և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության։
– Սկսենք Թուրքիայում Ձեր նկատմամբ իրականացվող հալածանքներից։ Ի՞նչը ստիպեց հեռանալ Թուրքիայից ու հաստատվել Գերմանիայում։
– 2016 թվականին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո իշխանական ռեժիմը մի մեծ հնարավորություն ստացավ։ էրդողանի կամ Էրդողանի և ազգայնականների իշխանությունը հնարավորություն ստացավ առանց այն էլ ճնշված ընդդիմությանը ավելի շատ ճնշելու, անգամ՝ ճզմելու։ Այսպիսով Թուրքիայում բռնաճնշումների ենթարկվող տասնյակ հազարավոր մտավորականներ, արվեստագետներ, լրագրողներ ստիպված եղան լքել երկիրը։ Մի մասն էլ՝ բանտարկվեց։ Ընդհանուր վիճակը սա էր։ Այդ գործընթացներից հետո թերևս հարյուր հազարավոր մարդիկ լքեցին Թուրքիան։
Կոնկրետ իմ առումով և ինձ համար խորապես սրվեց անվտանգության հարցը։ Պատկերացնո՞ւմ եք Թուրքիայում ապրում էի թուրքական ոստիկանության հսկողության ներքո։ Հասկանալի էր, որ դա ինձ համար հանգիստ վիճակ լինել չէր կարող։ Իմ հասցեին հնչող սպառնալիքներն ահագնացան ու վերածվեցին նաև դատական գործերի։
Այդ ժամանակ իմ հեղինակային «Սալյանգոզ» ներկայացման համար պիտի հյուրախաղերի մեկնեի Լոնդոն և Վիեննա։ Մեկնեցի։ Այնտեղից գնացի Բեռլին, որտեղ այդ ընթացքում Ջան Դյունդարը նոր լրատվական կայք էր ստեղծում («Özgürüz»)։ Հանդիպեցինք, խոսեցինք և որոշում կայացրեցի վերջնականապես տեղափոխվել Գերմանիա։ Ի վերջո, Թուրքիայից դուրս եկա։ Դրանից առաջ մի քանի անգամ Թուրքիայից դուրս եկել էի, բայց կրկին վերադարձել։ Հետո անձնագիրս առգրավեցին հենց Ստամբուլի օդանավակայանում։ Մեր երկու ընկերները՝ «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP) և «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) հայ պատգամավորներ Սելինա Դողանն ու Կարո Փայլանը, անձնագրիս հարցը բարձրացրին խորհրդարանում։ Անձնագիրս վերադարձրեցին։ Եթե թուրքական պետությունն իր վերցրած անձնագիրը հետ է տալիս, որոշակի իմաստով դա նշանակում է «գնա այստեղից։» Այսպիսով կյանքիս սպառնացող լուրջ վտանգների առկայության պայմաններում ստիպված լքեցի Թուրքիան ու տեղափոխվեցի Գերմանիա։
– Իսկ հայ լինելու պատճառո՞վ եք Թուրքիայում խնդիրներ ունեցել, թե՞ քաղաքական հայացքների։
– Կարծում եմ՝ այս հարցի պատասխանը ինքներդ էլ գիտեք։ Իհարկե, քաղաքականացված անձ եմ և լրագրողական ակտիվ աշխատանք եմ կատարում նաև։ Հաճախ եմ երևում մեդիա հարթակներում ու նաև Թուրքիայի իշխանական ռեժիմի հանդեպ ընդդիմադիր կեցվածք ունեմ։ Հիմա այս ամենին էլ որ գումարվում է հայ լինելը, դուք էլ հասկանում եք, որ ճնշումները տասնապատիկ ավելանում են։ Հայ լինելը ավելի շատ ռիսկ, սպառնալիք և ճնշումներ է բերում իր հետ։ Օրինակ՝ իմ դեմ հարուցված դատական գործերից մեկը հենց 301 հոդվածի հատկանիշներով է։ Այն տխրահռչակ հոդվածը, որը թիրախավորեց նաև Հրանտ Դինքին և հող նախապատրաստեց նրա սպանության համար։ Կամ մեղադրվում էի օրինակ ահաբեկչական կազմակերպության քարոզ իրականացնելու մեջ։ Հետևաբար հայկական ինքնությունս, իհարկե, նպաստեց, որ իմ նկատմամբ ճնշումներն ու սպառնալիքներն ավելի ահագնանան։
Այս պայմաններում պատկերացրեք ձեր անվտանգությունը պաշտպանում է թուրքական ոստիկանությունը։ Այսինքն մի կառույց, որն ատում է քեզ և իր գործառույթը տհաճությամբ է իրականացնում՝ քեզ ատելով կոչված է քեզ պաշտպանելու։ Բնականաբար, չես կարող վստահել նման ոստիկաններին։ Ըստ էության քանի շնչում ենք, հայ լինելու ազդեցությունը զգում ենք մեզ վրա, և դա շարունակական է։ Հիմա էլ է այդպես։ Եթե նույնիսկ ասեք՝ չէ, ես հայկական թեմաներից չեմ խոսում, ես քրդական հարցի մասին եմ խոսում, միևնույնն է, հայ լինելն իր դերակատարումն ունի։ Իսկ Թուրքիայում հայտնի է, թե ինչ վերաբերմունք ունեն Հայկական հարցի նկատմամբ։
– Իսկ Գերմանիայում անվտանգության խնդիրներ ունե՞ք։
– Ունեմ։ Մինչև Թուրքիայից դուրս գալս առանց այն էլ 4 տարի ոստիկանության հսկողության ներքո էի ապրում։ Մեկ-երկու մանր հարձակման էլ եմ ենթարկվել։ Գերմանիա գալուց հետո աշխատում էի Ջան Դյունդարի հետ։ Դյունդարն էլ պակաս սպառնալիքներ չի ստանում։ Երբ սկսեցի նրա հետ համագործակցել, բնականաբար, Թուրքիայում իմ նկատմամբ ավելի ամրապնդվեց արտերկում գործող «դավաճանի» ընկալումը։
Հետո Գերմանիայում իմ դեմ պատրաստվող մահափորձի վերաբերյալ լուրջ հաղորդագրություն ստացանք։ Այդ ժամանակ Թուրքիայում ընկերներս օրակարգ բերեցին այդ հարցը։ Անկարայում իմ դեմ մահափորձ իրականացնելու նպատակով հանցախումբ էր ստեղծվել: Հայտնի էր դարձել, որ ինձ սպանելու նպատակով Անկարայից ուղևորված 2-3 հոգի արդեն Եվրոպայում էին։ Գերմանիայի պատկան մարմինները հաստատեցին այս տեղեկության իսկությունը։ Ինչպես գիտեք, Գերմանիայում անվտանգության ապահովման տարբեր մակարդակներ կան։ Ինձ համար գերմանական իշխանությունները ձեռնարկել էին անվտանգության ապահովման գրեթե ամենաբարձր մակարդակի միջոցառումները։ Նույնիսկ ամսագրերում այդ մասին գրվեց, որ ես զրահապատ բաճկոնով և անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ ներկայացում էի մատուցում բեմից։ Գերմանիայի տարբեր քաղաքներում կամ Փարիզում հյուրախաղերի ժամանակ առնվազն 7-8 անվտանգության աշխատակից էին ուղեկցում ինձ։
Մի խոսքով ինտերպոլի ուղեկցությամբ ներկայացումներ էի խաղում։ Բացի այդ Եվրոպայում, ինչպես գիտեք, Էրդողանի կուսակցությունն ավազակախմբերի նմանությամբ բջիջներ ունի։ Նույնիսկ թուրքական դեսպանատները ծառայում են որպես ավազակախմբերի որջեր։ Այդ խմբերը ռիսկեր են ստեղծում հենց Գերմանիայի և այլ եվրոպական պետությունների համար։ Հետևաբար բնական է, որ ինձ համար էլ անվտանգության առումով առօրյա կյանքում ռիսկեր կան։ Եվրոպական տարբեր երկրներում այդ ավազակախմբերը գործողություններ են իրականացրել։ Կհիշեք երևի Փարիզում 3 կանանց սպանությունը, որը ակնհայտ Թուրքիայի հատուկ ծառայությունների ձեռագիրն էր։ Այո, թուրքական պետությունը հանգիստ չի թողնում ընդդիմադիրներին նաև եվրոպական երկրներում։ Իմ ու երեխաներիս թուրքական անձնագրերի ժամկետը լրացել է, նորը չեն տալիս։ Ակնհայտորեն ինձ ձերբակալելու մտադրություն ունեն։
– Հիմա ապրում եք Եվրոպայում, իսկ որտե՞ղ եք տեսնում Ձեր ապագան։ Եվրոպայո՞ւմ կմնաք, թե՞ կտեղափոխվեք։ Եվրոպայի երկրների հայ համայնքների հետ կապեր պահպանո՞ւմ եք։
– Հողից քշվել, ստիպված ուրիշ երկրում ապրել, այնտեղ հիմնավորվել և արմատ գցել… Հայ լինելը սա է։ Մեր վերջին 100 տարվա պատմությունը սա է։ Եթե անձնապես այս ամենի միջով չանցնենք էլ, անպայման լսել ենք այդ պատմությունները։ Թուրք ընդդիմադիր ընկերներ ունեմ, որոնք նույնպես փախել են Թուրքիայից։ Երբ ինձ հարցնում են «Աքսորը ո՞նց է քեզ համար ընթանում», պատասխանում եմ. «Դուք ձեզ նայեք, մենք սովոր ենք այս վիճակներին, փորձառու ենք, ամենաքիչը հարյուր տարվա փորձառություն ունենք»։ Անակնկալ և անսպասելի մի իրավիճակ չէ սա ինձ համար։
Հատկապես Ջան Դյունդարի հետ գործն ավարտելուց հետո իմ «Սալյանգոզ» ներկայացմամբ հնարավորություն ունեցա լինել տարբեր երկրներում։ Ռոժավայից Կանադա, ԱՄՆ, Լոս Անջելեսից, Վիեննա, բոլոր տեղերում, որտեղ ծագումով Թուրքիայից մարդիկ կան, ներկայացրել եմ «Սալյանգոզ»-ը, մասնակցել եմ տարբեր կոնֆերանսների։
Բնականաբար, այդ ընթացքում շփվել եմ հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ առանց տարբերակելու դաշնակցական, հնչակյան, պոլսահայ թե այլ։ Նրանց բոլոր հրավերներին արձագանքել եմ և այդ ընթացքում մեծ փորձ եմ ձեռք բերել շփումների։ Նրանց հետ շատ եմ զրուցել, փորձել ավելի լավ հասկանալ նրանց վիճակը։ Հանդիպել եմ ոչ միայն հայերի, այլև այդ երկրներում ապրող քրդերի, ալևիների հետ, մեզ սիրող բոլոր խմբերի ներկայացուցիչների հետ։ Այս ամենն ինձ համար կյանքի դաս էր։
Հետգրություն
Զրույցի ընթացքում Հայկո Բաղդատը հայտնեց, որ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ Պոլսահայ մտավորականը նշեց, որ սա Հայաստան կատարած իր առաջին այցն է և յուրատեսակ նախապատրաստություն է գալիք այցերի համար։ ՀՀ անձնագիր ստանալն, ըստ Հայկո Բաղդատի, ավելի պարտավորեցնող է երկրի խնդիրներով ու ցավերով ապրելու տեսանկյունից՝ չնայած մինչև հիմա էլ երբեք անտարբեր չի եղել։ Զրույցից մի քանի օր անց նա ստացավ ՀՀ անձնագիր։
Bu haber akunq kaynağından gelmektedir.
Haber metninde yer alan görüşler haber kaynağı (akunq) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.
Opinions expressed are those of the author(s)-(akunq). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com