18 Mart 2012
«Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի մասին Թուրքիայում ֆիլմ կնկարահանվի: Ֆիլմի ռեժիսոր Հաքան Ալաքը պատմել է, որ ֆիլմի հիմքում մինչ սպանությունն ընկած ժամանակահատվածն է:
«Ֆիլմի սցենարի համար խորհրդատուներ չունենք, փորձում են անկախ ֆիլմ անել: Բոլորին լավ ծանոթ պատմություն է և մենք չենք ցանկանում քաղաքական որևէ կողմի տեսակետը ներկայացնել: Նախ ուսումնասիրել ենք դատավարության ընթացքն ու այդ մասին եղած հրապարակումները, ապա մեր հարցերն ենք առաջ քաշել ու մեր այս պատմությունը հայտնվեց», - ասել է նա:
Ինչպես տեղեկացնում է «Զաման»-ը, ֆիլմի նախապատրաստական աշխատանքները տևել են 2.5 տարի: Ֆիլմում Դինքի դերը որևէ մեկը չի խաղալու:
Հեղինակները ցանկացել են ավելի շատ կենտրոնանալ սպանության «ետին պլանի» վրա:
«Մենք փորձելու ենք մի լուսանկար պատմել: Երբ սկսեցինք մեր հետազոտությունները, դատավարությունը դեռ ընթացքի մեջ էր և մենք չգիտեինք, թե այն ինչ արդյունք կլինի: Իրականում ոչ մի արդյունք էլ չունեցավ», - ասել է նա: