12 Mayıs 2012
Երգչուհի Նունե Եսայանն այսօր երեկոյան Ստամբուլում կայանալիք համերգից առաջ թուրքական մամուլում խաղաղության եւ բարեկամության կոչով է հանդես եկել։
«Քաղաքական սահմանները փակ են, այո, բայց մեր սրտները բաց են։ Ես չեմ կարծում, որ երաժշտության համար սահմաններ գոյություն ունեն», - Hürriyet Daily News-ին ասել է երգչուհին։
Իր խոսքերով՝ համերգից առաջ երգչուհին լարված է եղել, քանի որ չգիտի, թե ինչպես կընդունեն Ստամբուլում համերգ տալու իր որոշումը, ինչպես Թուրքիայում, այնպես էլ հայրենիքում։
«Թուրքիայում իմ համերգը Հրանտ Դինքի ամենամեծ երազանքներից մեկն էր, եւ ես այստեղ եմ, որպեսզի իրականացնեմ այդ երազանքը», - թուրքական պարբերականի փոխանցմամբ, ասել է Նունե Եսայանը։
Երգչուհու խսքերով՝ երկու երկրներում նոր սերունդը ավելի քիչ է թշնամանք տածում մեկմեկու նկատմամբ, քան նախկինում։ «Հայերը շատ սպիներ ունեն Ցեղասպանության հետ կապված, բայց դա չի խանգարում մեզ ապագային նայել», - ասել է նա։
Նունե Եսայանը տեղեկացրել է նաեւ, որ մի քանի տարի առաջ հրեական համայնքի միջոցով առաջարկություն է ստացել համատեղ համերգ կազմակերպել թուրք հայտնի երգչուհի Գուլիա Ավշարի հետ, բայց հրաժարվել է։ «Ինչու՞ պետք է երկու հարեւան երկրների միջեւ միջնորդ լինի հրեական համայնքը։ Կարծում եմ, որ մեզ միջնորդներ պետք չեն», - պատճառաբանել է նա։
Եսայանի խոսքերով, թեեւ նրա արմատները Արեւմտյան Հայաստանից չեն, բայց մեծ ցանկություն ունի ազատ ժամանակ ունենալու դեպքում լինել «այդ տարածքներում»։