Երիտթուրքերի 1919-1921 Տարիների Դատավարութիւնների Որոշ Փաստերի Խեղաթիւրման Փորձեր Թուրք Ժամանակակից Պատմագրու - Հայերէն
24 Kasım 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Տրե / Օր : Լուսնակ / Ժամ : Երկրատես

Հայերէն :

12 Ocak 2016  

Երիտթուրքերի 1919-1921 Տարիների Դատավարութիւնների Որոշ Փաստերի Խեղաթիւրման Փորձեր Թուրք Ժամանակակից Պատմագրու -

Երիտթուրքերի 1919-1921 Տարիների Դատավարութիւնների Որոշ Փաստերի Խեղաթիւրման Փորձեր Թուրք Ժամանակակից Պատմագրու Երիտթուրքերի 1919-1921 Տարիների Դատավարութիւնների Որոշ Փաստերի Խեղաթիւրման Փորձեր Թուրք Ժամանակակից Պատմագրութեան Մէջ

Յօդուածը, որպէս զեկուցում, ներկայացուել է 18 դեկտեմբերի 2015-ին Հայաստանի սփիւռքի նախարարութեան նախաձեռնութեամբ Հայաստանի Հանրապետութեան Գիտութիւնների Ազգային Ակադեմիայի նախագահութեան նիստերի կլոր դահլիճում կազմակերպուած «Հայոց ցեղասպանութեան ժխտողականութիւնը նորօսմանականութեան գաղափարախօսութեան համատեքստում» խորագրով գիտաժողովին:

Վերջին տարիներին Հայոց ցեղասպանութեան պատմագրութեան մէջ աւելի յաճախ է ուշադրութեան արժանանում այն փաստը, որ երիտթուրքերի` հայերի բնաջնջմանն ուղղուած քաղաքականութիւնը թուրքերի կողմից դատապարտուել է դեռեւս 1919-1921 թթ.` Օսմանեան կայսրութեան ռազմական արտակարգ ատեաններում կայացած 60-ից աւել դատավարութիւնների արդիւնքում ընդունուած դատավճիռների միջոցով: Այդ բոլոր դատական գործերը յարուցուել են Ա. Համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանեան կայսրութիւնում հայերի տեղահանութեան եւ զանգուածային կոտորածների (Թեհսիր վէ Թաքթիլ) մեղադրանքով: Երիտթուրքերի կուսակցութեան եւ կառավարութեան անդամների` 1919 թ. ապրիլ-յուլիս ամիսներին տեղի ունեցած դատաքննութիւնների համար հիմք են ծառայել ոչ միայն հայերի տեղահանման եւ ոչնչացման ու Հայոց ցեղասպանութեան իրականացման մէջ կարեւոր դեր ունեցած Յատուկ կազմակերպութիւնը (Թեշքիլաթ-1 Մահսուսա) հիմնելու, այլ նաեւ` առանց հիմնաւոր պատճառի երկիրը պատերազմի մէջ ներքաշելու, տնտեսական չարաշահումներ թոյլ տալու, սեւ շուկայում գործունէութիւն ծաւալելու եւ երկրի անվտանգութիւնը խախտելու մեղադրանքները:

Սոյն դատավարութիւնների կայացման փաստն ինքնին արժէքաւոր է, քանի որ որոշ գիտնականներ այն ընդունում են որպէս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանութեան պաշտօնական ճանաչում: Ինչպէս, օրինակ, նշում է փրոֆեսէօր Նիկոլայ Յովհաննիսեանը` երիտթուրքերի դատավարութեան փաստաթղթերի մեծ մասն առաջին անգամ հայերէնով հրատարակած օսմանագէտ Աւետիս Փափազեանի «Հայերի ցեղասպանութիւնը ըստ երիտթուրքերի դատավարութեան փաստաթղթերի» արժէքաւոր գրքի առաջաբանում, հէնց այս դատաքննութիւնների արդիւնքում ընդունուած դատավճիռների միջոցով Թուրքիան, ի դէմս օսմանեան կառավարութեան, արդէն իսկ պաշտօնապէս ճանաչել է Հայոց ցեղասպանութիւնը:

1919-1921 թթ. երիտթուրքերի դատավարութիւնների ուսումնասիրութիւնը կարեւորւում է նաեւ Հայոց ցեղասպանութեան փաստագրման առումով: Քանզի 1919-1921 թթ. հայերի տեղահանութեան եւ կոտորածների մեղադրանքով յարուցուած դատական գործերի նիստերում, յատկապէս` 1919 թ. երիտթուրքերի կուսակցութեան եւ կառավարութեան անդամների դատավարութեան ժամանակ ներկայացուած մեղադրական եզրակացութիւնները, վկաների եւ ամբաստանեալների ցուցմունքները, ընթերցուած ծածկագիր հեռագրերը եւ, յատկապէս, դատավճիռները կարեւոր տեղեկութիւններ են պարունակում Հայոց ցեղասպանութեան իրականացման մեքանիզմների մասին: Դատական վաւերագրերի շարքում առանձնայատուկ յիշատակման է արժանի Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութեան անդամների դատաքննութեան առաջին նիստում (1919 թ. ապրիլի 28) ներկայացուած ամբաստանագիրը, որը բաղկացած էր 41 պաշտօնական ու կիսապաշտօնական բնագիր փաստաթղթերից, ինչպէս նաեւ` 1919 թ. յուլիսի 5-ին երիտթուրքերի կուսակցութեան եւ կառավարութեան անդամների վերաբերեալ կայացուած ընդհանուր դատավճիռը, ըստ որի, մահուան են դատապարտուել Հայոց ցեղասպանութեան գլխաւոր պատասխանատուները:

Քանի որ սոյն դատավարութիւնների կայացման փաստը եւ փաստաթղթերն անհերքելիօրէն ապացուցում են, որ հայերի զանգուածային կոտորածները եղել են կանխամտածուած եւ ծրագրուած երիտթուրքերի կուսակցութեան ու կառավարութեան կողմից, Հայոց ցեղասպանութեան փաստը յամառօրէն ժխտող թուրքական պատմագրութեան որոշ ներկայացուցիչներ հարկադրուած եղան այնուամենայնիւ անդրադառնալ այս դատավարութիւններին: Այսպէս, օրինակ, սոյն դատավարութիւններին 2005 թ. առանձին գրքով անդրադարձել է անգամ Թուրքական պատմագիտական ընկերութիւնը` ի դէմս Ֆերուտուն Աթայի, որն իր «Տեղահանութեան դատավարութիւնները գրաւեալ Ստամպուլում» (Պոլիսում) վերնագրով աշխատութեան մէջ փորձ է անում խեղաթիւրել դատաքննութիւններին առնչուող բազմաթիւ փաստեր կամ այլ մեկնաբանութիւններ տալ դրանց: Ֆերուտուն Աթայի վերոյիշեալ աշխատութեան վերնագիրն անգամ բաւարար է ցոյց տալու համար, թէ ինչ նպատակ են հետապնդել Թուրքական պատմագիտական ընկերութիւնը եւ գրքի հեղինակը` այս մենագրութիւնը հրատարակելով: Վերնագրում իսկ ընդգծուել է, թէ սոյն դատաքննութիւններն իրականացուել են Դաշնակից պետութիւնների, յատկապէս` Մեծն Բրիտանիայի ճնշման ներքոյ, որոնց վերահսկողութեան տակ էր գտնւում Պոլիսը տուեալ ժամանակահատուածում: Ի դէպ, թուրք գիտնականների մէջ այս փաստարկն առաջին անգամ շահարկել է Թարըք Զաֆեր Թունայեան, որին կրկնել են Ֆերուտուն Աթան եւ միայն Եոզկատի դատավարութեանն անդրադարձած Նեժտեթ Պիլկին: Այնինչ հարկ է նշել, որ անկախ այն փաստից, որ տուեալ ժամանակաշրջանում Թուրքիան կախեալ է եղել մեծ տէրութիւնների կամքից, այս դատավարութիւնները կայացել են օսմանեան կառավարութեան եւ սուլթանի որոշման համաձայն, եւ դատաքննութիւնների փաստաթղթերը բացարձակապէս չեն կորցնում իրենց վաւերականութիւնը:

Վերոյիշեալ մենագրութեան մէջ Ֆերուտուն Աթան միտումնաւոր կերպով աչքաթող է անում այն փաստը, որ այս դատական գործերը յարուցուել են ոչ միայն հայերի տեղահանման (Թեհսիր), այլ նաեւ` զանգուածային կոտորածների (Թաքթիլ) մեղադրանքով: Բացի այդ` Ֆերուտուն Աթան այս դատաքննութիւններին է անդրադառնում միայն պաշտօնական պատմագրութեանը ձեռնտու դիտանկիւնից` աղճատելով բազմաթիւ փաստեր: Օրինակ` նա պնդում է, թէ իբր դատական նիստերում մեղադրեալների դէմ ուղղուած ցուցմունքներով հանդէս են եկել միայն ազգութեամբ հայ վկաները, որոնք ուղղորդուել են վրէժխնդրութեան զգացումով: Հարկ է նշել, որ նախքան Ֆերուտուն Աթան` նման պնդմամբ հանդէս էր եկել նաեւ թուրք յայտնի դիւանագէտ ու պատմաբան Պիլալ Շիմշիրը «Մալթայի աքսորեալները» վերնագրով իր աշխատութեան մէջ: Այնինչ, ինչպէս փաստեր բերելով` դա արձանագրել ենք նաեւ մեր մենագրութիւններում, Օսմանեան կայսրութեան տարբեր շրջանների հայերի տեղահանութեան եւ կոտորածների դատաքննութիւնների նիստերում հանդէս են եկել ոչ միայն հայ, այլեւ բազմաթիւ թուրք եւ այլազգի, անգամ` մինչեւ նախարարի եւ նահանգապետի մակարդակով մի շարք թուրք բարձրաստիճան պաշտօնեաներ: Թուրք եւ օտարազգի վկաների առատութեամբ յատկապէս աչքի է ընկել Տրապիզոնի հայերի տեղահանութեան եւ կոտորածների դատավարութիւնը:

Այս դատական վաւերագրերը բացառիկ արժէք են ձեռք բերում, երբ նկատի ենք առնում, որ դրանցից իւրաքանչիւրն ուսումնասիրուել է Օսմանեան կայսրութեան արդարադատութեան եւ ներքին գործերի նախարարութիւններին ենթակայ իրաւասու պաշտօնեաների կողմից, որոնք հաստատել են դրանց վաւերականութիւնը: Բացի այդ` շատ դէպքերում մեղադրեալներին ցոյց են տրուել փաստաթղթերի տակ դրուած սեփական ստորագրութիւնները, եւ նրանք ընդունել են, որ դրանք իրենց են պատկանում: Հէնց այս ընթացակարգի շնորհիւ էլ սոյն դատավարութիւններն անգնահատելի աղբիւր են ոչ միայն պատմագիտական, այլեւ` իրաւական տեսանկիւնից: Ուստի, Վահագն Տատրեանի դիպուկ բնորոշմամբ, «Ռազմական դատարանների փաստաթղթերի հաւաքականութիւնը ամենաուժեղ հակաթոյնն է թուրքական ժխտողականութեան դէմ»:

Նկատի ունենալով այդ անհերքելի փաստը` թուրք պատմաբանները եւ քաղաքական գործիչները դատավարութիւնների թեման չշրջանցեցին նաեւ Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցին: Այսպէս, 2015 թ. մարտին Պոլսում հրատարակուեց Ուլուչ Կիւրքանի «Հայկական կոտորածի մեղադրանքը. դատավարութիւն եւ դատավճիռ: Մալթա 1919-1921» վերնագրով գիրքը:

Հարկ է նշել, որ սոյն գրքի հեղինակ Ուլուչ Կիւրքանը, որպէս Անգարայից ընտրուած պատգամաւոր, 1991-2002 թուականներին պաշտօնավարել է Թուրքիայի ազգային մեծ ժողովում, նաեւ եղել ԹԱՄԺ-ի փոխնախագահը: Այդ ընթացքում եղել է նաեւ Եւրոպայի անվտանգութեան եւ համագործակցութեան կազմակերպութեան խորհրդարանական վեհաժողովում թուրքական պատուիրակութեան

փոխնախագահը: Լինելով քաղաքագէտ եւ քաղաքական գործիչ, այլ ոչ թէ պատմաբան, Կիւրքանը յիշեալ գիրքը գրել է` առաւելապէս ելնելով քաղաքական շահերից եւ դրդապատճառներից: Դրանով է պայմանաւորուած նաեւ այն հանգամանքը, որ այս գիրքը գիտական առումով, յամենայն դէպս, երիտթուրքերի դատավարութիւնների խնդրի տեսանկիւնից, որեւէ նորութիւն չի պարունակում, այլ միայն կրկնում է թուրքական պաշտօնական պատմագրութեան հիմնական թեզերը հայերի տեղահանութեան եւ կոտորածների դատական գործերի վերաբերեալ:

Այսպէս, օրինակ, Ուլուչ Կիւրքանը մենագրութեան մէջ ընդգծում է, թէ Եոզկատի դատավարութեան գլխաւոր մեղադրեալներից Պողազլըեանի գաւառապետ Քեմալ պէյը, ով, ի դէպ, այս դատավարութիւնների շարքում առաջին մահուան դատապարտեալը դարձաւ, հայերի տեղահանութեան ժամանակ սպանութիւնների տեղիք տալու մեղադրանքով դատուել էր դեռեւս 1915 թուականին` Եոզկատի վերաքննիչ դատարանում, որը նրան անմեղ էր ճանաչել եւ ազատ արձակել:

Դեռեւս Ցեղասպանութեան ընթացքում կայացած նման դատական գործերի խնդրին անդրադարձել են միջազգային ճանաչում ունեցող ցեղասպանագէտ, փրոֆեսէօր Վահագն Տատրեանը եւ Հայոց ցեղասպանութեան փաստն ընդունող թուրք պատմաբան, «Քլարք» համալսարանի «Ցեղասպանութիւնների հետազօտման կենտրոնի» փրոֆեսէօր Թաներ Աքչամը` իրենց համատեղ կազմած ու 2008 թ. Պոլսում հրատարակած «Տեղահանութիւն եւ կոտորածներ. Ռազմական արտակարգ ատեանի արձանագրութիւնները: Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութեան դատավարութիւնը 1919-1922 թթ.» վերնագրով արժէքաւոր ժողովածուում: Այս գրքի 203-221 էջերն ընդգրկող «1915-ի դէպքերը կազմակերպած եւ իրականացրած որոշ յանցագործների եւ մեղսակիցների հարցաքննութիւններն ու ճակատագրերը» վերնագրով գլխում Տատրեանը եւ Աքչամը փաստերով ժխտում են թուրքական պաշտօնական պատմագրութեան այն թեզը, ըստ որի, դեռեւս Ա. Աշխարհամարտի տարիներին հետաքննութիւն է սկսուել աքսորեալ հայերի սպանութիւնները կազմակերպած կամ դրանց մեղսակից դարձած պետական պաշտօնեաների դէմ, եւ նրանցից մի քանիսն անգամ դատապարտուել են մահապատժի: Ինչպէս նշում են հեղինակները, թէեւ Թուրքական պատմագիտական ընկերութեան նախկին նախագահ Եուսուֆ Հալաճօղլուն իր այդ պնդումն ապացուցելու նպատակով 12 տարբեր փաստաթղթեր է վկայակոչել, սակայն այդ բոլոր վաւերագրերի բովանդակութիւնների հետ ծանօթանալուց յետոյ համոզւում ենք, որ դրանցից ոչ մէկում որեւէ տեղեկութիւն չի հաղորդւում յանցագործութիւնների կապակցութեամբ հետաքննութիւն սկսելու վերաբերեալ: Ընդհակառակը, Հալաճօղլուի ներկայացրած այդ փաստաթղթերի համաձայն, նոյնիսկ նման որոշ պաշտօնեաներ հայերի կոտորածների համար արժանացել են պետութեան դրուատանքին:

Որպէս օրինակ է բերւում Ճեմալ փաշայի կողմից պաշտօնազրկուած մի գաւառապետ, որին պաշտօնում վերականգնել է Թալէաթ փաշան: Նոյն հարցի կապակցութեամբ հեղինակները կատարում են նաեւ մի հետաքրքիր դիտարկում. իրականում Հայոց ցեղասպանութեան տարիներին օսմանեան կառավարութեան կողմից պատժուել են միայն այն պաշտօնեաները, ովքեր փորձել են առանց կառավարութեան համաձայնութեան տիրանալ հայերի ունեցուածքին եւ նման քննիչ յանձնաժողովները հիմնուել են կողոպուտը վերահսկելու նպատակով:

Ուլուչ Կիւրքանը վերոյիշեալ գրքում փորձում է նաեւ պնդել, թէ իբր 1919 թ. դատավարութեան ժամանակ երիտթուրքական կուսակցութեան եւ կառավարութեան անդամները զրկուած են եղել դատապաշտպաններ վարձելու իրաւունքից: Մինչդեռ իթթիհատականները ոչ միայն ունեցել են դատապաշտպաններ, այլեւ նոյնիսկ նրանցից մի քանիսը միանգամից մի քանի փաստաբան է վարձել: Ի դէպ, հարկ է նշել, որ այդ իրաւունքից երիտթուրքերը զրկուել են ոչ թէ 1919 թ., այլ` 1926 թ. դատավարութեան ժամանակ:

Այսպիսով, ժամանակակից թուրքական պաշտօնական պատմագրութիւնը, գիտակցելով Հայոց ցեղասպանութեան փաստի հաստատման առումով 1919-1921 թթ. Պոլսի ռազմական արտակարգ ատեաններում հայերի տեղահանութեան եւ կոտորածների մեղադրանքով քննուած դատական գործերի մեծ նշանակութիւնը, ներկայում եւս շարունակում է երիտթուրքերի դատավարութիւնների որոշ հանգամանքները խեղաթիւրելու եւ փաստերն աղճատելու իր անհիմն փորձերը:

«Ակունք»





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+