04 Şubat 2012
Anonymous հաքերական խումբը հրապարակել է ամերիկյան ՀԴԲ-ի` Հետաքննությունների դաշնային բյուրոյի և բրիտանական Սքոթլանդ Յարդի միջև հեռախոսային կոնֆերանսների ձայնագրություն, հայտնում է BBC-ն:
Այդ կոնֆերանսի ժամանակ քննարկվել են կիբեռհանցավորության խնդիրներն ու հաքերների դեմ պայքարի քայլեր: Զավեշտալին այն է, որ այդ զրույցներում շոշափվել են նաև Anonymous-ի հաքերների անունները, նրանց ծրագրվող ձերբակալությունների ամսաթվերը, առկա ապացույների մասին մանրամասներ, որ կան ոստիկանության տրամադրության տակ:
Խումբը հրապարակել է նաև ՀԴԲ-ի ուղարկած նամակի պատճենը, որը ներառում է կոնֆերանսի մասնակիցների էլեկտրոնային հասցեները:
ՀԴԲ-ն արդեն հաստատել է այս փաստը և հայտարարել համապատասխան հետաքննության մասին:
Հաքերների հրապարակման համաձայն հեռախոսային կոնֆերանսը տևել է 17 րոպե, կայացել է հունվարի 17-ին: Առայժմ անհայտ է, թե հաքերներին կոնկրետ ինչպես է հաջողվել ձեռք բերել ձայնագրությունը:
Ավելի վաղ հաքերները հայտնել էին Հեղինակային իրավունքների պաշտպանության համաձայնագրի դեմ իրենց դժգոհությունը: Սա հավանաբար նրանց դժգոհության արտահայտման տարբերակ է:
Anonymous-ի հաքերները նաև հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ էին արել Թուրքիային, հակառակ դեպքում, սպառնալով գրոհել թուրքական կառավարական կայքերը: