Նախագահ Սերժ Սարգսեանի Ամանորի Շնորհաւորական Ուղերձը - Հայերէն
24 Aralık 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Քաղոց / Օր : Լուսնակ / Ժամ : Լուսափայլ

Հայերէն :

04 Ocak 2016  

Նախագահ Սերժ Սարգսեանի Ամանորի Շնորհաւորական Ուղերձը -

Նախագահ Սերժ Սարգսեանի Ամանորի Շնորհաւորական Ուղերձը Նախագահ Սերժ Սարգսեանի Ամանորի Շնորհաւորական Ուղերձը

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մի քանի րոպէից մենք հրաժեշտ կը տանք 2015 թուականին: Անցնող ամբողջ տարին իսկապէս յագեցած էր իրադարձութիւններով ու տպաւորութիւններով: Մենք ոգեկոչեցինք Մեծ եղեռնի զոհերի յիշատակը: Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի միջոցառումները համահայկական եւ համաշխարհային ընդգրկում ունեցան: Կարծում եմ, որ 2015 թուականը հայոց պատմութեան մէջ առաջին հերթին մնալու է մեր անմեղ զոհերի սրբադասման իրողութեամբ:

Այս տարի մենք բոլորս համայն հայութեան միասնականութեան բացառիկ դրսեւորումների վկան դարձանք: Համատեղ ջանքերով եւ արժանապատիւ կեցուածքով մենք մեր ուղերձը յղեցինք աշխարհին: Համոզուած եմ, որ գալիք տարում եւս հայկական բոլոր կառոյցները, անհատները եւ ողջ սփիւռքը շարունակելու են աշխատել ուս ուսի` յանուն Հայաստանի, յանուն Արցախի, յանուն հայութեան բոլոր հատուածների:

Այսօր աշխարհն ապրում է ծանր ու լարուած պայմաններում: Ցաւօք, 2015 թուականը ոչ միայն չբերեց լիցքաթափում եւ առկայ պատերազմների սառեցում, այլեւ որոշ դէպքերում մեծացաւ լարուածութիւնը, թէժացան պատերազմների օճախները: Աշխարհի տարբեր ծայրերում չնուազեցին անմեղ քաղաքացիների կեանքեր խլող անմարդկային ահաբեկչական գործողութիւնները: Ահա այս համապատկերում եւ այս համաթեքսթում Հայաստանն ապրեց եւս մի խաղաղ ու կայուն տարի: Մենք շարունակեցինք լինել աշխարհի ամենաապահով երկրներից մէկը: Շարունակեցինք շենացնել մեր երկիրը, կառուցել ճանապարհներ, տներ, դպրոցներ, հիւանդանոցներ` մտքում մշտապէս ունենալով աւելին անելու երազանքը:

Անցնող տարին մեր երկրի համար նշանաւորուեց եւս մէկ կարեւոր պետական-քաղաքական իրադարձութեամբ: Մենք բարեփոխեցինք Հայաստանի հիմնական օրէնքը` սահմանադրութիւնը: Համոզուած եմ, որ միասին դուռ բացեցինք քաղաքական ու տնտեսական զարգացման նոր հնարաւորութիւնների առջեւ: Դուռ բացեցինք աւելի ապահով, աւելի ազատ եւ աւելի ներդաշնակ երկիր ունենալու համար:

Աւանդաբար այս տօնական գիշերը մենք բաժակ ենք բարձրացնում մեր զինուորականների համար: Նրանք այն ամուր վահանն են, որի թիկունքում ապրում ենք մենք: Այն ամենաթանկը, ինչ ունենք, վստահուած է նրանց: Եւ նրանք ամենաթանկն են մեզ համար: Հակառակորդը նենգ է, եւ դա նորութիւն չէ: Իսկ Հայաստանի զինուած ուժերը ամուր են, ինչպէս միշտ: Հայոց բանակն այսօր իր յագեցուածութեամբ եւ մարտունակութեամբ բարձր է, ինչպէս երբեւէ:

Մաղթենք մեր զինուորականներին անփորձանք ծառայութիւն: Մաղթենք խաղաղութիւն մեր երկրին եւ ողջ աշխարհին:

Շուտով կը մտնենք 2016 թուական: Նոր տարում մենք պատրաստւում ենք նշել Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 25-րդ տարեդարձը: Արդէն քառորդ դար մենք ազատ ենք ու անկախ: Դժուար է յիշել, թէ վերջին անգամ ե՛րբ է մեր երկիրն ունեցել 25-ամեայ անկախութիւն: Սա ենթադրում է 20-25 տարեկանների նոր ու պայծառ մի սերունդ, որ չի պատկերացնում, թէ ի՛նչ է անկախ պետութիւն չունենալը. ազատ է ու անկաշկանդ թէ՛ հոգեբանօրէն, թէ՛ քաղաքականապէս:

Սա նոր ու երիտասարդ Հայաստան է, որ բաց է աշխարհի առաջ` ընդունելու նոր` առաջադիմական գաղափարներ, ընդունելու աշխատանքի եւ կենցաղի նոր մշակոյթ, որ ապրելու եւ ընթանալու է արդի աշխարհին համաքայլ: Մենք Նոր տարի ենք մտնում նոր քաղաքական համակարգով, նոր լիցքերով ու յոյսերով` համոզուած, որ մեր տունը մենք ենք կառուցում եւ կառուցում ենք ճիշդ հիմքերի վրայ: 25-ամեայ Հայաստանը դեռեւս մեր երազանքների Հայաստանը չէ, բայց պարտադիր եւ ամուր հանգրուան է այդ ճանապարհին:

Սիրելի՛ հայրենակիցներ,

մաղթում եմ ձեզ երջանկութիւն եւ ամենայն բարիք նոր` 2016 թուականին:

Շնորհաւոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+