​Արցախի ԱԳ նախարարը ֆրանսիացի պատգամավորներին երախտագիտություն է հայտնել համերաշխության համար - Հայերէն
27 Kasım 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Տրե / Օր : Վահագն / Ժամ : Այգ

Հայերէն :

27 Ekim 2020  

​Արցախի ԱԳ նախարարը ֆրանսիացի պատգամավորներին երախտագիտություն է հայտնել համերաշխության համար -

​Արցախի ԱԳ նախարարը ֆրանսիացի պատգամավորներին երախտագիտություն է հայտնել համերաշխության համար ​Արցախի ԱԳ նախարարը ֆրանսիացի պատգամավորներին երախտագիտություն է հայտնել համերաշխության համար

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հոկտեմբերի 26-ին հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների պատվիրակության հետ: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Իր խոսքում Արցախի ԱԳՆ ղեկավարը ողջունել է ֆրանսիական պատվիրակության անդամներին եւ երախտագիտություն հայտնել Ադրբեջանի կողմից զինված ագրեսիայի ենթարկվող Արցախի Հանրապետությանը ցուցաբերված համերաշխության համար։ Զինված հարձակումն իրականացվել է Թուրքիայի եւ նրա իսկ կողմից Մերձավոր Արեւելքից հակամարտության գոտի տեղափոխված միջազգային ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ: Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել նաեւ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի ջանքերը` ուղղված կրակի դադարեցմանը եւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության վերականգնմանը:

ԱԳՆ ղեկավարը շեշտել է, որ սեպտեմբերի 27-ին սանձազերծված զինված ագրեսիան վերջին 30 տարիների ընթացքում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ուժի միջոցով ճնշելու ադրբեջանական կողմի երրորդ փորձն է: Սակայն ներկայիս իրավիճակը նախորդներից տարբերվում է թե՛ մասշտաբով, թե՛ ներգրավված զինատեսակներով: Արտաքին գործերի նախարարի խոսքով՝ Ադրբեջանի զինված ագրեսիան ուղեկցվում է նաեւ բազմաթիվ, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների կողմից արձանագրված պատերազմական հանցագործությունների դեպքերով:

Մասիս Մայիլյանը նշել է, որ ռազմական ագրեսիայի հետեւանքով հանրապետության բնակչության շուրջ 60%-ը ստիպված է եղել լքել իր մշտական բնակության վայրերը, ոչնչացվել է քաղաքացիական ենթակառուցվածքների էական մասը, ինչի արդյունքում Արցախում ծանր հումանիտար իրավիճակ է ստեղծվել: Այս կապակցությամբ արտաքին գործերի նախարարը շեշտել է մասնագիտացված միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներգրավման անհրաժեշտությունը՝ ճգնաժամը հաղթահարելու համար:

Մասիս Մայիլյանը նշել է, որ Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումն ադրբեջանական ագրեսիան կասեցնելու ամենաարդյունավետ միջոցն է, քանի որ տվյալ գործընթացը կգործարկի ագրեսիան զսպելուն եւ Բաքվի իշխանություններին խաղաղություն պարտադրելուն ուղղված միջազգային քաղաքական եւ դիվանագիտական մեխանիզմները: Հաշվի առնելով Ադրբեջանի պատրանքային պատկերացումները՝ այդ երկրին Արցախի ենթադրյալ պատկանելիության մասին՝ պաշտոնական Բաքուն փորձում է ուժի կիրառմամբ իր ինքնիշխանությունը տարածել Արցախի վրա: Այս համատեքստում ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը Ադրբեջանի համար հստակ ազդանշան կդառնա առ այն, որ նա որեւէ իրավունք չունի Արցախի նկատմամբ:

Ֆրանսիական պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել արտաքին գործերի նախարարին՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի եւ դրա հետեւանքների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն տրամադրելու համար եւ ափսոսանք հայտնել զոհերի կապակցությամբ:

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորները Արցախի ԱԳՆ ղեկավարին են հանձնել Ֆրանսիայի խորհրդարան ներկայացված Արցախի Հանրապետության ճանաչման մասին բանաձեւի նախագծի կրկնօրինակը, որին արդեն միացել են Ֆրանսիայի խորհրդարանի ավելի քան 50 անդամներ:





Bu haber news.am kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (news.am) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(news.am). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+