18 Kasım 2011
«Ժամանակին քիչ էր խոսվում Հրանտ Դինքի մասին, հիմա, երբ նա չկա, հեշտ է ասել, որ նա մեր դրոշն է: Վահագն Չախալյանն այսօր մեզ համար Հրանտ Դինքն է: Այսօր մենք հարևան երկրում ունենք քաղբանտարկյալ, ով անգամ բանտում նստած գլխավորում է ջավախահայերի պայքարը` թույլ չտալով ոտնահարել իրենց ազգային արժանապատվությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սարդարապատ» նախաձեռնության անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը: Նրա խոսքով` վրացական իշխանությունները ջանում են Վահագն Չախալյանի հարցը ներկայացնել, իբրև ազգային փոքրամասնության հարց, բայց ջավախահայությունն ապրում է իր բնիկ տարածքում, և դա բոլորովին այլ հարթություն է:
Հիշեցնենք, որ ջավախահայ հասարակական-քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը ձերբակալվել է 2008 թվականի ամռանը: Նրան Վրաստանի իշխանությունները մեղադրել են իշխանության ներկայացուցչին դիմադրելու, զենքի և զինամթերքի ձեռքբերման և պահման, զանգվածային անկարգությունների կազմակերպման մեջ: Նա վրաց իշխանությունների կողմից դատապարտվել է 10 տարվա ազատազրկման և ներկայումս պահվում է Վրաստանի Ռուսթավի N6 խիստ ռեժիմի գաղութում:
«Վահագն Չախալյանի ձերբակալման համար Ջավախք մուտք գործեցին Վրաստանի Հատուկ ծառայությունից մի քանի զինված ջոկատներ: Երևանի լուռ աջակցությունն ակնհայտ էր»,- ասաց Խզմալյանը` հավելելով, որ իրենք մի քանի անգամ դիմել են արտգործնախարարությանը, սակայն վերջինս մերժել է այդ հարցով բոլոր հանդիպումների առաջարկները:
«Քաղաքական դաշտն այսօր Հայաստանում լճացած է, որևէ հարց լուծելու քաղաքական միջոցները` սպառված: Երկիրը ծանր հիվանդ է, և մենք պիտի նախաձեռնենք ու բուժենք մեր երկիրը, ոչ թե թողնենք քաղաքականությանը: Այդ պատճառով իմ կոչն ուղղում եմ քաղաքացիական հասարակությանը, հատկապես երիտասարդությանը, քանի որ վստահ եմ՝ Հայաստանի փրկությունը քաղաքացիական հասարակությունն է, ցանկացած դրական փոփոխություն հնարավոր է քաղաքացիական ակտիվության պայմաններում»,- ասաց կինոռեժիսորը` տեղեկացնելով, որ նոյեմբերի 21-ին, ժամը 15:00-ին Տիկնիկային թատրոնի դիմացի շենքում կկայանա միջոցառում` նվիրված ջավախահայության և Վահագն Չախալյանի խնդրին:
«Վահագն Չախալյանի խնդրով պետք է զբաղվեն ոչ միայն ջավախահայերը, դա սխալ մոտեցում է, դա համազգային խնդիր է: Իրականում Ջավախքը մեր հյուսիսային դարպասն է, մեր հնարավորությունների պատուհանը` դեպի Արևմուտք, ոչ թե գլխացավանք` Հայաստանի ու Վրաստանի իշխանությունների համար»,- նշեց Տիգրան Խզմալյանը:
http://tert.am/am/news/2011/11/18/tigranxzmalyan/