​Նախագահ Սարգսեանի Ամանորեան Ուղերձը. «Մենք Դեռ Կը Տօնենք Նոր Յաղթանակներ» - Հայերէն
24 Kasım 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Տրե / Օր : Լուսնակ / Ժամ : Լուսափայլ

Հայերէն :

04 Ocak 2021  

​Նախագահ Սարգսեանի Ամանորեան Ուղերձը. «Մենք Դեռ Կը Տօնենք Նոր Յաղթանակներ» -

​Նախագահ Սարգսեանի Ամանորեան Ուղերձը. «Մենք Դեռ Կը Տօնենք Նոր Յաղթանակներ» ​Նախագահ Սարգսեանի Ամանորեան Ուղերձը. «Մենք Դեռ Կը Տօնենք Նոր Յաղթանակներ»

Սիրելի՛ հայրենակիցներ,

Աւարտւում է 2020 թուականը:

Այն ծանրագոյնն էր մեր նորօրեայ պատմութեան մէջ:

Ծանրիր կորուստներով,
Ծանր իր հետեւանքներով,
Ծանր` իր դասերով:

Մենք անցանք դաժան փորձութիւնների միջով:

Ցանկանում եմ եւս մէկ անգամ շեշտել`

մեր ժողովուրդը չի՛ պարտուել,
զինուորը չի՛ պարտուել,
քաղաքացին չի՛ պարտուել,
հայը չի՛ պարտուել:

Պատերազմի ընթացքում մեր ժողովրդի զաւակները ցուցաբերեցին աննկարագրելի մարտական ոգի, բացառիկ հերոսութիւն, խիզախութիւն եւ տոկունութիւն:

Պատերազմի արդիւնքը եւ այսօրուայ իրավիճակը պետական կառավարման տարբեր ոլորտներում անկազմակերպուածութեան, անպատասխանատուութեան եւ ոչ արհեստավարժ գործելակերպի հետեւանք են:

Այս էջը պէտք է փակել:

Կրկին խոնարհւում եմ մեր նահատակուած հերոսների յիշատակի առջեւ:

Ապաքինում եմ մաղթում մեր վիրաւոր զինուորներին: Նրանք մեր ամէնօրեայ ուշադրութեան եւ հոգատարութեան կարիքն ունեն:

Երախտիքս եմ յայտնում զինուորների թիկունքն ամուր պահած մեր բոլոր հայրենակիցներին:

Պետութիւնը, կառավարութիւնը պարտաւոր են անել ամէն ինչ` անհետ կորածների ճակատագիրը պարզելու, բոլոր գերիներին ու պատանդներին արագ տուն վերադարձնելու ուղղութեամբ:

Պետութիւնը, կառավարութիւնը պարտաւոր են ապահովել երկրի սահմանների եւ յատկապէս սահմանամերձ համայնքների բնակիչների պաշտպանուածութիւնն ու անվտանգութիւնը:

Մեր հետագայ ճանապարհը շատ բարդ է ու փորձութիւններով լի: Մենք անչափ խոր վէրքեր ունենք:

Բայց ունենք նաեւ ապաքինուելու, ոտքի կանգնելու, յաղթելու փորձ ու կամք:
Միասնականութիւնն այլընտրանք չունի:

Մեր զոհուած հերոսների յիշատակը պարտաւորեցնում է համայն հայութեանը` համախմբուել հայրենիքի շուրջ եւ համախմբել մեր ուժերը:

Ներկայ իրավիճակը յաղթահարելու համար պէտք է ունենալ յստակ տեսլական, ռազմավարութիւն եւ իրատեսական ծրագիր:

Ցանկացած խօսք, խոստում կամ կոչ ի զուր է, եթէ իւրաքանչիւրս մեր տեղում չենք, չենք գործում մեր ողջ պատասխանատուութեամբ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Երեսուն տարի առաջ պետականութիւնը վերականգնելը մեզ համար երազանք էր:

Գալիք տարի նշելու ենք Հայաստանի անկախութեան 30-ամեակը: Դա պէտք է կարողանանք անել արժանապատուօրէն ու գլուխներս բարձր:

Ամուր պահենք մեր ինքնիշխանութիւնը, պետականութիւնը, ազգային եւ հոգեւոր արժէքները:

Առաջին հերթին ինքնե՛րս պէտք է մեր տունը կարգի բերենք:

Մեր ապագան` մեր ձեռքերում է:

Այսուհետ իրաւունք չունենք ապրել իրականութիւնից կտրուած,
ֆէյսպուքեան, վիրթուալ, անիրական կեանքում:

Այսօր անհրաժեշտ է`

մեր բոլոր ջանքերը նպատակաուղղել իրական խնդիրների լուծմանը,
փոխել մտածելակերպը,
նորովի ձեւաւորել մեր ազգային ու պետական հայեցակարգը,
վերարժեւորել մեզ եւ մեր ունեցածը,
վերակառուցել պետական կառավարումը, տնտեսութիւնը,
բանակը, դիւանագիտութիւնը, եւ ի հարկ է, կրթութիւնը, գիտութիւնը:

եւ այս ամէնը`

յանուն ուժեղ եւ անվտանգ Հայաստան ունենալու,
յանուն Արցախի,
յանուն Հայրենիքի հանդէպ սփիւռքի հաւատի ու վստահութեան ամրապնդման:

Հայ ժողովուրդը իր պատմութեան ընթացքում ունեցել է փառահեղ յաղթանակներ ու ցաւալի պարտութիւններ:

Մեր գոյութիւնը ինքնին յաղթանակի ապացոյց է եւ յաղթանակի պատմութիւն:

Ու ես վստահ եմ` հայերը, Հայաստանը դեռ կը տօնեն նոր յաղթանակներ:
Թող 2021 թուականը համախմբի մեզ եւ ամուր պահի մեր համերաշխութիւնը, յոյսը, հաւատը եւ սէրը:

Խաղաղութիւն ու բարեկեցութիւն Հայաստանին, Արցախին, սփիւռքին ու մեր ողջ ժողովրդին:

Աստուած պահապան բոլորիս:

Շնորհաւոր Ամանոր:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+