26 Haziran 2016
ՀԱՂՈՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՍՔ
Բարև ձեզ, սիրելի հեռուստադիտողներ: Ուղիղ եթերում Պատարագի Սրբազան արարողությունն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից: Պատարագը մատուցվելու է Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանում` աղոթական մասնակցությամբ եռօրյա այցով Հայաստան ժամանած Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի: Հիշեցնենք, որ Ֆրանցիսկոս Պապի Հայաստանյան այցի կարգախոսն է՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր»:
Բաց խորանը Մայր Աթոռի արևելյան կողմում է` Գևորգյան հոգևոր ճեմարանի հարևանությամբ: Այն կառուցվել է 2001 թ-ին՝ քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակման 1700-ամյակի առիթով: Այս խորանին են կատարվում եկեղեցական մեծահանդես արարողությունները, օրինակ` Մյուռոնօրհնությունը և Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին կատարվող խաղողօրհնեքը: Հենց այս խորանին 2001 թ-ին Սուրբ Պատարագ մատուցեց պատմության մեջ առաջին անգամ Հայաստան այցելած Հռոմի Պապը` Սուրբ Հովհաննես-Պողոս Երկրորդ քահանայապետը:
Բաց խորանի հարևանությամբ է Սուրբ Գրիգոր Լուսավորչի կամարը, որը հանդիսանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գլխավոր մուտքը: Կամարի արևմտյան մասում` խոյակի վրա, պատկերված են Սուրբ Թադեոս և Սուրբ Բարթողիմեոս առաքյալները, ովքեր քրիստոնեությունը տարածեցին Հայաստանում, իսկ արևելյան խոյակին` Սուրբ Տրդատ արքայի և Սուրբ Գրիգոր Լուսավորչի հարթաքանդակներն են:
Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների հարաբերությունները ջերմ են և գործակցային: Կաթոլիկ Եկեղեցու հետ իրականացվում է աստվածաբանական երկխոսություն Կաթոլիկ Եկեղեցու և Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների ընտանիքի միջև 1970-ականներին սկզբնավորված երկխոսության շրջանակներում:
Երկու Եկեղեցիների միջև հարաբերություններին նոր խթան հաղորդվեց 1970 թ-ին Պողոս VI Պապի և Ամենայն Հայոց Հայրապետ Վազգեն Առաջինի հանդիպմամբ:
Այդ ժամանակվանից սկսյալ պաշտոնական այցով Վատիկանում երկու անգամ հյուրընկալվեց Գարեգին Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Եղբայրական հարաբերությունների արտահայտություն էր 1999 թ-ին Վատիկանի Թանգարանի Սիքսթինյան սրահում Հայոց մկրտության 1700-ամյակին նվիրված «Հոոմ-Հայաստան» ցուցահանդեսը:
Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գահակալության 17 տարիների ընթացքում մի շարք առիթներ է ունեցել այցելելու Վատիկան և հանդիպելու Սուրբ Հովհաննես-Պողոս Երկրորդի, Բենեդիկտոս Տասնվեցերորդի, ինչպես նաև ներկայիս Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ:
Վեհափառ Հայրապետի վերջին այցը Վատիկան տեղի է ունեցել 2015 թ-ին ապրիլի 12-ին, երբ Սուրբ Պետրոսի տաճարում Ֆրանցիսկոս Պապը Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Երբ թափորը շարժվում է դեպի Բաց Խորան.
Սիրելի հեռուստադիտողներ, մինչև զգեստավորվելը պատարագիչ հոգևորականը զղջումով ու խոստովանությամբ Աստծուն ցույց է տալիս իր մտքի մաքրությունը, իսկ այժմ տեսանելի պայծառ զգեստների միջոցով երևում է նաև մարդկանց: Սա խորհրդանշում է, որ եթե իրապես քրիստոնեական ճիշտ կյանք ենք ապրում, պետք է ոչ միայն Աստծո առջև առաքինի ու պայծառ երևալ, այլ նաև մարդկանց առաջ: Այս խորհուրդն են արտահայտում նաև պատարագչի պայծառ զգեստները: Պատարագիչ արքեպիսկոպոսի, պատրիարքի և կաթողիկոսի զգեստները որոշ չափով տարբերվում են մյուս հոգևորականների զգեստներից:
Լուացից սրբութեամբ.
Այս պահին պատարագիչը լվանում է իր մատները և ասում 25-րդ սաղմոսի խոսքերը, թե` Սրբությամբ կլվամ ձեռքերն իմ եւ սեղանիդ շուրջը կլինեմ, Տե՛ր: Լվացումը խորհրդանշում է մեղքերից մաքրվելը, որից հետո միայն կարելի է բարձրանալ Սուրբ Սեղան:
Խոստովանություն.
Այժմ Վեհափառ Հայրապետը Սուրբ Աստվածածնի և բոլոր սրբերի բարեխոսությունը խնդրելուց հետո շրջվում է դեպի ժողովուրդը և խնդրում ներկաների աղոթքները իր համար: Հաղորդությունը շատ կարևոր է քրիստոնյայի կյանքում, և պատարագիչ քահանայի այս օրինակով էլ ժողովուրդը մինչև Հաղորդությունը ճաշակելը պարտավոր է մաքրվել` խոստովանել իր մեղքերը, և ապա միայն մոտենալ Սուրբ Հաղորդության:
Աղաղակեցեք.
Սարկավագները բարձրաձայն արտասանում են 99-րդ սաղմոսը, որը հորդորում է Տիրոջը ճանաչելու և խոստովանությամբ Նրա մոտ մտնելու:
Նախամուտ.
Այժմ պատարագիչ Վեհափառ Հայրապետը բարձրանում է Սուրբ Խորան` բուրվառակիր Հայր Սուրբի հետ արտասանելով 42-րդ սաղմոսը, որով Աստծո օգնականությունն ու զորակցությունն են խնդրում:
Այս պահին Վեհափառ Հայրապետն ընթերցում է Գրիգոր Նարեկացու աղոթքը` ուղղված Սուրբ Հոգի Աստծուն, որով հայցում է Նրա օգնությունը` Խորհուրդը կատարելու համար:
Ընտրեալդ.
Երբ պատարագիչը բարձրաստիճան հոգևորական է լինում, Պատարագի այս հատվածում երգում են «Ընտրեալդ յԱստուծոյ» մեղեդին: Պատարագիչը Աստծո կողմից ընտրված է անվանվում և նմանեցվում է Ահարոնին ու Մովսեսին: Այս մեղեդին երգելով` խնդրում ենք, որ պատարագիչը Սուրբ Խորանի վրա իր աղոթքներում հիշի մեր ննջեցյալներին, նաև մեզ` խնդրելով, որ Քրիստոս Իր երկրորդ փառավոր գալստյան ժամանակ մեզ ողորմության արժանացնի:
Առաջադրություն.
Աղոթքից հետո սարկավագը մատուցում է նվիրական հացն ու գինին, որոնք օրհնվում են պատարագչի կողմից. հացը դրվում է հատուկ պնակի` մաղզմայի վրա, իսկ գինին խաչաձև լցվում է սկիհի մեջ: Այնուհետև սրանք ծածկվում են հատուկ քողով:
Աշխարհգալոց.
Վեհափառ Հայրապետը բեմի վրա շրջելով, խնկարկում է ժողովրդին: Պատարագի այս մասը կոչվում է Աշխարհգալոց: Այն խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի մարդեղացումը, մարդկանց մեջ շրջելը և նորից երկինք ելնելը: Խնկարկությունը խորհրդանշում է մարդկության մեջ Ավետարանի անուշ բուրմունքի տարածումը:
Ճաշու Շարական.
Հնչում է Քրիստոսի Հարությունը փառաբանող երգեցողությունը: Սաղմոսների և շարականների հեշտալուր երգերը քաղցրացնում են ժողովրդի լսողությունը, որպեսզի նրանց մտքերից մաքրվեն մարմնական հոգսերը և երգերով միանան Աստծո հետ, – ասում է մեր եկեղեցական հեղինակներից Հովհաննես Արճիշեցին:
Ավետարանի վերաբերում.
Սրբազան հայրը, վերցնելով Ավետարանը, ձայնում է` Պռոսխումէ, այսինքն` ուղիղ վեր նայեք: Այս խոսքերով Ավետարանը բարձրացնում է ի տես ժողովրդի: Այդ ընթացքում շարժվում են քշոցները, ինչը խորհրդանիշն է Սուրբ Խորանի վրա հրեշտակների և երկնային զորությունների անտեսանելի ներկայության: Վերաբերում անող հոգևորականը, Ավետարանը բարձր պահած, աջակողմյան դասից ձախակողմյանն է անցնում:
Վասն խաղաղութեան…
Սարկավագները հորդորում են աղոթել ամբողջ աշխարհի խաղաղության և Եկեղեցու հաստատության համար, ինչպես նաև` Եկեղեցու Հայրապետի, հոգևորականների, բարեպաշտ և աստվածասեր բոլոր մարդկանց և այն հանգուցյալ հոգիների համար, որոնք ուղիղ հավատով ի Քրիստոս ննջեցին: Այս ընթացքում նաև պատարագիչը ծածուկ, ցածրաձայն աղոթում է և ինչ որ այս պահին պատարագիչը խորհրդաբար խնդրում է, նույնը և սարկավագները բարձրաձայն հրամայում են ժողովրդին խնդրել Տիրոջից:
Ընթերցվածք.
Աստվածաշունչ գրքից ընթերցումները ժողովրդին վարդապետությամբ խրատելու և բարին հորդորելու համար են, նաև` որպես նախագուշակ և վկա Տիրոջ տնօրինության: Դրա համար նախ մարգարեություններից, ապա առաքելական թղթերից են հատվածներ ընթերցվում, որպեսզի ցույց տրվի, թե սրանց միտքը նույնն է, քանզի ինչ որ մարգարեները մարգարեացան, առաքյալները դրանց ականատես եղան:
Ավետարանի ընթերցում.
Այժմ պիտի սկսվի ավետարանի ընթերցումը, և երգվում է Ալելուիա, որ նշանակում է` Օրհնեցեք Աստծուն: Այնուհետ ասվում է` Օրթի, որ թարգմանվում է` ականջ դրեք կամ ոտքի ելեք:
Հաւատամք.
Այժմ ասվում է քրիստոնեական հավատքի հանգանակը, որով բոլոր քրիստոնյաներս խոստովանում ենք, որ հավատում ենք Սուրբ Երրորդությանը և մի Աստվածությանը` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն: Հավատում ենք Քրիստոսի մարդեղությանը, չարչարանքներին, խաչելությանը, թաղմանը, Հարությանը, երկինք համբարձվելուն և Հոր աջ կողմը նստելուն, դատաստանի համար նույն մարմնով գալստյանը: Ինչպես նաև հավատում ենք մեկ ընդհանրական և առաքելական Սուրբ Եկեղեցուն, մեկ մկրտությանը, ապաշխարությանը, մեղքերի քավությանն ու թողությանը, մեռյալների հարությանը, հոգիների և մարմինների դատաստանին, երկնքի արքայությանը և հավիտենական կյանքին:
Եւ ևս հաւատով աղաչեսցուք…
Սարկավագները հորդորում են, որ կրկին հավատով աղաչենք և խնդրենք Տեր Աստծուց և մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսից, որպեսզի ընդունի մեր սրտի խնդրանքները և թողություն տա մեր մեղքերին: Սրտի խնդրվածքներ է ասվում, որովհետև ոչ թե շուրթերի այս անկեղծ սրտի խնդրվածք է Աստծուն ընդունելի:
Մի ոք յերախայից.
Պատարագիչն այժմ հանում է գլխի թագը, եմիփորոնը, հողաթափերը: Սա նշանակում է, որ եթե մինչ այս պահը պատարագիչը փառքով զարդարվելով Փրկչին էր նմանվում, այժմ, երբ պետք է բերվեն հացը` նշխարը, և գինին` աղոթքով և աստվածային զորությամբ դառնալու Քրիստոսի ճշմարիտ մարմին և արյուն, պատարագիչն արդեն դառնում է պարզ սպասավոր աստվածային փրկարար Խորհրդի:
«Մի ոք յերախայից» բառերով սկսվող հորդորով սարկավագները զգուշացնում են, որ երախաները, այնինքն` չմկրտվածները և հաղորդության համար անպատրաստները առաջ չգան` Սուրբ Խորհդին հաղորդվելու համար:
Մարմին տերունական.
Այս երգով դպիրները և ժողովուրդը խոստովանում են, որ հավատում են Հիսուս Քրիստոսի Մարմնի և փրկչական Արյան` Սուրբ Սեղանի վրա գտնվելուն: Սուրբ Հոգին Քրիստոսի Մարմնի և Արյան զորությունը տպավորում է սրբագործվող հացին և գինուն, որոնք դառնում են ոչ թե պարզ խորհրդանիշ, այլ տերունական ճշմարիտ Մարմինն ու Արյունը:
Վերաբերում.
Սուրբ ընծաներն ընդունելիս ասվում են 23-րդ սաղմոսի խոսքերը. «Վե՛ր քաշեցէք, իշխաննե՛ր, դռները ձեր, թող բացուեն յաւիտենական դռները, եւ փառքի արքան թող ներս մտնի: Ո՞վ է այս փառքի արքան»: Ըստ մեկնության` համբարձվելիս Քրիստոս անցել է հրեշտակների դասերի միջով, և Քրիստոսի աստվածային մշտական ներկայությունը վայելող վերին դասերի հրաշտակները` անտեղյակ մարդեղության խորհրդին, Քրիստոսին ուղեկցող սպասավոր հրեշտակներին հարցնում են, թե ով է փառավորյալ մարմնով երկինք բարձրացող այս հզորը, և լսում պատասխանը, թե` սա Ինքը Քրիստոսն է` Փառքի թագավորը:
Լվացում.
Մատների ծայրերի լվացումը, որ տեսնում եք այս պահին, խորհրդանշում է մարդկային բնության խորհուրդների չնչին կրքերը. պատարագիչը տեսանելի լվացումով խորհրդանշական լվացումն է ցույց տալիս, որ չնչին բաները ևս լվանալով մաքրեց իր մտքերից: Ինչպես, օրինակ, Քրիստոս նախ լվաց աշակերտների ոտքերը, որ մարմնի վերջին մասն է, և ապա նրանց տվեց Իր Սուրբ Մարմինը:
Ողջոյն տուք միմեանց.
«Ողջունեցեք միմյանց սուրբ համբույրով», – հորդորում են սարկավագները: Քանզի սիրո համբույրը ցույց է տալիս ժողովրդի հոգևոր միությունն ու միմյանց միջև հավասարությունը` ըստ Գործք Առաքելոցի հետևյալ խոսքի` Հավատացյալների բազմությունը մի անձ և մի սիրտ էր: Ողջույնի ժամանակ հավատացյալները ավետիս են տալիս միմյանց ու ասում. «Ողջոյն տուք միմեանց Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ» և ստանում պատասխանը, թե՝ «Օրհնեալ է յատնութիւնն Քրիստոսի»։
Զդրունս, զդրունս.
Հնչում է զդրունս կրկնվող բառով սկսվող հրամանը: Զդրունս թարգամանաբար նշանակում է դռները: Դռներ կոչվում են մարմնի զգայարանները` աչքերը, լսելիքը, շոշափելիքը և այլն: Այս հրամանով կոչ է արվում փակել զգայարանները արտաքին ազդեցություններից և կենտրոնանալ միայն փրկագործության խորհրդի և աղոթքի վրա, ինչպես որ Քրիստոսն է պատվիրում Մատթեոսի Ավետարանում` ասելով. «Երբ աղոթես, մտիր քո սենյակը և փակիր քո դռները» (Մատթ. 6.6):
Սուրբ, սուրբ, սուրբ – Այժմ սրբասացությունը կատարում է Նոր անուններ խմբի երեխաներից մեկը
Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Տեր զորությունների, երկինքն ու երկիրը լի են Քո փառքով, օրհնությո՜ւն բարձունքներում. օրհնյալ ես, որ եկար և գալու ես Տիրոջ անունով, օվսաննա՜ բարձունքներում։
Որդի Աստուծոյ.
Աղոթական այս երգով երգչախումբը աղաչում է, որ Քրիստոս, ով բաշխվում է մեր մեջ որպես Կենաց Հաց, ողորմի Իր Արյամբ փրկված հոտին:
Հոգի Աստուծոյ.
Դպրաց դասը խնդրում է Սուրբ Հոգի Աստծուն, ում միջոցով կատարվում է Պատարագի այս Ահեղ Խորհուրդը, որ հանգստություն շնորհի մեր ննջեցյալների հոգիներին:
Հիշատակություն.
Պատարագի այս հատվածում սկսվում է հիշատակությունների շարքը, որով հիշվում են սրբերը, այնուհետև Եկեղեցու սպասավորները, հավատացյալները: Հիշատակությունը կատարվում է Սուրբ Սեղանի աջ կողմում, որովհետև աջը խորհրդանշում է փրկությունը և երանությունը, որին արժանացել են սրբերը և որին պիտի արժանանան Քրիստոսին ճշմարտապես երկրպագողները:
Գոհություն.
Սարկավագները գոհություն և փառաբանություն են մատուցում առ Աստված այս Սուրբ և Անմահ Պատարագի համար, որ այս Սուրբ Սեղանի վրա է մատուցվում, որպեսզի սա մեզ պարգևի կյանքի սրբություն և սեր ու խաղաղություն շնորհի ամբողջ աշխարհին, Սուրբ Եկեղեցուն, Եկեղեցու սպասավորներին, բարեպաշտ հավատացյալներին և մեր հանգուցյալների հոգիներին:
ՀԱՂՈՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՍՔ
Այժմ, սիրելի՛ հեռուստադիտողներ, այս առիթով Հայրապետական իր պատգամը ներկաներին կփոխանցի Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
…
ՀԱՅՐ ՄԵՐ
Ի սրբութիւն սրբոց.
Պատարագիչը մատների ծայրերով բռնած վեր է բարձրացնում Սուրբ Մարմինը՝ ի տես ժողովրդի: Այնուհետև նշխարը պիտի կիսվի և բաժանվի չորս մասի չորս բաների սրբության համար` հոգու, մարմնի, մտքի և խոսքի` խորհրդանշելով նաև աշխարհի չորս կողմերում գտնվող հավատացյալների փրկությունը մեր Տեր Հիսուս Քրիստոսի Մարմնի ու Արյան շնորհիվ:
Յիսուս Քրիստոս երգի ժամանակ.
Եկեղեցին Քրիստոսի խորհրդավոր մարմինն է, ինչպես ասում է Պողոս առաքյալն իր թղթերում: Եվ նվիրագործված հացն ու գինին ոչ միայն Քրիստոսի ճշմարիտ մարմինն է, այլև ցույց է տալիս Նրա հոգևոր, խորհրդավոր մարմինը, որ է` Սուրբ Եկեղեցին: Քանզի հացը բազում ցորեններից է բաղկանում, մեկ բան դառնում, և գինին` խաղողի բազում պտուղներից: Այսպես նաև Քրիստոսի մեկ Սուրբ Եկեղեցին բաղկացած է բազում հավատացյալ անձանցից:
Օրհնեալ Հայր Սուրբ...
Այժմ Սուրբ Երրորդությանն ուղղված օրհնաբանությունն է ասվում:
Ի սուրբ, ի սուրբ - Վեհափառ Հայրապետն ասում է. «Սրբությամբ ճաշակենք մեր Փրկչի և Տիրոջ` Հիսուս Քրիստոսի Սուրբ պատվական մարմնից և Արյունից, որ իջնելով երկնքից բաշխվում է մեր մեջ: Սա է Կյանքը, Հույսը, Հարությունը, Քավությունը և մեղքերի Թողությունը»:
Քրիստոս պատարագեալ.
Քրիստոս պատարագված բաշխվում է մեր մեջ և Իր Մարմինը տալիս է մեզ իբրև կերակուր: «Մոտեցեք Տիրոջը և առեք լույս, ճաշակեցեք և տեսեք, որ քաղցր է Տերը», – երգում է երգչախումբը:
Տեր ողորմեա.
«Տեր ողորմեա» երգով խնդրվում է Աստծո ողորմությունը հավատացյալների համար: Ամենասուրբ Երրորդություն, տուր աշխարհին խաղաղություն, հիվանդներին բժշկություն, ննջեցյալներին արքայություն, Արի Աստված մեր հայրերի, որ ապավենն ես նեղյալների, օգնության հասիր քո ծառաներին, օգնական եղիր մեր հայոց ազգին:
Երկիւղիւ և հաւատով.
Երկյուղածությամբ և հավատքով մոտեցեք սուրբ հաղորդության, ասում են սարկավագները: Երկյուղը և հավատքը միասին են հիշվում, որովհետև եթե միայն երկյուղը լինի, կօտարանանք Աստծուց, իսկ եթե միայն հավատը լինի առանց երկյուղի, կհանդնգնենք առավել, քան անհրաժեշտ է: Սրա համար երկյուղը, լծակից դառնալով հավատին, բարձրացնում է մեր միտքը, որ զգուշությամբ մոտենանք հաղորդության:
Հաղորդություն.
Քանի որ կերակրով մարդն ընկավ դրախտից և զրկվեց երանական կյանքից, դրա համար էլ Աստված կարգեց, որ նույն ուտելու միջոցով` Սուրբ Հաղորդութունը ճաշակելով մարդիկ մաքրվեն մեղքերից և զորանան հոգով: «Սա եղիցի քեզ ի քավություն և ի թողություն մեղաց», – ասում է պատարագիչը հաղորդություն ստացողներին:
Պատարագամատույցում Սուրբ Հաղորդությունը կոչվում է նաև մարմնի և հոգու դեղ: Հացն ու գինին առավել, քան որևէ այլ նյութ, մեզ հայտնապես ցույց են տալիս Քրիստոսի չարչարանքները, քանզի ցորենը աղացվում է և հացը հնոցում եփվում, և գինին պատրաստվում է հնձանում ճմլվելով: Եվ հացն ու գինին իրենցով մեզ հիշեցնում են Քրիստոսի ահավոր տառապանքներն ու չարչարանքները:
Գոհանամք զՔէն Տէր.
«Գոհանում ենք Քեզանից, Տեր, որ կերակրեցիր մեզ Քո անմահական Սեղանից», – երգում է դպրաց դասը: Մի փոքր տարբերություն կա գոհության և օրհնության խոսքերի միջև: Օրհնությունը էակների փառաբանությունն է Աստծո բարիքների համար, իսկ գոհությունը` նոր հաղորդվողների շնորհակալությունը: Մինչև այժմ օրհնում էինք Աստծուն մեզ տրված բարիքների համար, իսկ այժմ գոհանում ենք նոր ընդունած պարգևների համար:
Եղիցի անուն Տեառն-ի ժամանակ.
Քիչ առաջ պատարագիչ Վեհափառ Հայրապետը, Աստծուն փառաբանելով, աղոթեց աշխարհի խաղաղության, Սուրբ Եկեղեցու և քրիստոնյաների համար: Եկեղեցական սուրբ հեղինակը խրատում է պատարագիչ հոգևորականին, որով նաև մեզ բոլորիս՝ աղոթքի մեջ աչալուրջ լինելու համար:
ՀԱՂՈՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՍՔ
Այժմ, սիրելի՛ հեռուստադիտողներ, այս առիթով խոսքով հանդես կգա Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը:
Ձերդ Սրբութիւն, յոյժ սիրելի Եպիսկոպոսներ,
սիրելի եղբայրներ եւ քոյրեր,
այս յոյժ ցանկալի եւ ինձ համար արդէն անմոռանալի այցի գագաթնակետին, ուզում եմ Տիրոջ բարձրացնել իմ շնորհակալութիւնը, միացնելով այն այս սեղանից բարձրացած փառաբանական եւ գոհաբանական մեծ աղօթքին: Այս օրերին, Ձերդ Սրբութիւնը սեփական տան դռները բացեց ինձ, եւ զգացինք թէ «ինչ գեղեցիկ եւ ինչքան քաղցր է, որ եղբայրները միասին բնակուեն» (Սղ 133,1): Հանդիպեցինք, եղբայրաբար ողջագուրուեցինք, միասին աղօթեցինք, կիսեցինք ընծաները, յոյսերն ու մտահոգութիւնները, Քրիստոսի Եկեղեցու՝ որի սրտի միաձայն զարկերը լսում ենք, եւ հաւատացած ենք եւ զգում ենք թէ մէկ է: «Մէ՛կ մարմին եւ մէ՛կ հոգի, ինչպէս որ մէ՛կ է ձեր յոյսը [...]. մէ՛կ Տէր, մէ՛կ հաւատ, մէ՛կ մկրտութիւն: Մէ՛կ Աստուած եւ Հայր բոլորի, որ վեր է բոլորից, բոլորի հետ եւ մեր բոլորի մէջ» (Եփ 4,4-6). իրօք կարող ենք ուրախութեամբ մերը դարձնել Պօղոս առաքեալի այս խօսքերը: Հենց սուրբ Առաքեալների յիշատակին հանդիպեցինք: Սուրբ Բարթողիմէոս եւ Թադէոս, որ առաջի անգամ քարոզեցին Աւետարանը այս աշխարհում, եւ սուրբ Պետրոսն ու Պօղոսը, որ Հռոմում իրենց կեանքը զոհեցին Տիրոջ համար, մինչ թագաւորում են երկնքում Քրիստոսի հետ՝ վստահաբար ուրախանում են տեսնելով մեր սէրն ու ժրաջան ձգտումը՝ ամբողջական հաղորդութեան: Այս բոլորի համար շնորհակալ եմ Տիրոջ, ձեզ համար եւ ձեզ հետ. Փառք Աստծոյ:
Այս Սուրբ Պատարագի ընթացքում, հանդիսաւոր երեգսրբեանը բարձրացաւ երկինք, օրհնաբանելով Աստծոյ սրբութիւնը. Ամենաբարձրեալի օրհնութիւնը առատօրէն իջնի երկիր, Աստուածամօր, մեծ սուրբերի եւ վարդապետների, մարտիրոսների եւ յատկապէս բազմաթիւ նահատակների բարեխօսութեամբ, որ անցած տարի այս վայրում սրբադասեցիք: «Միածինը որ այստեղ իջաւ» օրհնի մեր ճանապարհը: Սուրբ Հոգին բոլոր հաւատացեալներին պարգեւի մէկ սիրտ, մէկ հոգի. մեզ այցելի միութեան մէջ վերահաստատելու: Այս պատճառով ուզում եմ կրկին կանչել Նրան, իմը դարձնելով սքանչելի խօսքերէն ոմանք որ ձեր Ծէսի մէջ մուտք են գործել: Եկ, Հոգի, Դու «որ բարեխօս ես մեզ համար, անմռունչ հեծութիւններով ողորմած Հօր մօտ, որ սրբերին պահում ես եւ մեղաւորներին մաքրում», թող իջնի մեր վրայ քո սիրոյ եւ միութեան կրակը, եւ «այս կրակով հալին մեր գայթակղութեան պատճառները» (հմմտ. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ, Մատեան ողբերգութեան, 33,5), նախեւառաջ միութեան պակասը Քրիստոսի աշակերտների միջեւ:
Հայ Եկեղեցին խաղաղութեամբ ընթանայ եւ մեր միջեւ խաղաղութիւնը կատարեալ լինի: Բոլորի մէջ ծնուի միութեան հզօր ցանկութիւն, այնպիսի միութեան, որ պէտք չէ լինի «ո՛չ ենթարկութիւն մէկը միւսին, ո՛չ կլանում, այլ առաել ընկալում բոլոր շնորհներին որ Աստուած տուած է իւրաքանչիւրին՝ ամբողջ աշխարհին յայտնելու համար փրկագրոծութեան մեծ խորհրուրդը, իրագործուած Տէր Քրիստոսից, Սուրբ Հոգու շնորհիւ» (Սրբազան Հօր խօսքեր Աստուածային Ծիսակատարութեան ընթացում, Սուրբ Գէորգ Պատրիարքական Եկեղեցի, Պոլիս, 30 նոյեմբեր 2014):
Սրբերի յորդորներն ընդունենք, լսենք խոնարհների եւ աղքատների ձայնին, ատելութեան բազմաթիւ զոհերին, որ տառապեցին եւ իրենց կեանքը զոհեցին հաւատի համար. ականջ դնենք նոր սերունդներին, որ անցեալի բաժանումներից ազատ ապագայ են խնդրում: Այս սրբատեղիից կրկին սփռուի ճաճանչափայլ լոյսը. այս երկրի լուսաւորիչին՝ ձեր Աւետարանի Հօր՝ Սուրբ Գրիգորի հաւատի լոյսին միանայ սիրոյ լոյսը՝ որ ներում եւ հաշտւում է:
Ինչպէս Առաքեալները Զատկուան առաւօտուն, տառակոյսներով եւ անվստահութիւններով հանդերձ, վազեցին յարութեան վայրը, նոր յոյսի երջանիկ արեւագալից դիւթուած (հմմտ. Յվ 20,3-4), նոյնպէս մենք եւս, այս սուրբ Կիրակին, հետեւում ենք Աստծոյ կանչին՝ կատարեալ միութեան եւ արագացնենք մեր քայլերը:
Իսկ այժմ, Սրբութիւն, Աստծոյ անունով, խնդրում եմ որ Ինձ օրհնէք, օրհնէք ինձ եւ Կաթողիկէ Եկեղեցին, օրհնէք մեր այս ընթացքը՝ դէպի կատարեալ միութիւն: